Ռուսական կողմը հրաժարվե՞լ էր «ArmHiTec-2021» ցուցահանդեսին մասնակցությունից. ո՞րն է պատճառը  

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է IDEX 2021 միջազգային ցուցահանդեսի հետ կապված ծառայողական քննության արդյունքները:

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:

Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում․ նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»»,- նշված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ստացվում է՝ պետական միջոցներից ծախսվել է մոտ 250.000 ԱՄՆ դոլար, սակայն կարևորագույն հարցերը թողնվել են մասնակից ընկերությունների վրա: Երկրորդ՝ հստակ չէ, թե բեռնափոխադրման հարցում ԲՏԱ նախարարությունը կոնկրետ ինչով պիտի աջակցեր: Եվ, որ ամենակարևորն է՝ ծառայողական քննության արդյունքներում ոչ մի խոսք չկա ռազմական տեխնիկայի ցուցանմուշների տեղափոխման մասին, դրանց ճակատագրի, որոնք, ինչպես վստահեցնում էին, Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չէին հասել Աբու Դաբի, և մինչև հիմա  Հայաստանում չեն, այլ շարունակում է մնալ Մոսկվայում, քանի որ հայկական ռազմական նշանակության ապրանքը տրանզիտային պատշաճ փաստաթղթեր չի ունեցել, և կարելի է ասել՝ մաքսանենգ ապրանքի կարգավիճակում է:

Նշենք, որ 2019-ին նման խնդիրներ չեն առաջացել: IDEX-2019-ին, երբ Ռազմարդյունաբերական կոմիտեն դեռ ՊՆ ենթակայության ներքո էր, Հայաստանը բավականին պատշաճ էր ներկայացել, մասնավորապես, առաջին անգամ ցուցադրվել էր հայկական արտադրության MJ-25 ռադիոլոկացիոն կայանը: Այն նկատում է աննկատ թիրախները՝ անօդաչու թռչող սարքերը, ստելս տեխնոլոգիաներով հագեցած միջոցները:

Ի դեպ, այն ժամանակ վճարել են ընկերությունները, կազմակերպչական գործառույթն իրականացրել է Ռազմարդյունաբերական կոմիտեն:

Ինչ վերաբերում է Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներին, ըստ մեր աղբյուրի, եթե անգամ ռուսական կողմը հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները բաց թողնի, ապա դրանք պիտի ուղարկեն Էմիրաթներ՝ հասցեատիրոջը: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ եթե ՌԴ-ի հետ լինեին բավարար նորմալ հարաբերություններ, Ռուսաստանը ցուցանմուշները հետ ուղարկեր Հայաստան:

Բայց ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն:

Մարտի 6-ին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ներկայացվում է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Այն նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար, անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։

168.am-ի հավաստի տեղեկություններով, ռուսական կողմի զայրույթի տեղիք է տվել այն փաստը, որ տեղական պատճենահանվածն իրենց արտադրանքի նույն անունով է ներկայացվել:

Այս մասին նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում անդրադարձ կա, որտեղ Հակոբ Արշակյանին և նրա ղեկավարած գերատեսչությանը հեգնում են, թե՝ «սովորել են գեղեցիկ պրեզենտացիաներ «նկարել»»:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ մարտի 6-ին տարածած այս տեսանյութին կից Հակոբ Արշակյանը հրավեր չի անում մարտի 25-27-ը Երևանում հայտարարված Սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսին, որն այդ ժամանակ դեռ հետաձգված չէր, մինչդեռ մարտի 3-ին, երբ ներկայացնում էր հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը, նման հրավեր կար՝ «ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»:

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՌԴ-ն հրաժարվել է այս ցուցահանդեսին իր մասնակցությունից:

Ավելի ուշ «ArmHiTec-2021» ցուցահանդեսի կայքից տեղեկացանք, որ այն հետաձգվում է և կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման որոշում էր կայացրել՝ Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներով պայմանավորված:

Այս պատճառաբանությունը, իհարկե, զավեշտալի է վերևում նշված փաստերի առկայության դեպքում:

Հարկ է նշել նաև, որ «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի անցկացման որոշումը կայացվել է վարչապետի մակարդակով, ըստ այդմ՝ չեղարկման որոշումն էլ պիտի կայացվեր այս մակարդակով:

Այսինքն, գործ ունենք, ըստ էության, լիազորությունների գերազանցման և իրավական կամայականության հետ, եթե չասենք՝ փնթիության:

Հ.Գ. Երբ հոդվածը պատրաստ էր հրապարակման, պարզվեց, որ այսօր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի աշխատանքային վերջին օրն է, ինչի մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:

Տեսանյութեր

Լրահոս