Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները՝ մաքսանենգ ապրանքի կարգավիճակո՞ւմ
168.am-ը գրել էր, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները դեռ չեն հասել Հայաստան, այդ ուղղությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռ աշխատանքներ է տանում:
Դրանք մնացել են Մոսկվայում և չեն տեղափոխվել Աբու Դաբի՝ ներկայացվելու փետրվարի 21-25-ը IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
168.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ հայկական ռազմական նշանակության ապրանքը տրանզիտային պատշաճ փաստաթղթեր չի ունեցել, և կարելի է ասել՝ մաքսանենգ ապրանքի կարգավիճակում է: Ըստ այդմ՝ դրանց հետ բերելը բարդ է, և ըստ մեր աղբյուրի, եթե անգամ ռուսական կողմը հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները բաց թողնի, ապա դրանք պիտի ուղարկեն Էմիրաթներ՝ հասցեատիրոջը: Մյուս կողմից, չի բացառվում՝ եթե ՌԴ-ի հետ լինեին բավարար նորմալ հարաբերություններ, հնարավոր է, որ Ռուսաստանը ցուցանմուշները հետ ուղարկեր Հայաստան:
Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր, որ «հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներն Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով, և, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»։
Իսկ մոտ տասն օր առաջ ԲՏԱ նախարարությունից 168.am-ին տեղեկացրել էին՝ «նախարարի հրաման կա, որ մեկ ամսվա ընթացքում ամեն ինչը պետք է պարզվի»:
Այսօր ԲՏԱ նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանը մեզ հայտնեց, որ առաջիկա շաբաթվա սկզբին կհրապարակեն ծառայողական քննության արդյունքները:
Հավելենք, որ մեկ տարով հետաձգվել էր մարտի 25-27-ը Երևանում նախապես հայտարարված Սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսը:
Այն կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման որոշում էր կայացրել՝ Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներով պայմանավորված:
Այս պատճառաբանությունը, իհարկե, մի քիչ զավեշտալի է, երբ ունենք ռազմական տեխնիկայի ցուցանմուշների Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրներ, որոնք, ինչպես տեսնում ենք, դեռ չեն լուծվել:
Երկրորդ՝ մարտի 25-27-ը Երևանում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, բացվել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի դեպքում, չգիտես՝ ինչու, համաճարակային իրավիճակը խոչընդոտ չի հանդիսացել: