Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները մնացել են Մոսկվայո՞ւմ

Փետրվարի 21-25-ը Հայաստանը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ միասնական տաղավարով, որտեղ 14 հայկական ընկերություններ կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։

Սակայն, ինչպես պարզվեց` ՀՀ-ի մասնակցությունը, մեղմ ասած, բավականին տխուր է ստացվել, եթե չասենք՝ ամոթալի. ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ հայկական տաղավարում միայն բուկլետներ են:

Ավելի ուշ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանեց, թե հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով, և, որ  տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Պարզաբանման մեջ նշվում է՝ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որ սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

168.am-ը փորձեց ԲՏԱ նախարարությունից պարզել՝ ուր են տեղափոխվել ցուցանմուշները, որտեղ են դրանք հիմա, ինչին ի պատասխան՝ գերատեսչությունից ասացին, որ հաղորդագրությանն ավելացնելու բան չունեն այս պահին:

168.am-ի տեղեկություններով՝ հայկական ռազմական տեխնիկայի  ցուցանմուշները ներկա դրությամբ Մոսկվայում են:

Իսկ թե որոնք են IDEX-2021-ին մասնակցող 14 հայկական ընկերությունները, ԲՏԱ նախարարությունից տվեցին միայն դրանցից հետևյալ ընկերությունների անունները՝ ««Պրայդ Ավիոնիկս», «Էլեկտրոն», «Արագած»:

Մեր տեղեկություններով՝ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են  նաև «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ-ն, «UAVLAB» ընկերությունը, «Արսենալ» ռազմարդյունաբերական գործարանը:

Տեսանյութեր

Լրահոս