Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթևերն ընկել են
Փարիզի նշանավոր Moulin Rouge կաբարեի կարմիր հողմաղացի անվաթևերը լույս ապրիլի 25-ի գիշերը ժամը 02:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում պոկվել և ընկել են մայթի վրա: Այս մասին հաղորդում է BFM TV-ն:
Հրշեջների տվյալներով` ոչ ոք չի տուժել։
Ոստիկանների նախնական վարկածով՝ անվաթևերն ընկել են եղանակային պայմանների պատճառով՝ զուգորդված հնարավոր մաշվածությամբ։
Անվաթևերի ընկնելու հետ միասին պոկվել են նաև կաբարեի ցուցանակի առաջին երեք MOU տառերը: Բեկորները հեռացվել են առավոտյան մոտավորապես ժամը 8-ին: Փլուզման վայրը շղթայվել է։
Moulin Rouge-ի ղեկավարությունը հավաստիացրել է, որ կոնստրուկցիայի ամրությունն ստուգվել է ամեն շաբաթ, և հավելել, որ իրենք դեռ չեն կարող բացատրել այս միջադեպը։ Փլուզումը տեղի է ունեցել շոուի ավարտից հետո. այդ պահին շենքում եղել են միայն անվտանգության աշխատակիցները։
Ավելի ուշ կաբարեի գլխավոր տնօրեն Ժան Վիկտոր Կլերիկոն հայտարարել է, որ լիովին բացառում է դիվերսիան և հակված է կարծելու, որ անվաթևերն ընկել են տեխնիկական խնդիրների պատճառով։ Նա հայտնել է, որ շենքը շուրջօրյա տեսահսկվում է, և ոչ ոք չի նկատել կողմնակի անձանց, այդ թվում՝ տանիքում։ Նա նաև հայտնել է, որ ապրիլի 25-ի երեկոյան ներկայացումը չի չեղարկվում։
1889 թվականին ստեղծված կաբարեի ողջ պատմության ընթացքում նման պատահարներ չեն եղել։ Միակ բացառությունը 1915 թվականի հրդեհն է, որը տեղի է ունեցել վերանորոգման ժամանակ: