Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի կանգնի. Արմեն Մանվելյան

109 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, հայերի զանգվածային մորթի կազմակերպման մեջ մեծ է եղել նաև հայ անուն-ազգանունով մարդկանց դերը. այն հայերի, որոնք ընկնում էին հայկական գյուղեր ու քաղաքներ, գյուղացիներին հանգստացնում, թե թուրք ոստիկանները ժամանակավորապես բոլոր հայերին հեռացնելու են անվտանգ վայրեր, ուստի պետք չէ թուրքերին դիմադրել։ 109 տարի առաջ հայկական անուն-ազգանուն ունեցող մարդիկ մտնում էին հայկական գյուղեր ու հայերին կոչ անում չդիմադրել, ուստի, եթե փորձենք զուգահեռներ անցկացնել այսօր տեղի ունեցողի հետ, ապա կտեսնենք՝ հայկական անուն-ազգանուն ունեցող այսօրվա հայ կոչվածները համոզում են չդիմադրել, հետևապես՝ մաս են դառնում հայոց նոր ցեղասպանության նախապատրաստման գործընթացին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց պատմաբան, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ ընդգծելով.

«109 տարի առաջ կային հայեր, որոնք ասում էին, թե հայի թշնամին ոչ թե թուրքն է, այլ այն ֆիդային, որը կռվում է սարերում։ Հիմա տեղի է ունենում ճիշտ նույնը. այս իշխանությունը նույն բանն է ասում՝ քայլ առ քայլ հայերին տանելով մորթվելու»։

Կարդացեք նաև

Ըստ Մանվելյանի՝ հիմա հայի դիմադրության ոգին կոտրելու և հանձնվելու քարոզ է տանում ՀՀ իշխանությունը Տավուշում՝ հանձնելով Տավուշն անառիկ պահող դիրքերն Ադրբեջանին։

«Այն, ինչ կատարվում է այս օրերին Տավուշում, սարսափելի է՝ բոլոր ուժայինները կողմ են, որ դիրքերը հանձնվեն, իսկ անզեն քաղաքացիները, անզեն եկեղեցին պայքարում են երկրի տարածքային ամբողջականության համար։ Այդ մարդիկ այլևս չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը. նրանք ծառայում են այս ռեժիմին»,- ասաց Մանվելյանը՝ ընդգծելով, որ չնայած այս ամենին՝ ողջ հայ ժողովուրդը պետք է համախմբվի և պայքարի՝ առանց մի վայրկյան հոգնելու, գիտակցելով, որ այս քաղաքական ռեժիմը երբեք չի կանգնի ու կգնա մինչև վերջ։

«Փաշինյանը՝ այս քաղաքական ռեժիմի պարագլուխը, նման է մահապարտ ահաբեկչի. կգնա մինչև վերջ, կանգ չի առնի, որովհետև կորցնելու ոչինչ չունի։ Նա կնախընտրի պայթեցնել, բայց հետ չկանգնել, հետևապես՝ պետք է այս իշխանության դեմ առանց դադարի, անհոգնել պայքարել։ Ակնհայտ է՝ եթե նա կորցնի իր իշխանությունը, կկորցնի ամեն ինչ, որովհետև եթե հայրենավաճառության գործարքը մինչև վերջ չանի, Արևմուտքը նրան երաշխիք չի տա, տեղ անգամ չի տա. գործարքը կիսատ թողնելու դեպքում Արևմուտքի հետ կունենա խնդիրներ»,- եզրափակեց միջազգայնագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս