Ռազմական ծախսերի աննախադեպ աճ՝ 2023 թվականին. SIPRI-ի զեկույցը

Ռազմական ծախսերը 2023 թվականին աննախադեպ աճ են գրանցել աշխարհում, Ռուսաստանում հասել են ամենաբարձր աստիճանի ԽՍՀՄ փլուզումից ի վեր, իսկ Ուկրաինայում գրանցվել է ՀՆԱ-ի համեմատ ռազմական ծախսերի ամենամեծ աճն ամբողջ աշխարհում: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) վերջին զեկույցում։

Վերլուծության հեղինակները նշում են, որ 2009 թվականից ի վեր առաջին անգամ ռազմական ծախսերը 2023 թվականին մինչև 6.8 տոկոս աճել են SIPRI-ի կողմից սահմանված բոլոր հինգ աշխարհագրական տարածաշրջաններում և կազմել են 2 տրիլիոն 440 միլիարդ դոլար։ Առավել շատ սպառազինության վրա ծախսերն իրականացվել են Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում և Մերձավոր Արևելքում։

Անցյալ տարի զենքի վրա Ռուսաստանի ծախսերն ավելացել են 24 տոկոսով և կազմել են 109 միլիարդ դոլար, ինչը 57 տոկոսով գերազանցում է Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման տարվա՝ 2014-ի ցուցանիշը:

2023-ին Ռուսաստանի պաշտպանական ծախսերը կազմել են դաշնային բյուջեի ծախսերի 16 տոկոսը, դա ՀՆԱ-ի 5.6 տոկոսն է: Այսպիսով, ըստ SIPRI-ի մասնագետների, Ռուսաստանի ռազմական ծախսերը գերազանցել են Խորհրդային Միության փլուզումից հետո գրանցված մակարդակը:

Զեկույցում ասվում է, որ 2022 թվականին Ուկրաինա կատարած լայնածավալ ռազմական ներխուժումից հետո Ռուսաստանը սկսել է անթափանցիկության պայմաններում բանակին տրամադրել գումարներ նաև արտաբյուջետային այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են ձեռնարկությունները, գործարանները և տարբեր կազմակերպություններ։

Ներկայումս Ռուսաստանը ռազմական ծախսերի առումով աշխարհում գրավում է երրորդ տեղը և զիջում է միայն ԱՄՆ-ին, որն այդ բնագավառին տրամադրում է 916 միլիարդ դոլար, և Չինաստանին, որը բանակին տրամադրում է 296 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս