Հայաստանի մասնատումն Իրանը թույլ չի տալու. Ահմադ Քազեմի
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հովանավորությամբ երեսուն տարի շարունակ աշխատել է այն ուղղությամբ, որ Հարավային Կովկասից հեռացնի ռուսական ռազմական ներկայությունը, ուստի վերջերս ռուսական ռազմական ներկայության Արցախից հեռանալու մասին որոշումը հենց այդ աշխատանքի հետևանքն է։
Ռուսական խաղաղապահ առաքելության հեռացումն Արցախից ցույց է տալիս նաև, որ չեղարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ի դեպ, նաև ռուսների կրկնվող սխալների հետևանքով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախից ռուս խաղաղապահների հեռացման, դրանից հետո տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման, Սյունիքով միջանցք բացելու ռիսկերի մասին, նման տեսակետ հայտնեց Իրանի Ազատ համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղի պրոֆեսոր Ահմադ Քազեմին։
«Ադրբեջանն ու Թուրքիան չունեն որևէ իրավական հիմնավորում նման միջանցք պահանջելու համար։ Իրանում մենք այդ միջանցքի վերաբերյալ ասում ենք, որ դա խարդավանք է, որի նպատակն է Հայաստանից տարածքներ պոկելը։ Եթե Ադրբեջանն ուզում է Նախիջևանի հետ կապ ունենալ, Իրանն այդ խնդիրը լուծել է՝ նրանց տալով ճանապարհ Արաքս գետի ափով, հետևաբար, երբ Ադրբեջանն ու Թուրքիան Անգլիայի և ՆԱՏՕ-ի հովանավորությամբ ձգտում են Սյունիքով միջանցք բացել, մենք դրան դեմ եք և պնդում ենք՝ դա լինելու է թուրանական միջանցք, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի ապագայի, այլ նաև Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար»,- ասաց դոկտոր Քազեմին։
Նրա խոսքով՝ Իրանի համար, ինչպես արդեն ասվել է Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից, տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությունն անընդունելի է, ավելին՝ Իրանի հոգևոր առաջնորդը սահմանների անփոփոխելիության անհրաժեշտության մասին անձամբ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Թուրքիայի նախագահ Էրդողանին։
«Իրանն իր գործողություններով ապացուցել է՝ պահպանելու է իր կարմիր գծերը։ Թուրքիան և Ադրբեջանը գիտեն, որ ուժով չեն կարող Հայաստանից միջացք ստանալ, քանի որ կարժանանան Իրանի դիմադրությանը, ուստի փորձում են Հայաստանի այսօրվա իշխանություններից՝ Փաշինյանից ստանալ այդ միջանցքն ունենալու իրավունքը՝ քաղաքական ճանապարհով, մինչդեռ պետք է իմանան, որ ցանկացած ռազմական գործողություն կամ քաղաքական պայմանավորվածություն հայ-իրանական սահմանի փոփոխության վերաբերյալ կարժանանա Իրանի հակազդեցությանը»,- ասաց պրոֆեսորն՝ ընդգծելով, որ Իրանը թույլ չի տալու անգլիական պրոյեկտ՝ թուրանական ծրագրի իրագործումը, և թերևս այդ նպատակով էր, որ Իրանը Հայաստանին առաջարկել է ռազմական, զինված ուժերի մակարդակով օգնություն։
«Պետք է իմանալ, որ Հայաստանի հենվելն ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա՝ չի՛ կարող Հայաստանի համար խաղաղություն և անվտանգություն բերել. Վրաստանի և Ուկրաինայի փորձառությունն արդեն տեսնում ենք, չէ՞ որ այդ երկրները ևս հենվեցին ՆԱՏՕ-ի վրա, իսկ հիմա չունեն տարածքային ամբողջականություն»,- ասաց Ահմադ Քազեմին՝ ընդգծելով՝ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը Հարավային Կովկասում հետապնդում են երկու նպատակ՝ Ռուսաստանի ազդեցության չեզոքացում և Իրանի ոչնչացում, որպեսզի բոլոր տրանսպորտային կապերը լինեն թուրքական ազդեցության տիրույթում. թյուրքական պետությունների կազմակերպությունը հենց այդ ծրագիրն է հետապնդում Հարավային Կովկասում։
«Գերագույն նպատակ է հռչակված Հարավային Կովկասում ունենալ անգլոսաքսոնական կառուցվածք՝ ընդդեմ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի. դա է պատճառը, որ նրանց համար որևէ նշանակություն չունեցավ 120 հազար հայի էթնիկ զտումն Արցախից, իրենց համար որևէ նշանակություն չի ունենալու նաև Հայաստանի մասնատումը,- ասաց Քազեմին՝ եզրափակելով,- Իրանը թույլ չի տա Հայաստանի մասնատում»։
Մանրամասները՝ տեսանյութում.