Առաջին հանդիպումն է, դեռևս տեղյակ չեմ, թե ինչպես ենք պլանավորելու աշխատանքները. Բերքաբերի ղեկավարը՝ աշխատանքային խմբի մասին

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավար է  նշանակվել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, խմբում ներառված են Իջևանի և Նոյեմբերյանի ղեկավարները, Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի, Բերքաբերի վարչական ղեկավարները և յուրաքանչյուր գյուղից մեկ բնակիչ։

Հանձնաժողովի ստեղծմանը զուգահեռ՝ Տավուշում չեն դադարում բողոքի ակցիաները՝ սահմանամերձ գյուղերի բնակչության մասնակցությամբ։ Այս պահին բողոքի ակցիան Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում է, որտեղ իրականացվում են ականազերծման աշխատանքներ, որպեսզի տարածքը հանձնվի Ադրբեջանին։

Բնակիչները փորձում են կանխել իշխանությունների այդ գործողությունները, սակայն այնտեղ ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս առաջ գնալ։

Կարդացեք նաև

168.am Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացնելու ստեղծված խումբը, ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել է գործընթացը սկսելու և Տավուշից տարածքներ զիջելու վերաբերյալ փաստաթուղթ, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, իրատեսակա՞ն է, որ որևէ բան կփոխի։

Սակայն նշված հարցերից որևէ մեկին Բերքաբերի ղեկավարը չպատասխանեց.

«Հարցերին չեմ կարող պատասխանել։ Թե ինչպես ենք պլանավորում աշխատանքները, առաջին հանդիպումն է, դեռևս տեղյակ չեմ։ Ղեկին եմ, միայն առաջին հանդիպումից հետո կարող եմ որոշակի բաներ ասել»։

Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ  Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ստորագրություններով հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հաստատել են, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է հաստատվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը։

«Մենք սա շատ կարևոր ձեռքբերում ենք համարում։ Ուզում եմ նաև արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության զարգացման հաջորդ փուլի համար։ Սա անկյունաքար է, որի շուրջ մենք պետք է կարողանանք այդ կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որը մենք ունենք նախ՝ Բաղանիս, Ոսկեպար և Կիրանց հատվածում, ընդհանրապես ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով։ Եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք հիմա այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման համար, ինչը նշանակում է՝ բոլոր վիճահարույց հարցերը, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նստել ու բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս