«Հնարավոր ա՝ 1, 2, 3, 4 տների հետ կապված խնդիրներ ունենանք, բայց 29.743 քառ. կմ-ն մնալու ա». Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ, որ մենք գնահատենք տեղի ունեցածը, չէի ուզենա գերագնահատել, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ Իհարկե, ուզում եմ ընդգծել այդ ձեռքբերումն Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է Հայաստանի համար»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրություններին, ըստ որի՝ Հայաստանի Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։

Մանրամասնելով «ձեռքբերումը»՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ըստ էության Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ստորագրություններով հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հաստատել են, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է հաստատվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը։

Նրա բնորոշմամբ՝ սա կարևոր նրբություն է, քանի որ 1988-1990 թվականներին տարբեր շարժեր են եղել, հետևաբար՝ ներկայիս քննարկումների ու բանավեճերի առանցքային հարցն այն է, թե ինչպես ձևակերպել, որ նկատի առնվի Խորհրդային Միության ժամանակ դե յուրե սահմանների վերարտադրման փաստը։

«Մենք սա շատ կարևոր ձեռքբերում ենք համարում։ Ուզում եմ նաև արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության զարգացման հաջորդ փուլի համար։ Սա անկյունաքար է, որի շուրջ մենք պետք է կարողանանք այդ կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որը մենք ունենք նախ՝ Բաղանիս, Ոսկեպար և Կիրանց հատվածում, ընդհանրապես ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով։ Եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք հիմա այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման համար, ինչը նշանակում է, որ բոլոր վիճահարույց հարցերն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նստել ու բանակցությունների սեղանի շուրջ լուծել։

Կարդացեք նաև

Ոսկեպարում, ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ, այսինքն՝ ես մեր ոսկեպարցիներին խնդրեցի ու ասացի՝ եթե այդպես թուղթ ստորագրվի, գալու են ասեն՝ սա այն չի, սա ուրիշ բան է՝ ուրիշ բան ասեցին, ուրիշ բան արեցին։ Դահլիճի ներսում իրենց ասացի՝ խնդրում եմ չհավատաք, որովհետև այն, ինչ պայմանավորվել ենք, ամեն ինչ հենց այդպես է։ Նույնը վերաբերում է նաև Կիրանցին, որի հետ կապված երևի մեր խոսակցությունների ժամանակ մենք շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել։

Բայց ուզում եմ ասել, որ Ոսկեպարում ու Կիրանցում… նու Բերքաբերում նման խնդրի ծագումը բացառված էր, դրա համար այդ թեմայով այնտեղ չենք խոսել։ Ես ասել եմ, որ եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար, մենք բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք։ Մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև նա «բացատրեց», թե ինչ է սահմանազատումը՝ ասելով, որ «մեծ քարտեզներից գալիս-գալիս, կանգնում են հողի վրա»։ Ըստ նրա՝ նույնիսկ ամենավերջին աշխատանքային քարտեզն ունի շեղումներ։ Այսինքն, ըստ Փաշինյանի՝ այն քարտեզները, որոնք օգտագործվում են դելիմիտացիայի համար, երբ դառնում են նկարագրություն՝ որոշակի շեղումներ են ունենում։

«Եթե հիմա մեզ հաջողվի սա պահել աշխատանքային մակարդակում և հարցը չդարձնել քաղաքական օրակարգի մաս… ի դեպ, ուզում եմ ասել, որ այն նույն խնդիրները, որոնք ծագում են մեզ համար, այն նույն խնդիրները հնարավոր է տեղ-տեղ ծագեն նաև Ադրբեջանի համար։ Այստեղ ի՞նչն է խնդիրը, որ ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, իսկ մեր գյուղերում ապրում են։ Այստեղ այս տարբերությունը կա, Խորհրդային Միության ժամանակ Ոսկեպարը և Ասկիպար գյուղերն ըստ էության իրար մեջ են եղել։ Նույնը Կիրանցը և Խեյրիմլի գյուղը իրար շատ մոտ են եղել։ Նկատի ունեմ, որ բոլոր հարցերը կլուծվեն և բոլոր հարցերը լուծելի են։ Ինձ մարդիկ ասել են՝ հա, մեր տունը ՀՀ սահմանին է, բայց եթե մտավախություն ունենա՞նք, ասել եմ՝ եթե մտավախություն ունենաք, մենք ձեր մտավախությունն էլ կլսենք։ Ասել եմ՝ կարող է այնպիսի տարբերակներ լինի, եթե դուք ցանկանաք, ներքևի թաղի փոխարեն՝ ձեզ առաջարկենք…»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս