
Պատմական փաստեր՝ Խերումյանների մելիքական տոհմի ու նրանց հիմնած Խերումլի հայկական բնակավայրի մասին

2024 թվականի գարնանը Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզի Կիրանց գյուղում սկսեցին սահմանազատման գործընթաց: Գործընթացի հետևանքով Հայաստանի Հանրապետությունից տարածքներ տրվեցին Ադրբեջանին: Այդ տարածքներից մեկը Կիրանց գյուղին կից գտնվող հին հայկական բնակավայրն էր՝ Խերումլի անվամբ:
Պատմական փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ադրբեջանին զիջեցին, նվիրեցին պատմական հայկական բնակավայր, Հայաստանի սուվերեն տարածքից կարևոր հատված, ինչի արդյունքում այժմ Կիրանց գյուղը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ:
Մեծ Հայքի Արցախ նահանգի ամենահայտնի գավառներից էր Մեծ Կուանքը, որի կենտրոնը եղել է Հին Կունեն խոշոր բնակավայրը: Բնակավայրի սկզբնավորման դարաշրջանը նշվում է մոտավորապես 4-րդ դար: 1968 թվականից մինչ օրս բնակավայրն ունի Կիրանց անվանումը: Հին Կունենի տարածքում է եղել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1675 թվականին: Եկեղեցու մուտքի վրա արված արձանագրությունում նշված է Խերումյան տոհմի մասին:
Պատմական այս փաստը թույլ է տալիս ուղիղ զուգահեռ տանել Կիրանցին կից գտնվող Խերումլի բնակավայրի անվան հետ: Խերումյան տոհմի մասին կան պատմական փաստեր, որտեղ նշվում է տոհմի սկզբնավորման, ինչպես նաև տարածման մասին.
«Սակայն նյութական փաստերը խոսում են այն մասին, որ ԽԵՐՈՒՄՅԱՆ մելիքական տոհմը հին ծագում ունի, գուցեև Բագրատունիների կամ Զաքարյանների շառավիղն է եղել: Այդ է վկայում գերեզմանոցի կենտրոնում հայոց ՌԺԹ (1570) թվականին մահացած ՄԵԼԻՔ ԱՂԱՅԻ ճոխ հարթաքանդակներով զարդարված օրորոցաձև տապանաքարը:…. Պատկերների կենտրոնում չորս տարբեր հասակի տղամարդիկ են, հավանաբար Մելիք Աղայի որդիները, որոնք շարունակել են Խերումյան մելիքական տոհմը: Հավանաբար Մելիք Շահնազարը եղել է նրանցից մեկը, որոնց 17-րդ դարի սկզբին պարսից ահեղ Շահ-Աբաս Աոաջինը, ըստ պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության, մելիք անունով վերակացուներ է կարգել գավառների հայերի վրա, որպեսզի «ուրիշ երկրից եկվոր և հավաքածու» մարդկանց քշեն Պարսկաստանի խորքը»: (Ռուբեն Սիմոնյան, «Եղել է նաև Խերումյան մելիքական տոհմ», Էջմիածին, 1998, էջ 79):
Կիրանցի և հարակից մասերում տարածված Խերումյանների մասին պատմական փաստերը հստակ ցույց են տալիս, որ մելիքական տոհմը մեծ իշխանություն է ունեցել տարածքում, և տոհմի անվան հետ է կապված Խերումլի հայկական բնակավայրը: Բնակավայրի անվան մասին հստակություն դեռևս չկա, սակայն կա ևս մեկ պատմական փաստ այն մասին, որ բնակավայրը հայկական է, այն հիմնել են Խերումյան տոհմի ներկայացուցիչները, և 19-րդ դարավերջում անգամ այնտեղ ապրել են հայեր:
1888 թվականին Թիֆլիսի «Արձագանք» թերթի թղթակիցներից մեկն այցելում է Կիրանցի և Խերումլիի տարածք: Հոդվածում նա մանրամասն նշում է Սուրբ Աստվածածին եկեղեցու արձանագրության, ինչպես նաև Խերումլիում ապրող հայերի և բնակավայրի մասին.
«Սուրբ Աստուածածին եկեղեցին Կունէն գիւղից ½ վ. հեռու է Կերանց գետակի ձախ ափի վերայ. մատռաձև եկեղեցին թաղակապ է, բայց հասարակ քարաշէն. և ունի երկու խորաններ: Եկեղեցւոյ դրան արտաքին ճակատի արձանագրութիւնը. «Թվին ՌՃԻԴ. Ես Մելիք Շահնազարս որդի Մելիք Ասլամազին, ասկէն Խէրումեան ամուսին իմ Ղանզատէն շինեցինք սուրբ Աստուածածինս, ձեռամբ Յակովբին»: Եկեղեցւոյ շուրջը կան հին գերեզմաններ և խաչքարեր, որոնցից մէկի կողքին գրուած է «Ի թվիս Հայոց ՉԻԶ և յիշխանութեան Աթապակ և Ամիր Սպասալար Սադունին ես Յոհան անարժան քահանայ կանգնեցի զխաչս ի վերայ հանգստարանի ամուսնոյ իմոյ Սաղունին և բարեխաւս ինձ և ծնողաց իմոց Սարգսին և Մաթունին, որք երկրպագէնք զմեզ յաղաւթս յիշեցէք»: («Արձագանք», Թիֆլիս, 1888, N 10, էջ 134):
Հոդվածագիրը բնակավայրի անունը նշում է Խերումլի, ինչպես նաև հավելում, որ գյուղում ապրողները հայեր են, ովքեր բռնի կերպով ընդունել են մահմեդականություն:
«Խէրումեան տոհմից կան Կունէն գիւղում և Տփխիսում, կան և Կունէնի մօտիկ Խէրումլի գիւղում, որոնք մահմետականութիւն են ընդունել, բայց խոստովանում են իրենց հայ ծագումը»: (Նույն տեղում՝ էջ 134):
Խորհրդային շրջանում Խերումլիում եկել և հաստատվել են քոչվորները, ովքեր կարճ ժամանակում արագ բազմանալով հայկական տարածքում, զբաղվել են անասնապահությամբ, կառուցել են գոմեր և խրճիթներ: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական հողում ապրող ադրբեջանցիները Կիրանց գյուղի վրա կրակ բացել են հենց Խերումլիի տարածքից: 1992 թվականի մարտ ամսին Կիրանցի հայկական ուժերը լռեցրել են թշնամուն և դուրս շպրտել հայկական տարածքից:
Խերումլիի մասին պատմական այս փաստերը, որոնք գոյություն ունեն 17-րդ և 19-րդ դարերից, ապացույցն են այն իրողության, որ նախորդ տարի ՀՀ իշխանությունները Ադրբեջանին զիջեցին հայկական պատմական տարածք: Թե՛ 17-րդ, և թե՛ 19-րդ դարում չկար Ադրբեջան պետությունը: Սուրբ Աստվածածին եկեղեցին այժմ էլ կանգուն է, գտնվում է Աճարկուտ գյուղի տարածքում և յուրաքանչյուր մարդ կարող է գնալ և կարդալ եկեղեցու մուտքի վերևի արձանագրությունն ու Խերումյանների տոհմի անվանումը: Ցավալիորեն մելիքական տոհմի հիմնած բնակավայրերից մեկը՝ Խերումլին այժմ արդեն Հայաստանի տարածքում չէ:
Այն նվիրվեց թշնամուն, իսկ առաջիկայում գուցե հերթական հայկական պատմական և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ բնակավայրեր նվիրվեն թշնամուն:
Զ. Շուշեցի