Տավուշում առաջնորդվել են 1991թ. քարտեզով, ուրեմն՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան
Կառավարության հրապարակած քարտեզը, որով նախատեսվում է սահմանազատում անել Տավուշում՝1991 թ-ի և նրանից առաջվա Խորհրդային Միության քարտեզն է, որի վրա Ոսկեպարից Կիրանց ճանապարհը 4 տեղ անցնում է ադրբեջանական տարածքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։
«Այս պահին խոստացել են, որ ճանապարհը վտանգված չէ, և ավելացրել, որ եթե խնդիրներ առաջացնող հանգամանքներ կան, ապա այս հատվածը չի սահմանազատվի, այսինքն՝ այն հատվածը, որ Ադրբեջանի տարածքով է անցնում՝ հայտնի չէ ինչ է լինելու՝ արդյո՞ք մնալու է մեր մոտ, թե անցնելու է Ադրբեջանին, դրա մասին պարզաբանումներ չկան։
Եթե դա մեր ձեռքը մնա և չհանձնենք Ադրբեջանին, այդ դեպքում ճանապարհը ապահով կլինի, եթե այդ տարածքն ամբողջովին հանձնենք Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանը ճանապարհը կփակի դեպի Ոսկեպար»,- արձանագրել է Գալչյանը։
Նա նշեց, որ հրապարակված քարտեզով ճանապարհն անցնում է Արծրունիկ գյուղի մի ծայրով։ «Այդ ճանապարհը կարելի է փոխել և մյուս կողմից անցկացնել, Կիրանցը այդ դեպքում կմնա հայկական տարածքում։ Գյուղի մի ծայրը կլինի Ադրբեջանի սահման։
Մեր զրուցակցի արձանագրմամբ՝ հիմա գլխավոր խնդին այն է, որ պարզաբանված չէ, թե արդյոք Ոսկեպարի հատվածում ճանապարհը մե՞զ է մնալու, թե ինչ է լինելու, որովհետև այդ հատվածների սահմանազատումը դեռ չի կատարվել։ Բացի այդ՝ Բերքաբերի ջրամբարից հյուսիս Ադրբեջանը հսկայական հայկական տարածք է գրավել։ Դա պետք է վերադարձվի՞, թե՞ ոչ, սա էլ հայտնի չէ, բայց Սովետական Հայաստանի քարտեզներով դա հայկական տարածք էր։ Հավանաբար պետք է վերադարձվի»։
Գալչյանը նկատեց, որ, ըստ էության, առաջնագիծ է փոխվում և այն կլինի սահմանից մոտ 50-100 մետրի վրա։ «Եթե ադրբեջանական զորքեր լինեն սահմանին, սա արդեն վտանգավոր է, քանի որ կարող են անցնող մեքենաների վրա կրակել, բայց եթե սահման լինի, զորք չլինի, այսինքն, ադրբեջանական զինվորները չլինեն սահմանի վրա, այլ՝ սահմանապահներ, մենք պետք է հսկողություն տարածենք այդ շրջանների վրա»։
Քարտեզագիրն ընդգծեց, որ այս տարածները հանձնվելու դեպքում Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի մեզնից գրաված տարածքները՝ սկսած Բերքաբերից, մինչև Սյունիք։
«Այսինքն, Սյունիքի բարձունքները, Շորժայում գրաված բոլոր տարածքները պետք է վերադարձվեն, եթե դա չի անելու, ուրեմն կստացվի, որ միայն այս հատվածն ենք 1991 թ-ի քարտեզով գծում, իսկ Սյունիքին հասնելու դեպքում կպարզվի, որ մենք 1991 թ-ի սահմանը չենք ճանաչում»,- նշել է Գալչյանը՝ արձանագրելով, որ դրա հավանականությունը կա, որ Ադրբեջանը այդպես կասի, դրա համար նախնական պայմանագրի համաձայնության մեջ այդ բոլորը պետք է նախատեսել։
Բայց ըստ՝ 1991 թ-ի քարտեզի, ստացվում է, որ Սյունիքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, եթե 1991-թի քարտեզով ենք առաջնորդվում՝ դրանք ենթակա են վերադարձման։
Դիտարկմանը, թե որքանո՞վ են 1991 թ-ի քարտեզները նպաստավոր Հայաստանի համար՝ նա պատասխանեց, որ նպաստավոր գոյություն չունի, քանի որ Հայաստանի տարածքից Սովետական Միությունը 1200 քառակուսի կիլոմետր ժամանակի ընթացքում տվել է Ադրբեջանին, մենք դա որոշ չափով կարող ենք վերականգնել, եթե սկսենք 1991 թ-ի քարտեզներից և տեսնենք, թե որն է իրական սահմանը, բայց դա բանակցությունների ժամանակ պետք է արվի»։
Ինչ վերաբերում է անկլավներին՝ ըստ քարտեզագրի, 1991 թ-ի քարտեզներով առաջնորդվելու դեպքում անկլավներ կան, բայց դրանք ապօրինի կերպով են իրենցը, քանի որ իրենք ոչ մի կերպ օրինական հիմք չեն ունեցել, ավելին, ոչ մի տեղ չի եղել օրինական փաստաթուղթ դրանց մասին։
«Մենք պետք է սկսենք 1991 թ-ի քարտեզով բայց հետագայում, պետք է հայտարարենք, որ անկալվերը չենք ընդունում, և դրանք պատրաստ ենք փոխանակել Արծվաշենի հետ, խոսքը՝ Ասկիպարա, Բարխուդարլու և Տիգրանաշեն գյուղերի մասին է։
Ամեն դեպքում՝ այս պրոցեսում պետք ուշադիր լինենք, քանի որ եթե տարածք ենք տալիս Ադրբեջանին, ապա իրենք էլ պետք է մեզ վերադարձնեն մերը և ամբողջ հայ-ադրբեջանական սահմանն այդ դեպքում պետք է լինի 1991 թ-ի քարտեզի հիման վրա, ոչ թե մի հատվածում մենք տալիս ենք, իսկ մյուս տեղերում Ադրբեջանն ասի՝ չենք տալիս։ Իրականում Ադրբեջանի վրա վստահություն ունենալ չի կարելի, բայց դա միջազգային նորմերի խախտում է, միջազգային կարգադրությունների չկատարում կհամարվի և կստացվի, որ Հայաստանի հանդեպ իր խոստումը Ադրբեջանը չի կատարում։ Եթե ցանկություն կունենա, կանի, եթե ցանկություն չունենա՝ ոտնատակ կտա իր ստորագրած ամեն տեսակ համաձայնագիր»,- եզրափակել է Գալչյանը։