Ո՞ր քաղաքացու օրն է նշելու իշխանությունը. 27 միլիոն 777.600 դրամի պայմանագրեր արդեն կնքվել են
Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիները» կնշեն Քաղաքացու օրը: Իրենց իշխանամուտից հետո՝ 2019 թվականի մարտի 21-ին, կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ նոր տոն։
Թե ո՞ր քաղաքացու տոնն է այս տարի նշելու իշխանությունը, հարցի պատասխանը դեռ պարզ չէ. գուցե այն քաղաքացիների, որոնք հետպատերազմական իրողություններում ապրում են թշնամու նշանառության տա՞կ, կամ ոսկեպարցիների, որոնց համոզում են, թե իրենց հայրենիքը չեն հանձնում, դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՞, «Եռաբլուր»-ում «ժողովրդավարության» շահառու որդեկորույս ծնողների՞, որոնց կարմիր բերետավորները քարշ էին տալիս, Կասկադում ԱԺ նախագահի թքին արժանացած հայրենադարձ Կարեն Մկրտչյանի՞, թե՞ ընդամենն օրեր առաջ ոստիկանական մեքենայից դուրս բերված ու դիմակավորված անձանց կողմից խոշտանգված՝ 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի ու ՀՀ այլ քաղաքացիների, որոնք ամենևին չեն հավատում երջանիկ անհատի, հզոր պետության և հոգատար հանրության մասին իշխանական միֆին:
Այս իրողությունները չեն խանգարում, որ վարչապետի աշխատակազմը պատրաստվի «տոնին»՝ տարբեր պայմանագրերով, այդ թվում՝ հրատապ կարգով մեկ անձից գնելով միջոցառումների կազմակերպման ծառայություններ:
Մատակարար ընկերությունը «Բի թու ջի» ՍՊԸ-ն է, որն ապրիլի 16-ին կնքված 8 միլիոն 277.600 դրամ արժողությամբ պայմանագրով միջոցառումներ կկազմակերպի մարզային մի քանի համայնքներում և Երևանում:
2023 թվականին Վաղարշապատում գրանցված այս ընկերությունը ստեղծման պահին պատկանել է Անի Թորոսյանին, բայց ամիսներ անց ընկերության 100 տոկոս բաժնեմասի տեր է դարձել Ալիսա Արթուրի Աղաջանյանը:
Ընկերությունը ստեղծումից անմիջապես հետո տասնյակ պայմանագրեր է կնքել պետական տարբեր գերատեսչությունների հետ:
Նույն օրը գնման այլ՝ էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքում Գլոբալ Սուփորթ ՍՊԸ-ի հետ՝ դարձյալ պատվիրակելով միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ այս անգամ 19 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր գնով: Այս գումարի շրջանակում ընկերությունը ստանձնել է Քաղաքացու օրվա առթիվ տարբեր համայնքներում բանախոսությունների ու քննարկումների կազմակերպումը:
Իրավաբանական անձանց ռեգիստրի` e-register.am տվյալներով` ընկերությունը ստեղծվել է 2018թ. սեպտեմբերին, իսկ ըստ էլեկտրոնային գնումների armeps համակարգի՝ 2022 թվականից մասնակցել է պետգնումներին: ՍՊԸ 100 տոկոս մասնաբաժինը պատկանում է Լևոն Ամիրզյանին: