Մի քանի անշարժ գույք ու տպավորիչ դրամական միջոցներ. Իտալիայում ՀՀ դեսպանի 2024 թվականի հայտարարագիրը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքէջում արդեն հանրայնացվում են պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը: Հայտարարագիրը ներկայացրած առաջիններից մեկն Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանն է՝ իր տպավորիչ ունեցվածքով: Բայց քանի որ քիչ պակաս տպավորիչ չէ Ծովինար Համբարձումյանի աշխատանքային կենսագրությունը, նախ՝ հակիրճ դրա մասին:
Ի դեպ, 168.am-ը պարբերաբար կանդրադառնա մեր դիվանագետների հայտարարագրերին, քանի որ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների հետաքրքրում է, թե ովքեր են այն դիվանագետները, որոնց վրա պետք է հույս դնի ՀՀ հպարտ քաղաքացին այս անվտանգային սրացող մարտահրավերների փուլում:
Թյուրքագիտության երբեմնի ուսուցչուհի Ծովինար Համբարձումյանն իր պետական կարիերան սկսել էր 1995թ.-ից՝ աշխատանքի անցնելով ՀՀ նախագահի աշխատակազմում: Նախագահները փոխվում էին, իսկ Ծովինարը հաստատուն քայլերով կառուցում էր իր կարիերայի բուրգը՝ հասնելով մինչև ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնին:
Նախկին բոլոր իշխանությունների օրոք հանրային ծառայող Ծովինար Համբարձումյանը հենց այս պաշտոնում էլ դիմավորում է նախկիններին մերժող Նիկոլ Փաշինյանին: Եվ, այո, անմիջապես ստանձնում վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, որից հետո 2020 թվականին մեկնում է Հռոմ՝ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնով: Այս ընթացքում, ասում են՝ Ծովինար Համբարձումյանը շատ հարցերում թելել է արդեն նոր իշխանությունների թելը:
2022թ. ապրիլի 8-ից համատեղության կարգով նա նշանակվում է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ մայիսի 27-ից՝ համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Այս կարիերայի աճին զուգահեռ՝ աճել է նաև սենյորա Համբարձումյանի ունեցվածքը:
Հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա մի քանի անշարժ գույք ունի. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում ½ բաժնային սեփականությամբ 1994 թվականից իրեն ժառանգած գույքից զատ՝ դեսպանը 2012 թվականին Երևան քաղաքում գնել է ևս մեկ բնակարան, 2015թ.՝ մեկ ուրիշը, որն օտարել է 2022 թվականին, իսկ 2019 թվականին՝ մեկ այլ բնակարան և ավտոտնակ: Այս գույքերը նա տնօրինում է միանձնյա:
Տարեցտարի աճել են նաև քաղաքացի Համբարձումյանի դրամական միջոցներն ու բանկային ավանդները:
2024 թվականին Ծովինար Համբարձումյանը հայտարարագրել է բանկային ավանդներ տարբեր բանկերում, որոնք տարեվերջին համապատասխանաբար կազմել են՝
– 50.000 եվրո
– 150.000 եվրո
– 2 միլիոն 93.320 դրամ
– 76. 879 դոլար 76 ցենտ
– 806.000 դրամ
– 7877 դոլար 8 ցենտ
Դրամական միջոցները տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը՝
– 232.803
– 2600 եվրո
– 38.5 դոլար
– 225.567 դրամ
– 11.671 եվրո
Տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամը կազմել է 2500 եվրո:
Վերջում Իտալիայում Հայաստանի դեսպանության էջից փորձեցինք տեղեկանալ նաև Իտալիայում Հայաստանի դեսպանի դիվանագիտական վերջին ակտիվության մասին.
2024թ. մարտի 21-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը դեսպանությունում հյուրընկալել է Հռոմի LUISS համալսարանի մեկ տասնյակից ավելի ուսանողների:
2024թ. մարտի 25-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը մասնակցեց Սուրբ Զատիկի և Ռամադանի մոտալուտ ավարտի կապակցությամբ «Il Cedro per la Pace» ասոցիացիայի կողմից կազմակերպված միջմշակութային և միջկրոնական հանդիպմանը:
Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության Մշտական քարտուղար Քրիստոֆեր Կուտայարի գլխավորությամբ Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել է նաև տիկին դեսպանը:
Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին Իննա Սահակյանի ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ ֆիլմի համար, միջոցառմանը մասնակցել է նաև Ծովինար Համբարձումյանը:
Դեսպանն ուղեկցել է նաև Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Մարգերիտա Կասսանոյի հրավերով, մարտի 3-6-ն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությանը: