Շագրենի կաշին. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի առանցքային դերակատարությունը «մանկավաճառության» գործում
Շուրջ 3 շաբաթ առաջ 168.am-ն ուսումնասիրեց, այսպես կոչված, ապօրինի որդեգրումների գործով քրեական վարույթի ոդիսականը, որը տևում է արդեն շուրջ 5 տարի, բայց ո՛չ դատավճիռ կա, ո՛չ էլ տեսանելի ապագայում սպասվում է: Մեր ուսումնասիրությունը շատ ուշագրավ հանգամանքներ բացահայտեց, և վերջին տարիների իրադարձություններին քաջատեղյակ մարդկանց համար պարզ էր՝ ինչո՞ւ և ի՞նչ հարց լուծելու նպատակով փչվեց «Իտալիա երեխա ծախելու» փուչիկը, ո՞ւմ էր դա պետք, ի՞նչ հարց էին լուծում իշխանությունները՝ «խոսող շիրիմների» վերաբերյալ լալահառաչ շոուներ կազմակերպելով, և ինչո՞ւ դրանք այդպես էլ չխոսեցին, ի՞նչ ասացին արտաշիրմումները, ինչո՞ւ հենց իտալական որդեգրումները հայտնվեցին թիրախում, և ինչո՞ւ և ի՞նչ սկզբունքով են որդեգրված երեխաների մի մասը համարվել օրինական որդեգրված, իսկ մյուս մասը՝ ապօրինի վաճառված:
Մեր փոքրիկ հետաքննությունը շատ հետաքրքիր դիպվածներ էլ պարզեց, որոնցից մեկը և ամենաարտառոցը ՀՀ դիվանագիտական կորպուսի, իսկ ավելի կոնկրետ՝ Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի ներգրավվածությունն էր այս կեղտոտ թեմայի մեջ:
Ծովինար Համբարձումյանի տպավորիչ ճանապարհը
Կրթությամբ արևելագետ, Իտալիայում արդեն 4 տարի որպես դեսպան պաշտոնավարող Ծովինար Համբարձումյանը 1992-1995թթ. Էջմիածնի Ներսիսյան վարժարանում որպես թուրքագիտության ուսուցչուհի աշխատելուց հետո 1995թ. աշխատանքի է անցնում ՀՀ Նախագահի աշխատակազմում: Հենց Նախագահի աշխատակազմում էլ Ծովինար Համբարձումյանը շլացուցիչ կարիերա է անում՝ հասնելով մինչև ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնին: Հենց այս պաշտոնում էլ նա դիմավորում է 2018թ. փաշինյանական բաղձալի իշխանազավթումը:
Շատ արագ կողմնորոշվելով պահի և իրադրության լաբիրինթոսում՝ Ծովինար Համբարձումյանը ևս 2 տարի աշխատում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում, ապա 2020թ. հունիսի 1-ից դառնում Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ): Բացի դրանից, Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով ավելի ուշ նշանակվում է նաև Մալթայի և Սան Մարինոյի Հանրապետություններում արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ նույնպես Հռոմ:
2015թ.-ից 2-րդ դասի պետական խորհրդական է, 2017թ. պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Իտալիայում ՀՀ դեսպանի տարօրինակ շահագրգռվածությունը՝ ենթադրյալ ապօրինի որդեգրումների գործով
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն առանց դատական ակտի՝ վստահ է, որ Իտալիա երեխաներ են վաճառվել: Ու այստեղ շատ բնական հարց է ծագում՝ իսկ նա ե՞րբ էր տեղեկացել այն մասին, որ ՀՀ-ից Իտալիա երեխաները ոչ թե որդեգրվում են, այլ, ինչպես պնդում է Գլխավոր դատախազությունը, վաճառվում։ Իմացել է այն ժամանակ, երբ աշխատում էր ՀՀ Նախագահի աշխատակազմո՞ւմ՝ որպես արտաքին կապերի վարչության պետ, թե՞ նրա միտքը պայծառացավ այն ժամանակ, երբ 2018-ին սահուն ցատկեց «հեղափոխականների» թիմ, և ՔՊ-ականները նրան նշանակեցին Իտալիայում ՀՀ դեսպան:
Կրկնում ենք, բոլոր մակարդակների հանդիպումների ժամանակ վերջինս պնդում է, որ Իտալիա երեխաները վաճառվել են, հետևաբար՝ հարց է առաջանում՝ եթե նախորդ իշխանության օրոք էին երեխաները, ինչպես դատախազությունն է փորձում ապացուցել, Կառավարության որոշմամբ և դատարանի վճռով վաճառվում և ոչ թե՝ որդեգրվում, ինչո՞ւ Ծովինար Համբարձումյանը հանցագործության մասին հաղորդում չէր տալիս, այլ պարտակում էր հանցագործներին:
Եվ եթե նախորդ իշխանության օրոք երեխաներ են «վաճառվել», ապա ինչպե՞ս և ինչի՞ դիմաց դեսպան Ծովինար Համբարձումյանը որոշեց իր հովանավորչությամբ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք երեխա «վաճառել» Իտալիա։ Դեսպանը կարո՞ղ է պատասխանել այն հարցին, թե երբ այս քրեական վարույթն իր աղմուկի գագաթնակետին էր գտնվում, և դրանով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից կոնկրետ երեխայի որդեգրումը դեպի Իտալիա մերժվել էր, ինչո՞ւ էր դեսպանն անձամբ լծվել այդ իտալացիներին երեխա «վաճառելու» գործին։
Ինչո՞ւ էր անձամբ գրեթե ամենօրյա ռեժիմով զանգում Արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետ Արտաշես Խալաթյանին, ստիպում՝ ինչ գնով էլ լինի՝ գլուխ բերել երեխայի որդեգրության, իսկ Ծովինար Համբարձումյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տրամաբանությամբ՝ «վաճառքի» գործը: Իսկ հնարավո՞ր է, որ այդ երեխայի՝ Իտալիա որդեգրության տապալումը սպառնում էր միջպետական սկանդալի առիթ դառնալ, ու Ծովինար Համբարձումյանը ստիպված էր այդ գործը հաջողությամբ պսակել: Եվ, ի վերջո, ինչի՞ դիմաց Իտալիայում ՀՀ դեսպանը հանձն առավ ամեն կերպ երեխայի որդեգրման գործը հաջողությամբ պսակել ու նրան հասցնել Իտալիա: Իսկ հնարավո՞ր է, որ նա Իտալիայի կառավարությունից փոխարենը խոստում է ստացել ՀՀ որոշ քաղաքացիների՝ այդ երկրում տիրապետած գույքի ու ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ ստանալ ու փոխանցել Նիկոլ Փաշինյանին:
Ստացվում է, ըստ Գլխավոր դատախազության տերմինաբանության և անձամբ իր տրամաբանության, Ծովինար Համբարձումյանն էլ է մանկավաճառ։
Եվ քանի որ դեսպան Ծովինար Համբաձումյանը մանրամասնորեն տեղեկացված է Իտալիա կատարված որդեգրումներին, գուցե բացատրի՞, թե ինչպես է ստացվում, որ կոնկրետ երեխային Հայաստանը համարում է վաճառած, իսկ Իտալիան՝ որդեգրած։
Ըստ 168.am-ի աղբյուրների՝ հենց դեսպան Ծովինար Համբարձումյանն է ներկայիս Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կոնսուլտանտը եղել այն հարցերում, թե ինչպե՞ս է իրականացվել երեխաների «վաճառքը», և թե ովքե՞ր են մեկնել Իտալիա՝ գործուղումների։ Զավեշտալի է, բայց փաստ։ Առավել զավեշտալի է այն, որ Գլխավոր դատախազությունն այդպես էլ բոլոր գործուղվածների անունները չհրապարակեց, այլ մեղադրանք առաջադրեց միայն թույլ օղակներին։
Եվ, ի վերջո, դեսպան Ծովինար Համբարձումյանն ո՞ւմ օրինական շահերի ներկայացուցիչն է՝ ՀՀ քաղաքացիների՞, թե՞ Իտալիայի քաղաքացիների։