2018թ. այդ տարածքներում խրախճանքի մեջ էին. բա այդ ժամանակ չէի՞ք մտածում, որ ձեր հողերը չեն դրանք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

Իշխանությունները Ոսկեպարի, Բաղանիսի ու այլ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ուզում են ընդգրկել սահմանազատման ու սահմանագծման հանձնախմբի մեջ։ Այս մասին Ոսկեպարում տեղի ունեցող ակցիայի ժամանակ հայտարարեց տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` այս քայլը որակելով իբրև թակարդ։

«Ընդգրկվում են ոչ թե այն մարդիկ, որոնք ցանկանում են, այլ որոնք ընտրողությամբ նշանակվում են, հասկանո՞ւմ եք` ի նչ է սրա տակ թաքնված… Երբ գյուղացիները մասնակցում են այդ գործին ու վաղը– մյուս օրը մենք ասենք, որ դա անընդունելի է, ասելու են` դո՛ւք արեցիք, գյուղացիներին ներգրավել էինք… Պատասխանատվությունը այդ գյուղացիների վրա է ընկնելու»,– ասաց նա։

Բագրատ սրբազանի կարծիքով` գյուղացիներին կմեղադրեն նաև հակառակ դեպքում, եթե ինչ–որ մի բանի հետ նրանք չհամաձայնեն ու արդյունքում պատերազմ սկսվի։
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում անցկացվող ակցիան Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անվանեց հայահավաք–հանրահավաք, որը հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն ճշմարտության և հանուն արդարության է։

«Մեր պայքարը ճշմարտության համար է, որը գուցե արժեք չունի որոշ մարդկանց ուղեղներում և կյանքում , բայց դա մեծագույն արժեքն է։Մենք շեղվելու տեղ չունենք. մենք կա՛մ ստի հետ ենք, կա՛մ ճշմարտության հետ ենք։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք զբաղվում ենք այս ժողովրդի կյանքով` ճշմարտության և արդարության համար»,– ասաց Սրբազանը։

Իշխանության խոսքերը, թե 1 միլիմետր անգամ թշնամուն չի տրվելու, Բագրատ Սրբազանի կարծիքով, կեղծիք ու սուտ չեն, քանի որ իշխանությունը պատրաստվում է ոչ թե 1 մմ, այլ շատ ավելի մեծ տարածքներ հանձնել թշնամուն։

Ժողովրդին այսօր, ըստ սրբազանի, երանելի իշխանություն է պետք , ոչ թե սեփական ժողովրդին ահաբեկող, խաբող, ստող ու կեղծող։

«Ինչպե՞ս երկրի ղեկավարը կարող է գալ ու ահաբեկել սեփական ժողովրդին։ Նշանակում է` մենք իշխանություն չունենք, չի գործում։ Եթե ձեր ծրագրերում ունեցել եք գոնե երկու բառակապակցություն , որտեղ ասվում է , որ այս տարածքները պետք է հանձնվեն` ուղղակի ցույց տվեք դա։ Ինչի՞ համար եք ընտրվել, այս ժողովրդի քվեները վերցրել ու խաբել նրանց։ Նրանք ազնիվ կերպով արել են իրենց քայլը, վստահել են քեզ, մարդու սրբազան արժեքը` քվեն, որ մուրացել ու ստացել ես, ի՞նչ ես արել` խաբել ես ու ստել ես»,– հայտարարեց նա։

Ի դեպ, նրա ելույթից առաջ հնչում էր «Քուին» խմբի «Show must go on» («Շոուն շարունակվում է») երգը։ Սրբազանը ելույթից առաջ ասաց. «Սա դիտմամաբ է արված` Շոուն շարունակվում է, իմանան… և այդ ստենդափը չարի ու ստի դեմ է»։

Տեսանյութեր

Լրահոս