Բաժիններ՝

Եկեղեցին մեր փրկության տապանն է

Քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 5:23):

«Ո՞վ իրականում կարող էր բաժանել և միմյանց հետ բնական միությունից բռնի կերպով անջատել նրանց, ովքեր մեկ սուրբ մարմնի միջոցով կապված են ի Քրիստոս միությամբ: Չէ որ եթե «բոլորս այդ միակ հացից ենք վայելում», ապա բոլորս մեկ մարմին ենք կազմում» (Ա Կորնթացիներ 10:17), քանզի Քրիստոս չի կարող բաժանվել: Դրա համար եկեղեցին կոչվում է Քրիստոսի մարմին, իսկ մենք, ըստ Պողոս առաքյալի ըմբռնման՝ առանձին անդամներ (Ա Կորնթացիներ 12:27): Մենք բոլորս, սուրբ մարմնի միջոցով միանալով Քրիստոսի հետ, իբրև Նրա՝ միակի և անբաժանելիի ստացողներ մեր մարմիններում, պետք է համարենք, որ մեր անդամներն առավելաբար Նրան են պատկանում, քան մեզ»,- ասել է Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին:

Մեր Տերը նշել է եկեղեցու անխորտակելի զորության մասին, որ անգամ մահն իր ամբողջ զորությամբ չի կարող հաղթահարել նրան (Մատթեոս 16:18):

Եկեղեցու հայրերը եկեղեցին անվանում են փրկության տապան, առանց որի անհնար է հասնել հավիտենական կյանքի նավահանգիստը: Ապրել որպես քրիստոնյա՝ նշանակում է անտարբեր չլինել այս փրկության տապանի հանդեպ, որ աստվածահիմն է: Հարկ է չնմանվել Նոյի ժամանակվա մարդկանց, ովքեր, անտարբեր լինելով, շարունակ ծաղրում էին փրկության տապանը կառուցողներին՝ Նոյին և իր ընտանիքին:

Կարդացեք նաև

Եթե Նոյը զգուշացնում էր մարդկանց աշխարհակործան ջրհեղեղի մասին, փրկության միջոց բերելով միայն տապանը, ապա Քրիստոսի առաքյալները, եկեղեցու հայրերը և այսօր էլ հոգևորականները մարդկանց զգուշացնում են հավիտենական մահվան մասին՝ փրկության միջոց բերելով եկեղեցին:

Դարեր շարունակ եկեղեցին որպես հարազատ մայր կանչում է իր զավակներին, անդադար հիշեցնելով փրկության դեղի՝ Քրիստոսի Մարմնի և Արյան՝ Սուրբ Հաղորդության մասին. «Առե՛ք, կերե՛ք, սա Իմ մարմինն է» և «Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա Իմ Արյունն է, որով նոր ուխտ է կնքվում Աստծո հետ և որը շատերի համար թափվում է իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26:26-28):

Եղիշեն մեզ հիշեցնում է. «Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»: Չմոռանանք, որ քրիստոնյան երկու ծնունդ ունի՝ մարմնավոր և հոգևոր: Մայր եկեղեցի… եկեղեցին մեր մայրն է դառնում հոգևոր ծննդյամբ՝ մկրտությամբ, որից հետո էլ Մայրը չի դադարում իր զավակներին խնամելուց: Մեղքի մեջ ընկած Իր զավակներին անդադար հորդորում է ապաշխարությամբ և Սուրբ Հաղորդությամբ վերականգնել նախկին ուրախությունն ու մաքրությունը:

Քրիստոնյա մի գրող ասել է, որ ահռելի տարբերություն կա հավատավորի և անհավատի միջև, ինչպես օրինակ՝ արձանի և կենդանի մարդու միջև: Հնարավոր է, որ արձանը շատ գեղեցիկ լինի, քան մարդը, բայց միևնույն է այն մնում է քար կամ այն նյութը, որից այն կերտել են: Մարդը կարող է բարետես չլինել, բայց նրա մեջ կա մի բան, որ փայլում է աստվածային լույսով: Ապա գրողը շարունակում է, որ երբ անհավատը հանդիպում է հավատավորին, նա պետք է որ կանգ առնի և բացականչի. «Ի՞նչ պատահեց, ես սպասում էի հանդիպել արձանի, իսկ իմ առջև արձան է, որ կենդանացավ, շարժվում է, ես նրանից ստանում եմ այն, ինչ երբեք նախկինում չէի տեսել»: Այս օրինակի համաձայն էլ Աստված եկեղեցու միջոցով կենդանացնում է մեղքի մեջ մեռած մարդուն՝ նրա համար փրկության ուղի հարթելով դեպի ճշմարիտ Լույսը: Այդ պատճառով է առաջանում տարբերությունը հավատավորի և անհավատի միջև, երբ վերջինիս կյանքում բացակայում է Աստված և եկեղեցին:

Սբ. Իրինեոս Լիոնացին հորդորում է. «Պետք չէ այլոց մոտ փնտրել ճշմարտությունը, որը դյուրությամբ կարելի է ստանալ Եկեղեցուց, քանզի առաքյալները, ինչպես մեծահարուստը գանձարանի մեջ, նրա մեջ լիովին հավաքել են այն ամենը, ինչ վերաբերում է ճշմարտությանը, ուստի ամեն ցանկացող վերցնում է նրանից կյանքի ջուրը: Նա է հենց կյանքի դուռը…»:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս