Եթե Հայաստան չլինի, 270 միլիոն կամ թեկուզ 5 միլիարդ եվրո տան, ո՞ւմ է պետք. դառնալու ենք «ՉՄՈ»՝ չորրորդ կարգի երկիր. Արթուր Խաչիկյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հավաքական Արևմուտքի հետ հարաբերություններում տնտեսական հարցերը քաղաքականացվում են, ստիպում են հրաժարվել այլ երկրների հետ համագործակցությունից՝ ի շահ Եվրոպայի։ Այնինչ Եվրոպական շուկա մտնելն այդքան էլ հեշտ չէ, կան խիստ ստանդարտներ, իսկ դա ապահովելու համար Հայաստանին տարիներ են պետք, իսկ ԱՄՆ-ում շատ ավելի խիստ են այդ ստանդարտները։ Իհարկե, Եվրոպայի հետ համագործակցել պետք է, կան բազմաթիվ դրական գործոններ, բայց շատ դժվար է լինելու հատկապես փոքր ֆերմերների, արտադրողների համար։ Օրինակ, վրացական գինու էքսպորտի 60 տոկոսը մինչ օրս Ռուսաստան է ուղարկվում։ Գերմանացիների, լեհերի, ռումինացիների համար հատկապես խնդիրներ ծագեցին, երբ ուկրաինական ապրանքը փորձեցին մտցնել եվրոպական շուկա, հիշենք թեկուզ լեհ ֆերմերների բողոքի ակցիաները։
- 2004թ. ԵՄ-ին անդամակցելուց հետո, օրինակ, Լատվիան տասնյակ-հազարավոր կարող ուժեր լքեցին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ներդրումները տապալվեցին, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը լրջագույն խնդիրների առջև էին կանգնել և մինչ օրս խնդիրներ ունեն, ավելի շատ ներկրում են, քան արտադրում:
- Առանց վիզայի Եվրոպա գնալն էլ լավ բան է, բայց դրա համար պետք չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել։ Առանց վիզայի Եվրոպա գնալ՝ չի նշանակում, որ վաղը 2 մլն հայ կգնա Եվրոպա և հանգիստ աշխատանք կգտնի ու կմնա այնտեղ։ Մեզ այնտեղ չեն սպասում, Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենալ, վիզայի ազատականացում պետք է, հարաբերությունների դիվերսիֆիկացիային, բնականաբար, կողմ ենք, բայց դա չի նշանակում կռվել դաշնակիցների, հարևանների հետ։ Եվ մենք, և Վրաստանը կախված ենք Ռուսաստանից, իհարկե, պետք է հաղթահարել այդ կախվածությունը, բայց ոչ կռվելու ճանապարհով։ Էներգետիկայի, գազի համակարգում մենք կունենանք խնդիրներ։ Պետք է լուրջ և ռեալ մտածել՝ առանց չափից դուրս ոգևորվելու։ Մեզ տրամադրվող օգնությունը համեմատելի չէ այլ երկրներին տրամադրվող օգնությունների հետ, օրինակ՝ Մոլդավային 1 մլրդ դոլար օգնություն տրամադրվեց, Ադրբեջանում բազմամիլիոն դոլարների ներդրումներ են արվում։
- Էներգետիկ և այլ ոլորտների անվտանգության հարցեր են առաջանալու։ Մենք ապրելու ենք շատ վտանգավոր տարածաշրջանում, չի բացառվում, որ 10-15 տարի հետո Թուրքիան դառնա միջուկային տերություն, նույնը՝ Իրանը, այնպես որ, մեզ համար խիստ վտանգավոր է ատոմակայանից՝ միջուկային էներգիայից զրկվելը, ինչը կանխատեսելի է դառնում:
- Արևմուտքը շատ է սիրում գեղեցիկ բառեր օգտագործել, օրինակ՝ Արցախից բռնի տեղահանվածների մասին ասում են՝ պարզապես տեղահանվածներ, այդպես էլ գեղեցիկ բառեր են «Խաղաղության խաչմերուկը»։ Այո, «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը Թուրանի ճանապարհն է, դա արվում է բացառապես Թուրքիայի համար: Մենք պարզապես դառնալու ենք մի տարածք, որի վրայով անցելու է գազը, նավթը։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալո՞ւ ենք՝ ո՛չ, ԵՄ անդամ դառնալո՞ւ ենք՝ ո՛չ: Նրանք առաջ են տանում իրենց օրակարգը, իսկ մենք դառնալու ենք այս տարածաշրջանի «ՉՄՈ»՝ չորրորդ կարգի երկիր։
- Մեզ տալիս են խաղալիք և ոչ թե լուրջ զենք, Վրաստանին օգնում են դրոններ արտադրել, Թուրքիային Ֆ-16 են տալիս, իսկ մեզ ծաղրում են՝ «Խաղաղության խաչմերուկ» դեմ տալով։
- «Խաղաղության խաչմերուկ» ի՞նչ է նշանակում՝ մեզ չեն ասում, ինչպեսև չեն ասում, թե որ հարցերում են համաձայնության եկել, չեն ասում՝ Սյունիքի հարցն ի՞նչ է լինելու, մինչդեռ Ադրբեջանն արդեն սկսել է ճանապարհ կառուցել։
- Հակառուսական թեզեր տարածողների համար արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա ասվածը ճանապարհ է դեպի Թուրքիա։ Սորոսական գրանտակերներից ոչ մեկը չի հիշում, որ Իսրայելը զենք մատակարարեց Ադրբեջանին 44-օրյա պատերազմից առաջ։
- Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի առջև պահանջներ են դնում, սա խաղաղության խոսո՞ւյթ է, ո՛չ, սա Հայաստանն իրենց ենթարկելու քաղաքականություն է։ Նրանք մեզ չեն հարգում, նրանք ուզում են, որ մենք կամաց-կամաց վերանանք։
- Այդ եվրոչտեսներն այնքան բեմադրություն են արել, որ ամեն ինչ փչվել է, սուտ է դուրս եկել։ Քանի՞ անգամ կարելի է խաբվել, կուլ գնալ կեղծ PR կամպանիային։
- Նիկոլ Փաշինյանի՝ իրեն Քրիստոսի հետ համեմատելու խոսույթը շատ վտանգավոր է, գուցեև դա նրա կողմից աղանդավորական մեսիջ էր իրեն հավատացողներին, թե ինքն է փրկիչը, եկել է։
- Ջոզեպ Բորելի հայտարարությունը՝ քարոզչական «մանիպուլյացիաներից» զերծ պահելը, ի՞նչ նշանակում՝ Արցախը մոռանա՞լ, Ցեղասպանության մասին չխոսե՞լ։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ուկրաինային նույն բաները չեն ասում, կամ կհամարձակվեի՞ն Իսրայելի հետ այդ նույն ոճով խոսել, այն դեպքում, երբ հիմա Ռաֆայում ցեղասպանություն է իրականացվում։ Ամբողջ աշխարհը ոտքի է կանգնել, իսկ ԱՄՆ-ում լռում են։
- Մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվեն։ Եթե Հայաստան չլինի՝ 270 միլիոն կամ թե 5 մլրդ եվրո տան՝ ո՞ւմ է պետք։
- Գեղեցիկ բառեր են հնչեցնում, անհիմն սպասումներ ստեղծում, բայց իրականում մենք Արևմուտքին պետք չենք։
- Նրանց պետք է Ադրբեջանը, Ադրբեջանի նավթը, Թուրքիան՝ իր աշխարհաքաղաքական դիրքով։ Ադրբեջանն ու Թուրքիան էլ միասին են խաղում։ Մենք ի՞նչ ունենք։ Ռուսաստանն էլ շահագրգռված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնել։
- Մենք դարձանք Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման զոհը։ Այս պատերազմի պատճառով տեղի է ունեցել բևեռացում, իսկ մենք, եթե այսպես շարունակենք, կարող է կործանվենք։ Դրա համար պետք է ռեալ դաշնակիցներ գտնել, թույլին, ծնկի եկողին, չորեքթաթ սողացողին չեն հարգում։
Մանրամասները՝ տեսանյութում.