Սառը ցնցուղ. սա հերթական խաբեությունն է

Այդքան շահարկված բրյուսելյան հանդիպումն ակնհայտորեն իշխանությունների տապալումն էր։ Ոչ մի շոշափելի արդյունք՝ անգամ տնտեսության համար։

Ծիծաղելի է մտածել, որ խոստացված այդ չնչին գումարներն էին պակասում Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու զարգացնելու համար։

Սա իսկական սառը ցնցուղ էր բոլոր նրանց համար, ովքեր մեծ ակնկալիքներ ունեին այս հանդիպումից։ Կարծում էին, թե Ամերիկան ու Եվրոպան բացելու են քսակներն ու միլիարդներ են հոսելու Հայաստան։ Այն, ինչ խոստացան՝ ոչինչ է Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու զարգացնելու համար։ Առավել ևս՝ այնպես չէ, որ նախկինում նման օժանդակություններ չեն եղել։ Այս կամ այն չափով՝ միշտ էլ եղել են։ Պարզապես հիմա դրանք միավորել են մեկ փաթեթում՝ տպավորություն ստեղծելու համար։ Թեև արդյունքում էլի ծիծաղելի գումար է ստացվել։

Չորս տարում ԵՄ-ն Հայաստանին պատրաստ է տալ 270 մլն եվրո, տարեկան 65-70 միլիոն։

Կարդացեք նաև

Մինչ այդ էլ՝ ամեն տարի ԵՄ-ից նման օգնություններ ստացվել են։ Հարց է նույնիսկ՝ առաջիկա տարիներին դրանք ավելանո՞ւմ են, թե՞ պակասում, կամ ավելի շա՞տ են, քան մի քանի տարի առաջ խոստացել էին տալ՝ 2,6 մլրդ դոլար օգնության փաթեթով, որն այդպես էլ տեղ չհասավ։

Ըստ ամենայնի, այդ չստացված գումարներն են, որոնք հիմա փորձում են նոր փաթեթավորմամբ հրամցնել Հայաստանի ժողովրդին։

Նույնը նաև ԱՄՆ-ի պարագայում է։

Միացյալ Նահանգների բյուջեից մինչ այս էլ ամեն տարի Հայաստանը որոշակի օգնություն ստացել է։ Հայաստանին տրամադրվող օգնության չափը վերջին տարիներին տարեկան 40-45 մլն դոլարի կարգի է եղել։

Հիմա խոստանում են դարձրել են 65 միլիոն՝ 20-25 միլիոնով պատրաստվում են ավելացնել։ Չնայած դեռ ժամանակը ցույց կտա՝ կավելացնե՞ն, թե՞ խոստումը խոստում էլ կմնա։ ԱՄՆ-ում առաջիկայում նախագահական ընտրություններ են, ու դժվար է ասել՝ այսօրվա վարչակազմը  որքանո՞վ կկարողանա վերարտադրվել, որպեսզի այդ խոստումն էլ կատարի։

Եթե նույնիսկ ամեն ինչ այնպես լինի, ինչպես խոստացել են, միևնույն է, չի կարող այդ գումարների հետ կապված մեծ ակնկալիքներ լինել։ Դա ի՞նչ գումար է Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու զարգացնելու համար։ Եթե այդպիսի գումարներով հնարավոր լիներ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնել ու զարգացնել, հիմա բազմիցս դիվերսիֆիկացվել ու զարգացել էր։

Թե՞ կարծում են՝ ապրանքները տարբեր երկրներից ներմուծել ու Ռուսաստան արտահանելը կամ Ռուսաստանից ներկրել ու այլ երկրներ արտահանելն է տնտեսության դիվերսիֆիկացիան, ինչի մասին, առանց հասկանալու, վերջին շրջանում հայտարարում են իշխանության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Էմիրաթների հետ առևտրային հարաբերությունների ակտիվացումն են համարում դիվերսիֆիկացիա, երբ այն հիմնված է գերազանցապես այլ երկրների տնտեսությունների վրա։ Ռուսաստանից ապրանքները ներմուծում են, Հայաստանով արտահանում Էմիրաթներ, կարծում են, թե դրանով տնտեսությունն են դիվերսիֆիկացրել։

Սա է պատճառը, որ այս տարի կտրուկ ավելացել են այս երկու երկրների հետ առևտրային շարժերը՝ Ռուսաստանից ներմուծումն աճել է 3,5 անգամով, Էմիրաթներ արտահանումը՝ 7,4 անգամով։ Ռուսաստանից ներմուծումն ավելացել է 1,1 մլրդ դոլարով, գրեթե նույնքան էլ աճել է արտահանումն  Էմիրաթներ։

Այսպե՞ս են դիվերսիֆիկացնում տնտեսությունը։

Դիվերսիֆիկացնելու համար տնտեսության որակը պետք է բարձրանա, որպեսզի կարողանա այլ շուկաներ մտնել։ Բրյուսելյան հանդիպումը նույնիսկ նվազագույն պատուհան չբացեց հայկական ապրանքների համար Միացյալ Նահանգների ու Եվրամիության շուկաներ։

Չարաչար սխալվում են, եթե կարծում են, թե խոստացված գումարներով կարելի է հայկական ապրանքների որակն ու ստանդարտներն այնքան բարձրացնել, որ այդ շուկաներում իրացման խնդիրներ չլինեն։

Հայկական ապրանքների որակը բավարարում է այն երկրների չափանիշներին, որտեղ հիմա դրանք իրացվում են։ Նույնիսկ այդ շուկաներում են վերջին շրջանում խնդիրներ առաջացել։ Մի բան, ինչը պարզորոշ երևում է արտահանելի հատվածում՝ որոշ արտադրությունների ծավալների կրճատման տեսքով։ Պատճառն այդ ապրանքների մրցունակության կորուստն է՝ նաև ներքին շուկայում։ Ներքին արտադրությունը խթանելու փոխարեն, ներմուծումն են խթանում։

Այսքանից հետո դեռ տնտեսության դիվերսիֆիկացիայից են խոսում։ Ու դրա համար Եվրամիությունը 4 տարում խոստանում է տարեկան 65-70 մլն եվրոյի օժանդակություն տրամադրել։

Իսկ որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե ինչքան կարող է լինել այն գինը, որը Հայաստանը ստիպված կլինի վճարել, եթե աշխարհաքաղաքական այս խաղերի հետևանքով, հանկարծ ռուսները որոշեն, ասենք՝ կրկնակի թանկացնել Հայաստանին տրամադրվող գազը։ Ավելի շատ, քան օգնության այն ամբողջ փաթեթը, որն Ամերիկան ու Եվրոպան պարտրաստվում են 4 տարվա ընթացքում տրամադրել Հայաստանին։ Խոսքը 350-400 մլն դոլարի մասին է։

Սրա մեջ դեռ տնտեսության կորուստները չեն մտնում, որոնք հարյուրավոր միլիոնների, եթե ոչ՝ միլիարդների կարող են հասնել։

Այսօրվա անգամ ռուսական էժան գազի պարագայում Հայաստանի տնտեսությունը չի կարողանում մրցակցել դրսի, առավել ևս՝ ամերիկյան ու եվրոպական շուկաներում, ինչպե՞ս է մրցակցելու, եթե էներգակիրները կտրուկ թանկանան։

Արտաքին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ու Եվրամիության շուկաներում հայկական ապրանքների ունեցած իրացման նվազ հնարավորություններն էլ միանգամից կփակվեն, չնայած այսօր էլ դրանք մեծ չեն։

ԵՄ-ի հետ Հայաստանից արտահանման բաժինն այս տարվա սկզբին կազմել է արտահանման ընդամենը 3,3 տոկոսը, անցած տարի դեռ 11,5 տոկոսն էր։

Միացյալ Նահանգները, կարելի է ասել, ընդհանրապես տեղ չի զբաղեցնում արտահանման մեջ՝ ընդամենը 0,4 տոկոս։

Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ կրճատվել է 27 տոկոսով։ Միացյալ Նահանգների հետ ավելացել է, բայց տարեսկզբի երկու ամսում նույնիսկ 10 մլն դոլարից պակաս է եղել։

Հիմա մի քանի տասնյակ միլիոնով ուզում են տնտեսություն դիվերսիֆիկացնել ու զարգացնել։ Սա հերթական խաբեությունն է, որով, եվրոպական ու ամերիկյան չինովնիկների հետ ձեռք ձեռքի տված՝ Հայաստանի իշխանությունները փորձում են մատուցել հայ ժողովրդին, պայծառ ապագայի հույսերով՝ արդարացնելու առաջիկայում իրենց հանձնողական ու զիջողական քաղաքականությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս