Հայաստանի համար Եվրոպայի գծած կարմիր գծերը վերացել են. երկակի ստանդարտներ չպիտի կիրառվեն. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ԱԳՆ շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպայի խորհուրդը մինչև 2018 թվականը մեծ ուշադրությամբ հետևել է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին։ Հետևել է  տարբեր ձևաչափերով՝ օգնություն տրամադրելով, բարեփոխություններ իրականացնելով, հետևել է այն ժամանակ, երբ մարդկանց ոտքին էին կանգնում, միանգամից արձագանքում էին։

««Կարմիր գծեր» են քաշում, ոչ այն կարմիր գծերը, որոնք մենք հիմա գիտենք, որ թանկացրել են։ Հիմա այդ «կարմիր գծերը», որ քաշել էին, ոչ թե թանկացրել են, այլ վերացրել են, պետք է հակառակը լիներ։ Այն «կարմիր գծերը», որ Եվրոպայի խորհրդում քաշել էին, թե՝ սա չի կարելի, սա հակաժողովրդավարական է, հակաիրավական է, մարդուն չի կարելի ձերբակալել քաղաքական պատճառներով, մարդուն չի կարելի գետնին տապալել՝ ոտքը դնելով գլխին, այս երևույթները հիմա գոյություն չունեն։ Մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին հիշեցնենք, որ մենք այդ ժամանակները հիշում ենք և պահանջում ենք, որպեսզի երկակի ստանդարտներ չկիրառվեն»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Նա հիշեցրեց՝ այս պահին ՀՀ-ում առնվազն հինգ քաղբանտարկյալ կա։

«Այդ շենքում գտնվող անձինք, Արարատը ու մյուս արարածները վստահաբար չեն բարձրաձայնելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Գոնե այստեղից լսեն, որ Հայաստանում չեն մոռանալու Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ որպես իրենց ազգության համար բանտում գտնվող մարդիկ։ Նրանց մասին միջազգային հարթակներում չեն խոսում, այստեղ մենք հավաքվել ենք Երևանում ու Բաքվում գտնվող քաղբանտարկյալների համար»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը, այս պահին նա ԱԳՆ-ում հանդիպում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նրա այցին ընդառաջ՝ տարբեր անհատներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԳՆ շենքի մոտ՝ պահանջելով ազատություն հայաստանյան քաղբանտարկյալներին ու Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, պատանդներին ու ռազմագերիներին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս