Հայաստանը և «Եվրաջասթ»-ը համաձայնագիր են ստորագրել

Հայաստանը ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթ»-ի հետ համաձայնագիր ստորագրեց։

Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիեր Ռեյներսը և Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված այս համագործակցության համաձայնագրի շնորհիվ ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինները և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը կկարողանան աշխատել միասին։

Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտի խոսքով՝ այս համաձայնագիրը Եվրոպական միության և Հայաստանի միջև ամուր հիմք կստեղծի։

«Համաձայնագիրը հատկապես կարևոր է Բելգիայի նախագահության համար, քանի որ Եվրոպական միության և երրորդ երկրների միջև դատական համագործակցությունը մեզ համար առանցքային առաջնահերթություն է», – նշեց բելգիացի նախարարը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում շեշտեց, որ Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է եղել այս համագործակցությամբ, առաջին երկիրն է եղել, որ սկսել է բանակցությունները: Նա փաստեց, որ առաջին երկիրն է, որ ստորագրում է համագործակցության համաձայնագիրը։

«Մենք սերտ համագործակցություն ունեցել ենք «Եվրաջասթ»-ի, «Եվրոպոլ»-ի հետ՝ նույնիսկ առանց համաձայնագրի, բայց այժմ այս համաձայնագիրը գալիս է ամրապնդելու և համագործակցությունը ինստիտուցիոնալ դարձնելու: Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք նաև մեկ քայլ մոտենում ենք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական իրականացմանը: Սա դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար», – ասաց Արարատ Միրզոյանը։

Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատարն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ սա կարևոր անկյունաքար է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։

«Ներկայացնելով «Եվրոպոլ»-ի հանցավոր ցանցերի մասին զեկույցը՝ պարզ է դառնում, որ սա հնարավորություն է տալիս իսկապես ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ դատական ​​մակարդակով և ապահովել, որ 80 երկրների հետ ոչ միայն Եվրոպայում, այլև դրանից դուրս մենք կարողանանք ինտեգրված աշխատել։ Մեզ համար կարևորն այն է, որ այժմ Հայաստանը հնարավորություն ունի ունենալ ներկայացուցիչ Եվրաջասթի շրջանակներում, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մասնակցել համատեղ քննչական խմբերին», – կարևորեց Դիդիեր Ռեյներսը։

Նրա խոսքով՝ հաճախ դժվար է լինում հասնել արդարադատության, դատապարտելու կամ չդատապարտելու վերաբերյալ ​​որոշում կայացնել:

«Հայաստանի այս մասնակցությունն այժմ իսկապես հնարավորություն է տալիս լիովին ամրապնդել դատական ​​համագործակցությունն ամեն առումով: Համաձայնագիր ունենալու փաստը իսկապես հնարավորություն կտա մասնակցել մի շատ մեծ ցանցի և ամրապնդել ներկայությունը Եվրամիության հետ համագործակցության մեջ։ Կարծում եմ, որ նույնիսկ անդամ երկրներում, երբ մենք, օրինակ, համատեղ քննչական խմբեր ենք ստեղծում, դա մեզ թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են աշխատում մյուս տարբեր դերակատարները, և թե որքանով են արդյունավետ»,- ասաց հանձնակատարը։

ԵՄ Հանձնակատարը համոզված է՝ «Եվրաջասթ»-ին միանալու այս համաձայնագիրը լավ առիթ և խթան կլինի, որպեսզի Հայաստանում դատական համակարգի եվրոպական չափանիշներին համահունչ լինելու գործընթացն արագանա, ինչն արդեն ակնհայտ է անդամակցության թեկնածու երկրներում։

ԵՄ անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց համարվող Եվրաջասթը բազմաթիվ այլ գործառույթների հետ մեկտեղ իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջեւ։

Համաձայնագրի շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կազմակերպված հանցագործությունների, փողերի լվացման, մարդկային և թմրանյութերի թրաֆիքինգի, կիբեր հանցագործությունների և ահաբեկչության դեմ։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս