Սկանդալ՝ Նարեկ Մալյանի եզրափակիչ խոսքի ժամանակ. Դատավորը նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացրեց

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, շարունակվում են գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով լսումները:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ու անհնազանդության խաղաղ ակցիաների օրերին՝ սեպտեմբերի 20-ին: Նարեկ Մալյանն անազատության մեջ է հենց այդ օրվանից: Նրա հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ փակ է:

Նարեկ Մալյանը դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ՔՊ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդված՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք  քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի)։ Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ նրա ֆեյսբուքյան «լայվն» է։

Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել է. «Ինչ արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։

Կարդացեք նաև

Ավելին, ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ՝ ձերբակալման առաջին օրը, Նարեկ Մալյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ես, օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընձեռված հնարավորությունից, հրաժարվում եմ ցուցմունք տալ այս գործի շրջանակներում և նաև ունեմ փոքրիկ հայտարարություն, որն անպայման կցանկանամ, որ արձանագրվի, նաև թղթային տեքստով արձանագրվի. Քրեական հետապնդումներն իմ նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի կողմից, ովքեր 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անելով ՀՀ-ում, զավթեցին իշխանությունը՝ նպատակ ունենալով հանձնել Արցախի Հանրապետությունը, կազմակերպել Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ՝ հայերի զտումներ, և սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին Արցախը, ինչպես նաև Հայաստանի՝ արդեն որպես փաստ, որոշ հատվածներ, և սա դեռ, արձանագրենք, որ դեռ վերջը չի, և հարցը դեռևս վերջացած չի համարվում: Այսպիսով՝ ես արձանագրում եմ, որ այս քրեական վարույթը նպատակ ունի վախեցնել քաղաքացիներին, ինձ չէ, որովհետև ինձ անհնար է վախեցնել, իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ: Այսքանը, շնորհակալություն»:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 13-ին Նարեկ Մալյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած երաշխավորագրերը՝ Հայ Առաքելական եկեղեցու՝ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոսից, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և կայքի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից, 24news.am կայքի տնօրեն Նարեկ Գալստյանից, արձակագիրներ Գուրգեն Խանջյանից, Հուսիկ Արայից, Լևոն Ջավախյանից. Ընդամենը 6 երաշխավորագիր: Ռուբեն Մելիքյանը միջնորդեց նաև կիրառել համակցված խափանման միջոցներ՝ տնային կալանք, 5 միլիոն դրամ գրավ:

Դատավոր Սուսաննա Գզոգյանը, սակայն, Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով:

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Մալյանը դատարանում հրաժարվել է հարցաքննությունից:

Այսօրվա դատական նիստում Նարեկ Մալյանը հանդես է գալիս վերջին խոսքով: Մինչ այդ հանդես եկավ Նարեկ Մալյանի պաշտպանական թիմի անդամ Տիգրան Աթանեսյանը՝ բացարկ հայտնելով դատավորին: Հանրային մեղադրողը դեմ էր դատավորին բացարկ հայտնելու միջնորդությանը: Դատավոր Սուսաննա Գզոգյանը մերժեց բացարկի միջնորդությունը. հիմքեր չկան: Այնուհետև դատարանն անցավ կողմերի եզրափակիչ ելույթները լսելուն: Առաջինը եզրափակիչ ելույթով հանդես եկավ հանրային մեղադրողը: Այնուհետև եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքից օգտվեց Նարեկ Մալյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը:

Ապա եզրափակիչ ելույթով հանդես եկավ Տիգրան Աթանեսյանը:

«Պատվարժան դատարան, Դուք ամբողջովին տապալել եք այս դատավարությունը: Դուք կալանքից ազատել եք սպանության մեջ մեղադրվող Ալավերդցի Վահագին, բայց կալանքի տակ եք պահում նախկինում որևէ դատվածություն չունեցող Նարեկ Մալյանին»,- ասաց նա:

Ապա խոսեց Նարեկ Մալյանը: Վերջինս նախ ասաց՝ երբ իրականացնում էր իր տխչահռչակ ուղիղ եթերը, իր հայրենիքի մի կտորը ձեռքից գնում էր:

«Երբ մտա բանտախուց, առաջին բանը, որ հեռուստացույցով տեսա, այն էր, որ Արցախն այլևս մերը չէ: Այսօր Ոսկեպարն է վտանգված, թշնամին արդեն Ներքին Հանդում է»,- ասաց Նարեկ Մալյանը:

Նրա խոսքով՝ այս դահլիճում ի սկզբանե իրավաբանություն չի եղել, և յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ իրավաբանությունը դատական նիստերի այս դահլիճում բռնաբարվել է:

«Ես գիտեի, որ ինձ կալանավորելու են: Դեռևս հուլիս ամսին հորս, ընկերներիս, մտերմներիս ասել էի՝ ինձ կալանավորելու են: Արմեն Աշոտյանի կալանքից 10 օր առաջ գիտեի, որ նրան կալանավորելու են: Ինչևէ: Լայվը, որ ես արել էի, նպատակ ուներ իմ տեղորոշումը ցույց տալ մարդկանց»,- ասաց նարեկ Մալյանը:

Նարեկ Մալյանը, սակայն, իր խոսքը չավարտեց: Երբ անդրադարձավ գլխավոր դատախազին, հանրային մեղադրողը միջամտեց, ապա վիճաբանություն սկսվեց, որին մասնակցեց նաև դատավորը, ինչից հետո վերջինս որոշեց՝ 5 րոպե ընդմիջումից հետո դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով. Դահլիճից բացականչություններ էր լսել:

Հընթացս առգրավվեցին նաև լրագրողների խոսափողները. Դատական կարգադրիչները որևէ բացատրություն չտվեցին՝ լրագրողներին հորդորելով դիմել Բարձրագույն դատական խորհրդին:

Նկատենք, որ իր խոսքի սկզբում Նարեկ Մալյանն ասել էր՝ դատավորի համար անակնկալ ունի: Անակնկալը տեղի չունեցավ: Դատավորը կանխեց նրա հանրային խոսքի հնչեցումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս