Ցանկանում են բացել երկրորդ ճակատը, Հարավային Կովկասը սարքել հերթական սպանդանոց. Ատոմ Մարգարյանը՝ Բրյուսելի քաղտնտեսական հետևանքների մասին
Բրյուսելում այսօր Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Էնթոնի Բլինքենի հանդիպման օրակարգում հիմնականում տնտեսական հարցեր են. այս առնչությամբ պաշտոնական մեկնաբանությունների պակաս չեղավ: Բայց հանրային ու քաղաքական շրջանակներն էլ մեկ անգամ չէ, որ պարզաբանել են՝ հանդիպումը կունենա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ:
«Հետևանքները լինելու են ծայրահեղ բացասական,- 168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսպես է արձագանքում սպասվող հանդիպմանը՝ մանրամասնելով,- Այն ֆորմատները, որտեղ որպես գործընկեր՝ գտնվում է Հայաստանը և գործում են միջպետական բազմակողմ ու երկկողմ պայմանագրեր, այդ ամենը պետք է հաշվի առնել և նոր գնալ նման սեպարատ քննարկումների»:
Անդրադառնալով իշխանությունների՝ արևմտյան անվտանգային համակարգերի այլընտրանքների մասին խոսույթին՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ տպավորություն է, թե Արևմուտքը և հատկապես՝ անգլոսաքսոնական զույգը ձախողել են իրենց միսիան Ուկրաինայում, և այդ պատճառով են ցանկանում բացել երկրորդ ճակատը, Հարավային Կովկասը սարքել հերթական սպանդանոց:
«Դա ուղղված է Իրանի, Ռուսաստանի դեմ, ու այսպիսի ֆորմատը բացարձակապես չի բխում ՀՀ շահերից: Սպասել, որ ՆԱՏՕ-ի զորքերը (որի կազմում է նաև Թուրքիան) վաղը կշարվեն մեր սահմաններին, զավեշտ է»,- շեշտեց նա:
Այդ հանդիպումից ենթադրվող միլիարդների մասին տարբեր ակնկալիքներին մասնագետը նայում է իր գիտակցական ու մասնագիտական կյանքի փորձով: Նա նկատեց՝ սկսած 90-ականներից՝ նման տասնյակ միլիարդավոր վարկեր են եկել, սակայն բոլոր կոռումպացված էշելոնները յուրացրել են դրանք՝ չնչին մնացորդ թողնելով անվտանգության ու բանակային ստրուկտուրաներին:
«Էլ չեմ ասում, թե որտեղ է Հայաստանը՝ որպես սոցիալապես կայուն, կյանքի բարձր որակ ունեցող երկիր. չկա՛: Հայաստանը միջին եկամտի թակարդում գտնվող երկիր է, և դա իրականացվել է հենց արևմտյան կառույցների, նրանց ինստիտուցիոնալ դոնորների՝ համաշխարհային բանկի, արժույթի միջազգային հիմնադրամի խիստ հայացքի ներքո. նրանք փողերը տվել են, և արդյունքում ստացվել է կոռուպցիա:
Շարունակվում է այդ պրոցեսը. խոստացած ինչ-ինչ գումարներն էլ դառնալու են հերթական կոռուպցիոն պարուրագիծը և ուրիշ ոչինչ,- պարզաբանեց Ատոմ Մարգարյանը՝ հավելելով,- Այն, որ այսօր Հայաստանն աշակերտի նման կարծես քննության է գնում, իսկ լրատվամիջոցներն այնպես են ներկայացնում, թե սա մեզ կփրկի, ինձ նման մարդիկ դրան լուրջ չեն վերաբերվում. հարկավոր է իրատես լինել:
Այդ միլիարդները հենց իրենց քթի տակ են արդեն 6 տարի. Ո՞ւր են դրանք: Այսօր կարդում եմ՝ մի շինարար օլիգարխից որոշել են 4 միլիարդ դրամ բռնագանձել: Մինչդեռ մի քանի օլիգարխից ոչ թե դրամներ, այլ դոլարներ վաղուց պետք է բռնագանձած լինեին, եթե կառավարումը լիներ ինստիտուցիոնալ և ոչ թե դառնար մեկ անձի իշխանություն: Այդ մեկ անձն է այսօր որոշում՝ այսօր կգնամ, ենթադրենք, այդ երկուսի հետ կհանդիպեմ Բրյուսելում, վաղը Պուտինն աչքով կանի, կգնամ Մոսկվա: Այդպես չի՛ լինում. դու քո թիկունքին պետք է ունենաս իսկապես հզոր ու առողջ հասարակություն, պետական մեքենա, սակայն դրանք չկան»:
Ատոմ Մարգարյանն այս համատեքստում ընդգծեց, որ չկա հզոր պառլամենտական իշխանություն, որը պետք է սահմանադրությամբ լիներ՝ միահեծան կառավարման փոխարեն. միայն «կնոպկա սեղմողներ են», ու այս առումով, ըստ նրա, ոչ մի տարբերություն չկա ո՛չ նախկին ղեկավարների, ու ո՛չ այս ղեկավարի օրոք Հայաստանների միջև:
«Գոյություն ունի մեկ ֆորմատ, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է. միայն այդ ֆորմատը կարող է աշխատել, եթե արևմտյան տերություններ են ներգրավված. ոչ մի ուրիշ ֆորմատ այս տարածաշրջանում չի աշխատելու. դա բերելու է նոր պատերազմի, արհավիրքների»,- բրյուսելյան հանդիպման մասին իր դիտարկումներն ամփոփելով՝ նշեց տնտեսագետը՝ այն համարելով հերթական քարոզչական փուչիկը:
Ըստ նրա՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար պետք է գործող իշխանությունը հեռանա, իսկ այլընտրանքը պետք է լինի լայն ժողովրդական ճակատի առկայությունը, որում ներգրավված պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր դեմ են այս իշխանությունների կառավարմանը:
Ատոմ Մարգարյանը շեշտեց՝ երկրում պետք է լինի ուժեղ հասարակություն ունեցող իշխանություն, որը մանդատ կունենա, իսկ այս իշխանությունը, նրա համոզմամբ, չունի մանդատ. 5-6-7 տոկոս ոչ լիարժեք ձայն ունեցող իշխանություն է, որը դեմ է գնում ինքն իրեն՝ իր նախընտրական ու գործունեության ծրագրերին: