Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց, թե՞ Ադրբեջանի ցանկություններին հագուրդ տալ. Սերժ Սարգսյան

Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոսելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին՝ ասաց՝ Ադրբեջանն այդ ժամանակ սանձազերծեց ռազմական գործողություններ, քանի որ ձախողել էր դիվանագիտական ոլորտում, բանակցություններում։

«Ադրբեջանը փորձեց օգտագործել այն հնարքը, որն օգտագործում էր 1992-1994 թվականներին, երբ անընդունելի պայմաններով կողմերից մեկին առաջարկում էին հրադադար, կողմերից մյուսը նախաձեռնում էր ռազմական գործողություններ և այդ փուլն անցնում էր։ Եվ պատահական չէ, որ այդ ձախողման մասին Ադրբեջանի ղեկավարը 2016 թվականի աշնանը հայտարարեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Կարող է հարց առաջանալ, որ էմոցիոնալ  խոսքեր էին Ադրբեջանի ղեկավարի կողմից, բայց հիշո՞ւմ եք, որ նա նույնն առնվազն երկու անգամ կրկնել է 44-օրյա պատերազմից հետո։ Նպատակը դա էր՝ որպեսզի փոխեր բանակցային գործընթացը, բայց դա իրեն, բնականաբար, չհաջողվեց»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը նաև անդրադարձավ Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը՝ շեշտելով, որ հայրենիքի այդ հատվածում բազմիցս եղել է՝ 90-ականների սկզբին, երբ Պաշտպանության նախարար էր նշանակվել առաջին անգամ, Ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ և, երբ երկրորդ անգամ նշանակվել էր Պաշտպանության նախարար։

Կարդացեք նաև

«Այդ տեղանքը հենց հիմա էլ աչքիս դեմն է։ Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչի՞ հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։ Ցանկացած դիվանագիտական մի թեթև կուրս անցած մարդը գիտի, որ բանակցային պրոցեսն այնպիսի պրոցես է, որ քանի դեռ համաձայնեցված չէ փաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Այսինքն՝ սա բանակցությո՞ւն է, սա սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։

Ինչ է մեզ ասում մեր գլխավոր բանակցողը, ասում է՝ եթե չտանք, ապա ադրբեջանցիները կհարձակվեն։ Մենք կարո՞ղ ենք մտածել, որ վաղը-մյուս օրն Ադրբեջանը կարող է պայման դնել, որ եթե Սյունիքը չտաք՝ կհարձակվենք, և այսպես ինչ ուզի՝ վերցնի, սա ի՞նչ մոտեցում է։

Կոնկրետ գյուղերի հետ կապված շատ մեծ պրոբլեմներ ու խնդիրներ են լինելու, կարծում եմ՝ նույնիսկ այդ որոշումն ընդունելիս նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի խաղաղ ապրելու։ Թե ինչից ելնելով, օրինակ, նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պետք է անվնաս թողնեն։ 90-ականների սկզբներին շատ մեծ դժվարությունների գնով ՀՀ-ին հաջողվեց վերջ տալ այդ գազատարների պայթեցմանը, և այլն։ Եթե իրենց թվում է, որ ամեն ինչ լավ է, հայերն ու ադրբեջանցիները եղբայրացել են, ի՞նչ ասեմ…»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս