Այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր՝ ծառերը մասսայական հատում են, նաև առողջ ծառերը. Սիլվա Ադամյան
Վերջին օրերին Երևանի մի շարք փողոցներում տեղի են ունենում մասսայական ծառահատումներ։ Թումանյան, Մոսկովյան, Սայաթ-Նովա, Մոսկովյան, Ամիրյան, Ալեք Մանուկյան և այլ փողոցներում ծառահատումներն իրականացվում են «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագրի շրջանակներում։ Սակայն մասնագետներն ահազանգում են՝ հատվում են նաև առողջ ծառերը, ինչը վանդալիզմ է։
168.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը մասսայական այս ծառահատումը որակեց՝ էկոցիդ։
«Ուսումնասիրողներն այդ ամենն ուսումնասիրել են, կամավորական խումբ ունենք, որտեղ ընդգրկված են մասնագետները՝ հայտնի մասնագետ Քրիստինա Վարդանյանի գլխավորությամբ։ Պարբերաբար տեսնում ենք, որ հատվում են առողջ ծառեր, կողքից էլ՝ հիվանդ ծառեր։
Ինձ համար այստեղ ակնհայտ է, որ սա կապված է կոռուպցիոն ռիսկերի հետ։ Մեծ գումարներ են դրվել այդ ծառերը բերելու համար՝ Հուդայի ծառը, սակուրան և այլն, դրանք փոքր սաղարթներ ունեն, փոքր ծառեր են և բացարձակ կապ չունեն Երևանի պայմանների հետ։
Ասում են՝ ծառերն ենք թարմացնում, բայց թարմացում այլ կերպ են անում, գրքեր կան, գոնե թող բացեն ուսումնասիրեն։ Իհարկե, մենք դեմ չենք, որ անառողջ ծառերը կտրեն, բայց դրա փոխարեն՝ պետք է տնկեն այնպիսի ծառեր, որոնք համապատասխանում են մեր կլիմայական պայմաններին։ Սա մասսայական հատում է, և չենք վախենում սա կոչել էկոցիդ, ահավոր վիճակ է, աննկարագրելի»,- նշեց Սիլվա Ադամյանը։
Ըստ բնապահպանի, Հայաստանում ստեղծվել է էկո պարեկների ծառայություն։ Սակայն այս ծառայությունը, որը կոչված է նման դեպքերում գնալ բարձրացրած ահազանգերի հետևից, չի գնում։
«Ես էկո պարեկների էջում գրել եմ, որ իրենք զբաղված են շրջակա միջավայրի խնդիրների արտասահմանյան գրանտների հարցերով։ Այնտեղ որևէ բան չի գրվում, Տեսչական մարմինը գոնե խնդիրներին անդրադառնում է, իսկ սրանք չկան այդ գործում։ Ուրեմն՝ մենք ունենք անօգուտ ծառայություն, որի աշխատողները պետական բյուջեից փող են ստանում՝ քաղաքացիների հարկերի հաշվին, որպեսզի զբաղվեն բացարձակ անօգուտ աշխատանքով։ Այդ ծառայությունը չի բարձրաձայնում բոլոր այն խնդիրները, որոնք մատնանշում է ոչ միայն հանրությունը, այլև գիտական շրջանները։
Բուսաբանության ինստիտուտի տնօրենն արդեն ասել է, որ իրենցից որևէ լուրջ գիտական հիմնավորում չեն վերցրել, պետք է խոսենք նաև առանձին գիտնականների հետ, որոնք անհամաձայնություն էին հայտնել այդ մասսայական ծառահատման վերաբերյալ։
Թող հրապարակեն այն բնապահպանների ցուցակը, որոնք համաձայնել են այս մասսայական ծառահատումներին»,- շեշտեց Սիլվա Ադամյանը։
Բնապահպանի խոսքով՝ գիտնականներից մեկն ընդգրկված է եղել քաղաքապետարանի գիտատեխնիկական խմբի մեջ: Նրան համոզել էին, թե ամեն ինչ պատշաճ անելու են, թղթեր էին ներկայացրել։
«Այդ գիտնականի անունը չեմ ուզում տալ, բայց նա ինձ հետ զրույցում ասաց, որ ափսոսում է, որ այդ թղթերի տակ ստորագրել է, նաև ասաց՝ գիտական հիմնավորում չեն տեսել այդ ամբողջ գործընթացում։
Հիմա ինձ համար զարմանալի չէ, որ պատկան մարմինները ձայն չեն հանում, ես արդեն ասացի՝ տեսնում եմ կոռուպցիոն ռիսկերի պոչը, սա կապված է մեծ փողերի հետ, լռում են, որովհետև իրենց մարդիկ են, իրենք են ուզում այդ ամենն առնել։ Փող լվալու խնդիր է, գուցե սա քաղաքական թվա, բայց սա միշտ համեմատում են մեր քաղաքական իրավիճակի հետ, որ կարծես թե գլխատում են Երևանը։ Ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, սա նաև հոգեբանական ճնշում է հայ ժողովրդի վրա, երևանցիների վրա։ Այնպիսի բարոյահոգեբանական վիճակ է, որ մարդիկ արդեն չեն էլ հասկանում, թե իրենց շուրջ ինչ է կատարվում։ Այո, այս ամենն էկոցիդ-գենոցիդ է՝ այսպես եմ գնահատում այս կառավարության աշխատանքը»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը։