Չկա տարածք, չկա քաղաքացիություն. Փաշինյանը` Tiktok-ում

Նիկոլ Փաշինյանը շարունակում  է  պետության մասին տիկտոկյան դասախոսությունների շարքը։ Արդեն երրորդն է,  թեման՝ պետության տարածք։

«Եթե ուշադրություն դարձրել եք, քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք՝ չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, այլ ոչ թե միֆական քաղաքացիության մասին։ Տարածքի հետ կապված են նաև իրավունքն ու պարտականությունը, իրավունքը կապվում է  տարածքի հետ, որովհետև գործում է այդ տարածքում, չկա իրավունք, որը կապված չէ կոնկրետ տարածքի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, երբ մարդը փոխում է տարածքը, այսինքն՝ հատում է երկրի սահմանը կամ այլ երկրների սահմանները, փոխվում է ամբողջությամբ իրավունքների ու պարտականությունների համակարգը։ Այսինքն՝ յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների և պարտականությունների համակարգի առանձնահատկությունը։

«Նույնիսկ համամարդկային իրավունքները կապված են տարածքի հետ, և այդ տարածքը Երկիր մոլորակն է. համամարդկային իրավունք ասելով՝ նկատի ունենք այն իրավունքները, որոնք նույնիսկ անվանվում են համամարդկային, բայց կապված են տարածքի հետ, և այդ տարածքը Երկիր մոլորակն է: Պետք է նաև արձանագրենք, որ Երկիր մոլորակում, ոչ բոլոր տարածքներում են գործում այդ համամարդկային իրավունքները, կամ կախված տարածքից՝ դրանք գործում են որոշակի առանձնահատկություններով։  Տարածքն իրավունքների ու պարտականությունների մասին է նաև։

Կարդացեք նաև

Հետևաբար, երբ խոսում ենք ժողովրդապետության, Հայաստանի Հանրապետության մասին, շատ կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումներն ինքնիշխան իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ Երրորդ Հանրապետության գոյության ողջ ընթացքում մեր պատկերացումները մեր ինքնիշխան իրավունքների և պարտականությունների տարածքի վերաբերյալ հաճախ զրկված է եղել կոնկրետությունից։ Սա վերաբերում է բոլորին, ինձնից սկսած, մեր մյուս քաղաքացիներով ավարտած։

Վերլուծությունը պետք է մեզ  հանգեցներ այն մտքին, որ չի կարող տարածքը լինել անորոշ կամ կոնկրետությունից զրկված, իսկ իրավունքը՝ կոնկրետ։ Իրավունքները և պարտականությունները մեր երկրում շատ հաճախ լիարժեք կոնկրետության մեջ արդյունավետ չեն գործել, թերևս, կապ ունի նրա հետ, որ մեր պատկերացումները, ինքնիշխան տարածքի մասին պատկերացումները առնվազն միշտ չէ, որ կոնկրետ են եղել։ Այս առումով է, որ մենք կարևորում ենք  մեր ինքնիշխան  տարածքի կոնկրետացումը, որովհետև դա կկոնկրետացնի մեր իրավունքների և պարտականությունների համակարգը, նաև պետության մասին մեր պատկերացումը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս