Երբ Արցախը շրջափակված էր, սնունդ, դեղ չկար՝ դիրքեր բարձրանալիս բույսեր էի հավաքում, դեղաբույսերով բնակչությանն օգնության էի հասնում. արցախցի

«Փոքրուց մեծ հետաքրքրություն ունեի թե՛ բժշկության, թե՛ հայրենի բնաշխարհի բուսականության հանդեպ։ 6-7 տարեկանում արդեն տիրապետում էի մարդու կառուցվածքին, կազմությանն ու ֆունկցիաներին։ Գյուղատնտես պապիկիս հետ շրջում էի գյուղերում, ուսումնասիրում բուսականությունը, իսկ 15-16 տարեկանում սկսեցի գիտելիքներս այդ բնագավառում ավելի խորացնել ու որոշ ուսումնասիրություններ կատարեցի բույսերի վերաբերյալ։ Պատրաստեցի մոտ 60 տեսակի հերբարիումներ՝ դեղաբույսեր, և 2019թ․ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում տեղի ունեցավ «Դիզակի խոտաբույսերը» խորագրով ցուցահանդեսը։ 2021թ․ տեղափոխվեցի Արցախ՝ ծառայության։ Դիրքեր բարձրանալիս հավաքում էի մոտակայքում գտնվող բույսերը, դրանցից թեյեր պատրաստում, որոնք շատ էին օգնում։ Դրանց թվում կային ստամոքսի ցավի, մարսողության, ճնշումը բարձրացնող, նվազեցնող և կարգավորող բույսեր։ Այս ամենն օգտագործում էինք բլոկադայի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ Ոսկանյանը։

Նա նշեց՝ երբ Արցախը շրջափակված էր, ու ինքն էլ ծառայության մեջ էր, համեմատաբար քիչ են զգացել այն, ինչ սովորական կյանքով ապրող մարդիկ էին զգում։

«Բլոկադայի ժամանակ ծառայության մեջ էի գտնվում, և այդ ընթացքում քիչ էինք զգում, թե ինչ է կատարվում, որովհետև ուտելիքը հիմնականում ուղարկում էին առաջնագիծ։ Ճիշտ է, սնունդի չափաբաժինը պակասում էր աստիճանաբար, բայց նկատելի չէր դրա բացակայությունը։ Ծառայությունն ավարտելուց հետո նոր քաղաքացիական կյանքի դժվարությունները սկսվեցին։ Չէի հասցնում օգնել հարակից բնակավայրերի մարդկանց, այդ գործով հիմնականում պապիկս էր զբաղվում։ Ես միայն օգնում էի»,- մանրամասնեց Ռուդիկը։

Կարդացեք նաև

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողն ասում է՝ գիտական բժշկության հիմքը ժողովրդական բժշկությունն է, որի մեջ կան այնպիսի փաստեր, որ գիտական բժշկության համար մի քիչ առեղծվածային են համարվում, քանի որ գիտականորեն չեն կարողանում դրանց բացատրություն տալ։

«Ասում էին՝ ինչ-որ հիվանդությամբ տառապող մարդկանց այգիներում աճում էին այդ հիվանդությունը բուժող բույսերը, ու սա մի քիչ առեղծվածային է։ Ես նպատակ ունեմ հետագայում գիտական բացատրություն տալ այդ ամենին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Խոսելով նախասիրությունների մասին՝ Ռուդիկը հայտնեց, որ փոքր ժամանակ զբաղվել է սպորտով, սիրում է գրքեր կարդալ պատմության մասին։

Հարցին՝ ի՞նչ է մեզ ցույց տվել և առ այսօր տալիս հայոց պատմությունը, Ռուդիկը պատասխանեց․ «Կարդալով այդ ամենը՝ պետք է ունեցածը պահենք, հիշողությունների հիման վրա նորից ազատագրենք մեր կորցրած տարածքները, քանի որ դա սովորական հող չէ, մեր տղաների արյունն է թափվել, ու այն մեր Հայրենիքն է»։

Տեսանյութեր

Լրահոս