ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը մեսի՞ջ էր, և ո՞ւմ էր այն ուղղված

Մարտի 30-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ անցկացված ծառայողական խորհրդակցության ժամանակ վերլուծվել է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը, պատասխանատուների առաջ խնդիր է դրվել՝ պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և կատարելագործել նրանց ծառայողական ու մարտական գործունեությունը։

Զաքիր Հասանովն ընդգծել է իրական պատերազմի պայմաններին համապատասխան վարժանքների և գործնական պարապմունքների ինտենսիվության հետագա ավելացման կարևորությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ ընդունված ժամանակակից սպառազինության, տեխնիկայի և մարտական այլ միջոցների կիրառմամբ:

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը պարբերաբար նոր և ժամանակակից սպառազինություն է ձեռք բերում կամ մատակարարման վերաբերյալ նոր պայմանագրեր կնքում, ընդ որում, նաև հարձակողական, հարվածային զենքերի:

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել էր «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը:

Կարդացեք նաև

ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշված էր, որ «զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով», և, որ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին, ընդգծել ռազմարդյունաբերողների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զինված ուժերը նորարար և արդյունավետ զինատեսակներով համալրելու համար:

Իսկ մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Թե կոնկրետ ռազմարդյունաբերական ինչ նորագույն նմուշների մասին է խոսքը, մանրամասներ չեն ներկայացվել, մի բան փաստ է՝ միշտ չէ, որ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարելի է տեսնել ձևակերպումներ պահպանությունից պաշտպանության անցնելու սցենարների խաղարկման մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության, որն ավելի կոշտ է իր խոսքում և հստակ նշում է հարձակողական սցենարների մասին:

Իհարկե, պաշտպանություն ասվածը ենթադրում է հակառակորդի հարձակման կասեցում և այլն, եթե դա էլ պատշաճ կազմակերպված լիներ և լինի, բավականին կորուստներից կարելի է խուսափել: Իսկ թե ՀՀ ՊՆ վերը նշված հաղորդագրությունն ում կամ ինչ մեսիջ է պարունակում՝ ներքի՞ն, թե՞ արտաքին լսարանի համար է, կարող ենք միայն ենթադրություններ անել:

Տեսանյութեր

Լրահոս