Անդրանիկ Քոչարյանի լեզվի ձեռքը կրակն է ընկել մեր անվտանգային համակարգն ու պաշտպանության նախարարությունը. Գեղամ Մանուկյան

Մարտի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այսօր սպառազինություն գնելիս փորձարկումներ են իրականացվում, որպեսզի հետո կիրառելիս չպարզվի, որ խնդիրներ կան: Խոսքը, թերևս, հնդկական զենքի մասին է:

Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում պնդել է, որ «Հնդկաստանից ինչ զենք բերել են՝ մեկ տարի անսարք վիճակում կանգնած է, ոչ մի բան չեն կարողանում անել, ունեմ գրավոր տեղեկություն, որ Հայաստանում հնդկական զենքն անսարք վիճակում է, չեն կարողանում սպասարկել», ՊՆ-ն այս հայտարարությանը չի արձագանքել, չի փորձել հերքել:

168.amՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցում փորձել է թույլատրելի սահմանում պարզել՝ մարտի 25-ին պաշտպանության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի փակ քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բավարար հիմնավորումներ բերե՞լ է, որ հնդկական զենքը որակական խնդիրներ չունի կամ չի ունենալու:

– Ինձ թվում է՝ ոչ միայն Անդրանիկ Քոչարյանն է իր լեզվի ձեռքը կրակն ընկել (դա չարյաց փոքրագույնն է), այլև մեր անվտանգային համակարգն ու պաշտպանության նախարարությունը, մեր ողջ երկիրը։ Նա հաճախ է չարաշահում պաշտպանության հանձնաժողովների փակ ռեժիմով նիստերն ու անգամ դռնփակ աշխատանքային քննարկումներ ասածը, ու հետո միկրոֆոն տեսնելիս, ոտքերը թուլացած՝ հազար ու մի բան է դուրս տալիս, որոնք կամ իրականության հետ կապ չեն ունենում, կամ էլ՝ սեփական «մտքի գոհարներն» են։

Կարդացեք նաև

Եթե Պաշտպանության հանձնաժողովում եղել է փակ նիստ, ապա նիստում խոսեցվածը մնում է նիստում, համապատասխան եզրակացություններով։

Արշակ Կարապետյանի ասածներին չեմ անդրադառնա, քանի որ ճիշտ չեմ համարում հրապարակային այդ հարցերով խոսել։

Բայց Քոչարյան Անդրանիկի խոսքերն ամեն ինչ արդեն ասում են այսօրվա իշխանության աշխատաոճի, սպառազինությունների ձեռքբերման և այդ ամենի վտանգավորության լրջության մասին։ Քոչարյանի տրամաբանության, բազմամիլիոնանոց սպառազինությունները ձեռք բերելուց, դժվարությամբ Հայաստան տեղափոխելուց հետո միայն դրանք պետք է տեղում փորձարկվե՞ն, որ նոր հասկանան՝ կիրառման դեպքում դրանք սարքի՞ն են, թե ո՞չ։ Սա լո՞ւրջ է ասում։

Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ զենքն առնեն-բերեն, նոր միայն փորձարկեն, և ընդդիմախոսներին (նույն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին) հրավիրեն հրաձգարան՝ դրանց որակը ստուգելու համար։ Լավ է՝ չի առաջարկում, որ, օրինակ, 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցների լիցքավորումը կամ նշանառությունը պատգամավորներն անձնամբ իրականացնեն՝ որակ ստուգելու համար։

Անդրանիկ Քոչարյանը, ինչպես հաճախ է լինում, այս դեպքում ևս իր «ոգևորությամբ» բացահայտում է շատ ավելի խայտառակ փաստեր։

Մնացյալը՝ դժգոհությունները, քննարկումները, քննադատությունները, փակ նիստի և անվտանգության հարց է։

– Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ փորձում են և՛ գնելիս, և՛ ՀՀ-ում: Եվ, այո, ընդդիմախոսներին հրավիրում է գնալ և համոզվել իրենց գնած սպառազինության որակական հատկանիշներին: Ի դեպ, հիշատակված հարցազրույցում նա հիշել է նախկին ժամանակները, որ իբր «նախկինում գնում-բերում էին, և հետո պարզվում էր, որ պահեստամասերի մի մասը վրան չի, և սկսում էին հետևից պահեստամասեր բերել»:

– Անդրանիկ Քոչարյանը մնաց ասի, որ սպառազինությունը բերելուց այստեղ Տեր Հայրն էլ օրհնում է, արդեն ծիծաղելի են դառնում այդ մանրամասն բացատրությունները: Կարծում եմ, որ սպառազինություն ձեռք բերող և՛ նախկին, և՛ ներկա զինվորականները կբացատրեն Անդրանիկ Քոչարյանին՝ ինչպես է կատարվում: Ինչ վերաբերում է պահեստամասերի բացակայության մասին իր ասածին, ապա Սու-30-ների՝ առանց զինամթերքի իրենց գնումն ամեն ինչի մասին խոսում է:

Տավուշից տարածքներ և դիրքեր զիջելու դեպքում Սուրեն Պապիկյանը, ԳՇ-ի պետը պատկերացում ունե՞ն՝ ի՞նչ անվտանգային ռիսկերի ենք բախվելու, ի՞նչ է լինելու 3-րդ բանակային կորպուսի ճակատագիրը:

– Ինչպես ամենուր բոլոր ոլորտներում ենք հանդիպում, այս կառավարությունն ամենակարևոր տեղը հատկացնում է աչքակապությանը, բառախաղերին։ Հիշո՞ւմ եք, 2021-26 թվականների գործունեության ծրագրում գրված էր, որ «Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը»։ Արդեն երեք տարի անցել է, և գրեթե չի փոխվել սահմանապահների պահպանության պատասխանատվության գոտին։

Տպավորություն է, որ ամեն ինչ ինքնահոսի է թողնված։ Բացատրությունն էլ ամենաաբսուրդայինն է՝ քանի որ լինելու է սահմանագծում և սահմանազատում, նշանակում է՝ այն դառնալու է պետական սահման։ Հետևաբար՝ կանգնելու են սահմանապահները, հոգ չէ, որ մեր սահմանապահ զորքերի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվածությունը, կառուցվածքը, ընդհանուր մարտական պատրաստվածության փիլիսոփայությունն է տարբեր։ Այս մասին բավականին մանրամասն խոսել ենք, մատնանշել բոլոր վտանգները, հետևանքները։

Տխմարություն է իշխանական այս մոտեցումը, երկրի մի հատվածում համարել՝ կա պետական սահման, երբ Գեղարքունիքում, Ջերմուկում, Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածքները շարունակում են օկուպացված մնալ, և լարվածությունն էլ, բոլոր հետևանքներով հանդերձ, պահպանվում է։

2021 թվականի հունիսին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե՝ «ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անկլավներով ստորագրի», հայտարարել էր, թե հարցը քննարկել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվել է»: Քանի որ Տավուշից տարածքներ տալու խնդիրն այսօր ակտուալ է, և մարտի 25-ի փակ քննարկմանը հետո մասնակցել է նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այս թեմայով հարց տրվե՞լ է ԱԱԾ տնօրենին, գուցե Տավուշի մասին կետը հանվե՞լ է որոշակի ժամանակով, կամ՝ բանավոր պայմանավորվածություններից երբեք էլ չի հանվել:

– Մեկ արձանագրում միայն անեմ՝ 2020 թվականի նոյեմբեր 9-10-ի եռակողմ վերջնական և ստորագրված փաստաթղթում Տավուշի հետ կապված որևէ կետ չի եղել։ Այսքանը։

– 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ե՞րբ է ներկայացվելու, ունե՞ք որևէ տեղեկություն, հնարավո՞ր է՝ ունենանք Ապրիլյանի զեկույցի պատմությունը, որն այդպես էլ չներկայացվեց:

– Հստակ տեղեկություններ չունեմ, ակնկալիքներ՝ առավել ևս։ Նաև ի նկատի ունենալով, որ այդ զեկույցի վրա աշխատում է նույն Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի թիմը։ Իսկ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն առավել քան մակերեսային են ու չունեն խորքային որևէ տարր։ Ինչպես մեռելածին էր, քաղաքական նպատակներով, այդպես էլ մեռյալի կյանք ունեցավ։

– Շարունակելով թեման, թեև քննիչ հանձնաժողովի նիստերին չեք մասնակցել, կարծես չեք էլ ծանոթացել արձանագրություններին, ամեն դեպքում, հնարավոր համարո՞ւմ եք, որ փակ նիստում Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանն ասած լինեն մի այնպիսի բան, որից Փաշինյանը վախենա: Օրինակ, Դավիթ Տոնոյանն իր հայտարարություններից մեկում ակնարկել էր՝ «հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից և պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»»:

– Զերծ մնամ այս հարցին պատասխանելուց, քանի որ ծանոթ չեմ եղած վկայություններին և ցուցմունքներին։ Պետք է հիշեցնեմ քննիչ հանձնաժողովի մասին մեր հիմնական վերապահումները, մտահոգությունները, հաշվի առնելով, որ այն ձևավորվել է այս իշխանությանը մաքրելու համար, վերջնարդյունքն էլ այդ նպատակով է լինելու, առանց որևէ լեգիտիմության և վստահելիության։

– Հնարավոր է՝ գրավոր ապացույցներ լինեն, որից իշխանությունները մտահոգվելու առիթնե՞ր ունենան: Ինչևէ, անցնենք այլ թեմայի: ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին ինչո՞ւ ընդդիմությունը ձեռնապահ քվեարկեց: Դուք անձամբ դրա քննարկման ժամանակ հարց էիք բարձրացրել ԵՄ առաքելության կազմում Թուրքիայից դիտորդների հնարավոր ընդգրկման առնչությամբ, թվային և երկրների սահմանափակում էլ չկա, իսկ Թուրքիայի օրակարգում առաջնային հարցերից է դեռ ԵՄ-ին անդամակցությունը:

– ԵՄ դիտորդական առաքելության հարցով ունեցել ենք մեր հստակ դիրքորոշումները, որոնցից մի քանիսը ներկայացնեմ.

  • փաստաթղթի ամենից մեծ խնդիրն անհստակությունն է։ Ըստ կարևորության երկրորդ խնդիրն այժմ առկա աշխարհաքաղաքական բախումը Հայաստանի տարածք տեղափոխելն է։
  • ԱԺ ներկայացված փաստաթղթի իրավական հիմքերը թույլ են, փաստաթուղթը ամբողջական չէ, այնտեղ ներկայացված չէ դիտորդական առաքելության նպատակը, սահմանված չէ պարտավորությունների շրջանակը և թիվը։ Փաստաթղթով չի հստակեցվում/անորոշ է մնում դիտորդական առաքելության կողմից ՀՀ տարածքում օգտագործվող գործիքակազմը։
  • Եվրոպայի խորհրդի որոշումը, որով սահմանված է առաքելության մանդատը, չի համարվում ԱԺ ներկայացված փաստաթղթի մաս։ Այն կարող է փոփոխվել ԵԽ կամքով, առանց ՀՀ միջամտության։ Ստացվում է՝ ՀՀ-ն արտոնություններ և անձեռնմխելիություն է շնորհում մի առաքելության, որի մանդատը և լիազորությունները միանձնյա որոշվում են ԵԽ-ի կողմից։
  • Խնդիր է նաև համաձայնագրին հետադարձ ուժի շնորհումը։ Փաստացի արձանագրվում է, որ առաքելությունը գործում է 2023 թ․ փետրվարի 20-ից (Հոդված 19)։ Անհասկանալի է, թե ինչ հիմքերով է մինչև այս պահը գործել առաքելությունը։
  • Համաձայնագրով թույլատրվում է ԵՄ անդամ չհամարվող 3-րդ երկրներին ևս մասնակցել դիտորդական առաքելությանը, որը կարող է հանգեցնել Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական տրամադրված երկրների ներկայությանը ՀՀ տարածքում։
  • Այս փաստաթուղթը ԵՄ դիտորդների անձեռնմխելիության և արտոնությունների մասին է, որևէ կերպ չի հստակեցվում ՀՀ պաշտպանունակության բարձրացման գործում ներդրումը։

Սակայն, միաժամանակ ընդունում ենք, պաշտպանունակության գործում հավելյալ տարրեր ավելացնելու անհրաժեշտությունը, ինչի համար և ձեռնպահ քվեարկեցինք այդ նախագծին։

– Անվտանգային ճգնաժամի հաղթահարման, այսօր, մասնավորապես, Տավուշը պահելու հարցում որքա՞ն պիտի լինի ժողովրդի, որքա՞ն ընդդիմության, որքա՞ն բանակի դերակատարումը: Այսինքն, ո՞վ պիտի զանգը հնչեցնի, ո՞վ պիտի այն կանխի, ո՞վ պիտի աջակցի կախողին, այս դերաբաշխումն ինչպե՞ս պիտի կատարվի:

– Ամեն մեկը՝ իր գործունեության տիրույթում։ Բանակը՝ համապարփակ, բովանդակային ներկայացնի երկրի ղեկավարության վրա հայտնվածներին բոլոր այն ռազմավարական, անվտանգային, ռազմական վտանգները, բացերը, որ կան, ու իրենք, առավել քան որևէ մեկը, պատկերացնում են դրանք։

Հասարակությունը, ժողովուրդը լայն հասկացությամբ հանրային հարթակներում, ինքնակազմակերպմամբ, ինքնարտահայտմամբ։

Ընդդիմություն ասածն ընդհանուր, և գործուն ուժերը՝ մասնավորաբար, գործնական աշխատանքներով՝ խորհրդարանից մինչև դաշտային աշխատանք։ Միգուցե ինչ-որ փուլում դա անզեն աչքով էլ չնկատվի, սակայն, ի վերջո, իր գործնական արտահայտությունն ունենալու է:

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք այսօր՝ որպես ընդդիմություն: ՀՀ պաշտպանության նախկին նախարարները ժամանակ առ ժամանակ ակնարկում են այդ մասին, և այս համատեքստում խոսում են «լեգիտիմություն ունեցող նոր ուժերի» մասին:

– ՊՆ նախկին նախարարներ ասածն ովքե՞ր են, լավ էլ չեմ պատկերացնում, բայց  ցանկացած պահի ընդդիմության համար արտահերթի հարցը կա, անհրաժեշտությունը կա, և «սրերը միշտ պատրաստ» պետք է պահել։ Ընդդիմության համար արտահերթով իշխանության գալու, հատկապես՝ այս որակի իշխանությանը պաշտոնազրկելու հրատապությունն ու անհրաժեշտությունը կենսական է։

– Խոսքը Պաշտպանության նախկին նախարարներ Արշակ Կարապետյանի, Դավիթ Տոնոյանի մասին է:

– Պարզ է:

Տեսանյութեր

Լրահոս