Ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկիրն ազատվի թուրք-ադրբեջանական զավթիչներից. Գագիկ Մինասյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ այսօր կարևոր է հասկանալ, թե այն մարդիկ, որոնք մեծ երախտիք են ունեցել պետության կայացման գործում, ինչպիսի ծանր պայմաններում են այդ ամենին հասել։

«Ինչո՞ւ է կարևոր, որովհետև հաճախ մեզ թվում է, թե այն պայմաններում, որում հիմա մենք ապրում ենք՝ գործնականում օտարների կողմից օկուպացված իշխանություն, ոստիկանական ծանր համակարգ, անվտանգության բիրտ ուժ, թվում է՝ նման պայմաններում հնարավոր չէ որևէ ազգօգուտ գործ կատարել։ Բայց ահա, Աշոտ Նավասարդյանի օրինակը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է է՛լ ավելի ծանր իրավիճակում անել քայլեր, որոնք առաջին հայացքից անիրական են թվում»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Մինասյանը՝ խոսելով ՀՀԿ հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի անցած ճանապարհի և պայքարի մասին։

Նրա բնորոշմամբ՝ Աշոտ Նավասարդյանը և իր սերնդակիցներն արեցին այն ամենը, ինչը հայ ազգը երազում էր դարեր շարունակ՝ վերականգնեցին հայոց պետականությունը։

«Աշոտ Նավասարդյանը երկու կարևոր գործ է արել, որը մենք երբեք չպետք է մոռանանք։ Նա հիմնեց անկախության բանակ, որն այսօր չափազանց կարևոր է, որպեզի այդ ավանդույթը մեր բանակը պահի, որովհետև անկախության բանակի փառապանծ էջերը գրվել են նաև Տավուշում։ Հանրապետականը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում և այսօր էլ կարծես հենց դրա հրամայականն է, որ մեզ ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ Աշոտ Նավասարդյանի գործունեությանը։ Ամեն ինչ նորից հանգում է նրան, որ բանակը պետք է պահի մեր սահմանները և երկրորդ՝ քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի երկիրն ազատեն թուրք-ադրբեջանական զավթիչներից՝ գործակալներից»,- եզրափակեց Գագիկ Մինասյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, այսօր պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ ՀՀԿ անդամներն այցելեցին Եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս