Ինչի՞ է նախապատրաստվում Ալիևը Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպումից հետո
Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը, ինչպես և սպասվում էր, լայն քննարկումների առարկա է դարձել Մոսկվայում, Բաքվում, Թեհրանում և ռեգիոնալ այլ մայրաքաղաքներում։ Չնայած հայկական կողմը լուրջ մանրամասներ չի ներկայացրել Արևմուտքի հետ սպասվող քննարկումների օրակարգից, որոշ մայրաքաղաքներից ստացվող հայտարարություններն ուշագրավ են թվում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել սպասվող այս հանդիպումը՝ նշելով, թե այն «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարածաշրջանը և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության ձևավորմանը»․ «Այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն՝ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»,- նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Թշնամի երկրի ԱԳ նախարարությունը նաև նշել է, թե «Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։
Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ը այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում լարվածության նոր ալիք հրահրել։ Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ «Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերման պլանները Խաղաղության եվրոպական ֆոնդի շրջանակում վնասում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»։
Ուշագրավ է, որ Բաքուն նման հայտարարություններով է հանդես գալիս ՀՀ-ին ուղղված սեփական վերջնագրերի ու այդ վերջնագրին տրվելով՝ չորս գյուղեր Ադրբեջանին հանձնելու ՀՀ իշխանությունների հայտարարությունների ֆոնին։ Մշտապես Ադրբեջանն է, որ սպառնում է պատերազմով՝ ՀՀ-ից հերթական զիջումները ստանալու նպատակով։
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն իր հերթին՝ տարօրինակ հայտարարություն է արել այս հանդիպումից խոսելով, նա նշել է, թե Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում իրենց նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Հարցին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելո՞ւ է աջակցությունը քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում, Մեթյու Միլլերն ըստ էության չի պատասխանել, այս հանդիպումը դիտարկելով ոչ թե ՀՀ-Արևմուտք հարաբերությունների, այլ Արևմուտք-Հարավային Կովկաս հարաբերությունների փաթեթում։
Ի դեպ, ի պատասխան մեկ այլ հարցման, ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. հենց այդ նպատակով է ԱՄՆ-ը ընդլայնում Հայաստանի հետ լայն հարաբերությունները:
«168 ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Բաքուն հանդես է գալիս համարձակ «դեմ» դիրքորոշմամբ, քանի որ նախ ռեգիոնում բոլոր առանցքային երկրները դեմ են և բարձր զգայունությամբ են վերաբերվում ՀՀ-Արևմուտք հարաբերություններին:
Թեև, ըստ նրա, հարկ է նաև ասել, որ այդ հարաբերությունների վերաբերյալ կարծիք կարող են հայտնել ՌԴ-ն կամ Իրանը, զուգահեռաբար, այնուամենայնիվ, ասելով, որ դա ՀՀ ինքնիշխան գործն է, սակայն Ադրբեջանի արձագանքն անհասկանալի է, հատկապես, երբ պատերազմի ու ռազմական սպառնալիքի գործոնը մշտապես օգտագործում է հենց Ադրբեջանը և ոչ Հայաստանը։ Նրա խոսքով, հող է նախապատրաստվում ապագա հնարավոր էսկալացիաների պատասխանատվությունը կրկին հայկական կողմի վրա գցելու համար։
«Սա այսօր ավելի համարձակ արվում է, շոշափելով և զգալով այս հարցում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի տրամադրությունները։ Մյուս կողմից՝ այս ամենը է՛լ ավելի խոցելի է, քանի որ չկա լուրջ բովանդակություն ՀՀ-Արևմուտք ձևաչափերի ներքո, ռազմական հավասարակշռությունը շարունակում է խախտված մնալ, ավելի մեծ է աղմուկը, քան այն, ինչ իրականում ներկայումս հնարավոր է ունենալ ՀՀ-Արևմուտք հարաբերություններում։ Եթե լիներ հարուստ օրակարգ, ապա այն ինչ-որ կերպ կբացահայտվեր կամ կհայտարարվեր Պետդեպի կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Եթե Արևմուտքը մտահոգվի առանձին ՀՀ-ի մասին, ապա հնարավորինս առանց խնդիր կփորձի հասնել իր նպատակներին։ Սակայն, ինչպես Ուկրաինայի պարագայում, այնպես էլ այսօր, Հայաստանի դեպքում, իսկապես անվտանգության, տվյալ երկրների անվտանգության մասին որևէ մեկն Արևմուտքում չի մտածում։ Հիմնական շահագրգռությունն այն է, որպեսզի այդ երկրներն ավելի ակտիվ դուրս գան ՌԴ-ի դեմ»,- ասաց Եվսեևը։
Նա նաև չբացառեց, որ հանդիպումն իրականում որևէ լուրջ արդյունք չի ապահովի, այլ միայն կքննարկի ՀՀ-Ադրբեջան ներկայիս հարաբերությունները։ «Կարծում եմ՝ այդ հանդիպումից հետո ռեգիոնալ զարգացումներն այլ փուլ կմտնեն»,- ասաց նա։
Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն էլ գտնում է, որ Արևմուտքը փորձում է եղած հնարավորությունների չափով դիտարկել ՀՀ-ին ցուցաբերվելիք աջակցության հարցը, հատկապես, երբ դա ՀՀ իշխանություններն են ցանկանում ու հայտարարում այդ մասին։
«Ուկրաինայում պատերազմին զուգահեռ՝ Արևմուտքի համար ևս բարդություններ կան, ներքին տարաձայնություններ, անկանխատեսելի զարգացումների մեծ ռիսկ, գործընկերներ Հարավային Կովկասում, որոնց միջև Արևմուտքը ցանկանում է թե հավասարակշռություն պահպանել, թե աջակցել Հայաստանին։ Սակայն Արևմուտքը չի ցանկանում անել որևէ քայլ մյուս երկրների հետ հարաբերությունների հաշվին։ ԱՄՆ-ը հատկապես Հարավային Կովկասը դիտարկում է մեկ ամբողջության մեջ, ուստի ձգտելու է ՀՀ-ին որոշակի աջակցությամբ պահպանել հարաբերություններ այլ երկրների հետ»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա, եթե Ռուսաստանը ՀՀ-ի խնդիրների լուծման հարցում բավարար չափով չի կարողանում Հայաստանին աջակցել, ապա ՀՀ-ն կարող է դիտարկել Արևմուտքից աջակցություն ստանալու և հարաբերությունները խորացնելու հեռանկարը։
Ցինցաձեի կարծիքով՝ աշխարհաքաղաքական նման մրցակցության պայմաններում ՀՀ կտրուկ շրջադարձը դեպի Արևմուտք գուցե շատ երկրների հավանությանը չարժանանա։ «Մինչ այդ, իհարկե, ցանկացած արձագանքը կարևոր է հասկանալ, թե ինչպես ու ինչ մակարդակի են լինելու ՀՀ-Արևմուտք հարաբերությունները, կարևոր է հասկանալ, թե ինչ որոշումներ ու տարբերակներ կքննարկվեն առաջիկա հանդիպմանը։ ՀՀ-ն ասոցացված երկիր չէ, սակայն այն իրավիճակում է, որ հարկավոր են արագ լուծումներ, արագ որոշումներ։ Թե ի՞նչ կարող է անել ԵՄ-ն այս ձևաչափով՝ չեմ կարող ասել, սակայն արևմտյան մամուլում քննարկումներ ընթանում են։ Իրավիճակի գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը կնքված չէ, ռեգիոնալ հակամարտությունները չեն կարգավորվել։ Սա այս գործընթացներին հավելյալ սրություն ու լարվածություն է հաղորդում»,- ասաց նա։