Դրանք բուն հայկական տարածքներ են, իշխանությունը գնում է զիջումների իր աթոռը պահելու համար. Աշոտ Ղուկասյան

Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած այցից և այնտեղ արած հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչները ոտքի են կանգնել այն հաստատակամությամբ, որ Տավուշից որևէ տարածք ու գյուղ Ադրբեջանին չեն զիջելու։

Ինչպես սահմանամերձ գյուղի բնակիչները, այնպես էլ բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Տավուշից որևէ տարածք Ադրբեջանին զիջելը, մասնավորապես՝ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումին, Աշաղը Ասքիփարային, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին, նշանակում է՝ վտանգի տակ դնել այդ տարածքով Հայաստանից ելքն արտաքին աշխարհ։

168.am-ի հետ զրույցում պատմաբան և դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանն ասաց՝ այն, որ Տավուշի այդ գյուղերն ու տարածքները պատմականորեն հայկական են՝ քննարկման ենթարկա չէ, այլ հարց է, որ այսօր աշխարհին պատմական հիմքերը չեն հետաքրքրում, այլ հետաքրքրում է ուժը։

«Հիմա, այս ամենից զատ, Հայաստանի իշխանությունն իր կյանքը երկարաձգելու համար ասպարեզ է բերել այդ տարածքները հանձնելու օրակարգը։ Այս ամենը զարմանալի չէ, որովհետև զիջելը, հանձնելն այս իշխանության քաղաքականությունն է։

Կարդացեք նաև

Տավուշում չկա ադրբեջանական որևէ տարածք կամ գյուղ, դրանք բուն պատմական հայկական հողեր են։ Վերջին հաշվով, երբ արհեստածին Ադրբեջանը ձեռք բերեց անկախություն, առհասարակ այդ տարածքների հետ կապ չուներ։ Հետագայում՝ որպես ԽՍՀՄ անդամ երկիր, Ադրբեջանը հայկական տարածքներում սկսեց զբաղվել անասնապահությամբ, ադրբեջանցիները սկսեցին իրենց անասուններով գալ ու ՀՀ հողում զբաղվել անասնապահությամբ, նրանք այդ տարածքներում այնքան շատացան, որ սկսեցին ապրել ու բնակավայրեր ստեղծել։ Հիմա ասում են, թե՝ այն տարածքները, որտեղ անասնապահությամբ ենք զբաղվել՝ ադրբեջանական են, սա որևէ պատմական հիմք չունի։ Նրանց քարտեզներում այդ տարածքները չեն եղել, որովհետև բնակավայր են սարքել հայկական հողի վրա»,- նշեց Աշոտ Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը երկիրը վաճառում է իր աթոռը պահելու համար, ապա ազգը պետք է հասկանա, որ այսպես շարունակվելու դեպքում որոշ ժամանակ անց չի ունենա ո՛չ պետականություն, ո՛չ հայրենիք։

«Օրերս Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մի հայտարարություն արեց, որը մեր ողջ պատմության ընթացքում որևէ ղեկավար չի արել։ Նա ասաց, որ բանակն ամենավերջին գործիքն է անվտանգությունն ապահովելու համար, պատկերացնո՞ւմ եք այս մարդու տրամաբանությունը, այսինքն՝ նա անգործության է մատնում բանակը, որը երկրի անվտանգությունն ապահովելու առաջին գործիքը պետք է լինի։ Եթե խաղաղության են ձգտում, պետք է պատրաստ լինեն պատերազմի, ոչ թե բանակը տանեն ու դնեն անվտանգության ապահովման վերջին շարքում։ Ես հստակ ասում եմ՝ եթե մենք այսպես պետք է շարունակենք, ապա մեզ մեկ բան է սպասվում՝ կործանում, որովհետև այն, ինչ անում է այս իշխանությունը ոչ թե հայրենիքը փրկելու համար է անում, այլ իր իշխանությունը պահելու»,- նշեց պատմաբանը։

Ըստ նրա, պատմությունը միշտ էլ ցույց է տվել՝ եթե ժողովուրդը ոտքի է կանգնում, հաղթանակն անխուսափելի է դառնում։ Հետևաբար՝ այսօր միակ խնդիրը ժողովրդի ոտքի կանգնելն ու համախմբումն է։

«Ինչքան հնարավոր է, պետք է իրականացնել զանգվածային ցույցեր, ակցիաներ ու հեռացնել իշխանություններին, հակառակ դեպքում՝ մենք չենք ստանա խաղաղություն ու կկորցնենք ամեն ինչ։ Քայլ առ քայլ զիջումների են գնում, արդյունքում մեզ ի՞նչ է  մնալու։

Երբ ուժի դիրքերից են քեզ հետ խոսում՝ պատական փաստերը մղվում են հետին պլան, դրանք կարևոր են, բայց լավ դիվանագիտության դեպքում։ Հիմա աշխարհի պատմաբանները շատ լավ գիտեն, որ դրանք հայկական տարածքներ են, բայց այսօր դա աշխարհին հետաքրքիր չէ, այսօր խոսում է ուժը։ Մեր փոխարեն, մեր հարցերը լուծող չկա, դա ցույց է տվել նաև պատմությունը, իսկ որպեսզի կարողանանք ուժեղանալ, մեր հարցերը լուծել՝ պետք է համախմբվել, եթե անհրաժեշտ է՝ զենքով պաշտպանել նաև մեր հողը»,- եզրափակեց Աշոտ Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս