Քանի դեռ չեն պատժվել մեղավորները, մեր հոգին հանգիստ չի լինելու. Աստղ Գալեյան

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը ստենդավորումից հետո բավարար է։ Այս մասին 168.am հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը։

«Այս պահին առողջական վիճակը բավարար է, չնայած անընդհատ բողոքներ ունի սրտի ու ճնշման հետ կապված։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սրանք նյարդերի հետ կապված են՝ իր Եռաբլուր չգնալու ու ազատ տեղաշարժը խոչընդոտելու հետ պայմանավորված»,- նշեց Աստղ Գալեյանը։

Նա տեղեկացրեց, որ կալանավորման  միջնորդության դեմ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել, պատասխանն այսօր կհրապարակվի։

«Սպասում ենք այդ պատասխանին, տեսնենք՝ ինչ է որոշում դատավորը։

Կարդացեք նաև

Գարիկն իր ձերբակալվելու ու կալանավորվելու ընթացքում միայն մեկ անգամ է  այցելել Եռաբլուր՝ հունվարի 17-ին՝ Մխիթարիս բանակ զորակոչվելու ու զորացրվելու օրը։ 2-3 ժամով դատարանի թույլտվությամբ գնացել է Եռաբլուր ու վերադարձել տուն։ Մենք խնդրել էինք, որպեսզի ոստիկաններ չուղեկցեն, քանի որ Եռաբլուր իր երեխու շիրիմին ոստիկաններով այցելելը հաճելի չէ»,- հավելեց Աստղ Գալեյանը։

Ըստ նրա, ո՛չ կալանավորումը, ո՛չ առողջական խնդիրները որևէ կերպ Գարիկ Գալեյանի նախկին դիրքորոշումների վրա չեն անդրադարձել, քանի որ, «եթե մարդն ունի իր հստակ տեսակետը, ինչպե՞ս կարող է այն փոխվել»։

«Հիմա պարոն Գալեյանի ու իմ տեղը՝ որդեկորույս ծնողների հետ, ես եմ, ամեն տեղ ես եմ գնում։ Մեր պայքարը, իհարկե, չի դադարելու, մենք ոչինչ չենք մոռանալու, որովհետև քանի չեն պատժվել մեղավորները, մեր հոգին հանգիստ չի լինելու, և մենք չենք կարող պայքարին դադար տալ»,- եզրափակեց Աստղ Գալեյանը։

Նշենք, որ փետրվարի 23-ին Գարիկ Գալեյանին, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ, տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, որտեղ կատարել էին սրտի ստենդավորում։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։

Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանն իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է՝ որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։

Տեսանյութեր

Լրահոս