«Պուտինի ձեռքերն ազատվել են, կարող է ազատ գործել, որպեզի ահաբեկչությունը շարունակություն չունենա և չվերածվի տարածաշրջանային ահաբեկչության». Գագիկ Հարությունյան

Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում ինքնաձիգով զինված անձինք կրակ են բացել համերգասրահում գտնվողների ուղղությամբ, ինչից հետո բռնկվել է հրդեհ։

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցածը որակվել է՝ որպես ահաբեկչություն, որի հետևանքով՝ ըստ ՌԴ ՌԴ Քննչական կոմիտեի, նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 115 մարդ: ՌԴ առողջապահության նախարարությունն էլ հրապարակել է 146 վիրավորների անուններ, որոնց մեջ կան նաև երեխաներ։

Ռուսաստանում պաշտոնապես հայտարարվել է, որ այս պահին հայտնաբերվել են ահաբեկչությունն իրականացնող 4 մարդ։

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ տեղի ունեցածը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն ՌԴ-ն այդ ամենը պաշտոնապես հերքում է։ Իսկ ՌԴ նախագահը հանրությանն ուղղված իր ուղերձում ասել է, որ ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով տեղի ունեցած ահաբեկչության և հետագա հնարավոր զարգացումների մասին, նախ հիշեցրեց՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է անգլոսաքսոնյան և իսրայելական հատուկ ծառայությունների ջանքերով՝ այս հանգամանքը շատ կարևոր է։ Ըստ նրա՝ ռուսական կողմը շատ լավ իմանալով այս իրողությունը, հիմա փորձում է ուղղակի փոխել տեղեկատվական արձագանքը, հակառակ դեպքում ստացվում է, որ իսլամիստները պայքարում են ՌԴ-ի դեմ, ինչն այդքան էլ այդպես չէ։

«Նույն Պաղեստինի հարցում Ռուսաստանը բավականին հավասարակշռված մոտեցումներ է ցուցաբերում և շատ հարցերում ավելի կողմ է պաղեստինական պետության ստեղծմանը, քան իսրայելական ցեղասպան գործողություններին։

Զարգացումների առանցքը սա է, և Արևմուտքը, բնականաբար, խոստացել էր, որ Ռուսաստանում նման մի բան է կազմակերպելու։ Հիշեցնեմ՝ամերիկյան և բրիտանական կողմի հայտարարությունները, որ ՌԴ-ում նախագահական ընտրություններում սպասվում են նման իրադարձություններ։ Ընտրությունների ժամանակ չստացվեց իրականացնել ահաբեկչություն՝ հավանաբար այդ շրջանում ՌԴ հատուկ ծառայություններն ավելի լարված էին աշխատում։ Ահաբեկիչներն օգտվեցին այն հանգամանքից, որ ռուսական հատուկ ծառայողները մի փոքր խաղաղվել են, անցան գործի»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Նրա բնորոշմամբ՝ Մոսկվայում տեղի ունեցածը նաև տեղեկատվական ահաբեկչություն է, քանի որ, բացի մարդկային զոհերից, սա տեղեկատվական նշանակություն ունի։

«Սա հիբրիդային պատերազմի շարունակությունն է, որն ընթանում է Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ եղավ նաև Բելգորոդում, որը խաղաղ միջավայրում տեղի ունեցավ՝ սա այդ պատերազմի շարունակությունն է, որն Արևմուտքն իրականացնում է ՌԴ-ի դեմ»,- հավելեց քաղաքագետը։

Գագիկ Հարությունյանն ասաց, որ այսօր ոչ թե Ուկրաինան է պատերազմում Ռուսաստանի դեմ, այլ Արևմուտքը՝ անգլոսաքսերը։

«Կարծում եմ՝ այժմ Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի տարբեր խնդիրների վրա, հատուկ ծառայողներն ավելի խիստ ռեժիմով կիրականացնեն իրենց աշխատանքը։

Ինքս կոշտ քայլեր Արևմուտքի դեմ ՌԴ նախագահից սպասում էի ընտրություններից անմիջապես հետո։ Բայց հիմա, այս ամենից հետո Պուտինի ձեռքերն ազատվել են, նա կարող է ավելի ազատ գործել, որպեսզի այս ահաբեկչությունը շարունակություն չունենա և չվերածվի տարածաշրջանային ահաբեկչության»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս