Արևմուտքը փորձում է Հայաստանը վերածել հարավկովկասյան «Ուկրաինայի»․ Տարասով
ՀՀ ճգնաժամային արտաքին ու ներքին քաղաքականության պայմաններում, շարունակաբար գտնվելով Ադրբեջանի միակողմանի պահանջները կատարելու տրամաբանության շրջանակում, ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ վատթարացնելուն և Ռուսաստանի առաջնորդությամբ գործող կառույցները լքելու հայտարարություններին զուգահեռ՝ ստանում են աննախադեպ դեմոնստրատիվ ժեստեր ու աջակցության «խոսքեր» Արևմուտքի կողմից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այց, խորհրդատվական բնույթի բանաձևեր Եվրախորհրդարանում, Մեծ Բրիտանիայի կողմից «Ռուսաստանի սպառնալիքի» դեպքում աջակցության հավաստիացում, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հնարավորության շուրջ խոսակցություններ, Ֆրանսիայի կողմից սպառազինության վաճառք Հայաստանին․․․ Հայտնի դարձավ նաև, որ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին Բրյուսելում կքննարկեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։
Ըստ որոշ հայտարարությունների՝ միջոցառումը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի դիմակայունությունը:
Պաշտոնական շրջանակներն այս միջոցառման օրակարգի, քննարկվելիք թեմաների վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել, սակայն ոչ պաշտոնական մի շարք շրջանակներ արդեն հնարավոր օրակարգ են ուրվագծում։
168․am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին, թե Ադրբեջանը տարածքներ է պահանջում, ու դրանք չտալու դեպքում պատերազմ կսկսվի, որոնցում կան ակնարկներ Ռուսաստանից սպառնալիքների մասին, ՀՀ-ն ակնկալում է ստանալ աջակցություն Արևմուտքից իր վերոնշյալ քայլերի ճանապարհին։
Ըստ նրա, ակնկալվում է թե պարզապես աջակցություն, թե անվտանգային երաշխիքներ։
«Չէ՞ որ այս քայլերն իրականացման դեպքում ճանապարհ կհարթեն Խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որն այս դեպքում թե ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի ցանկությունն է, որի ներքո Անդրկովկասում Ռուսաստանին թուլացնելու նպատակն է դրված իրականում։ Արևմուտքը միմիայն դեմոնստրատիվ ակցիաներ է իրականացնում, բայց գործնական քայլեր իրականում չկան, բացի Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարման, այն էլ՝ պաշտպանական սպառազինության։ Սակայն, եթե ՀՀ-ն ունի իրական աջակցություն Արևմուտքից, ինչո՞ւ է ստիպված իր բնակիչների համար նման տհաճ հայտարարություններ անել, ինչո՞ւ են սահմանազատման բանակցությունները երկկողմ ձևաչափով, ինչո՞ւ Արևմուտքը չի կարողանում դրանց մասնակցել և ամրապնդել ՀՀ դիրքորոշումները, այսինքն՝ հավասարակշռել բանակցային գործընթացը։
Սա չկա, բայց Հայաստանին քաջալերում են, ու սպասվող հանդիպումը դիտարկում եմ այդ կոնտեքստում»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, անվտանգային երաշխիքների մասով Արևմուտքում ամուր երաշխիքներ է տալիս կամ ՆԱՏՕ-ն, կամ արևմտյան առանձին երկրներ, և այս դեպքում ՀՀ-ին ուժեղ աջակցություն կարող է դիտարկվել նման երաշխիքը Միացյալ Նահանգների կողմից։
«Սակայն արդեն իսկ այսօր, դատելով բանակցային դիսկուրսից, Հայաստանին միայն ոգևորում են հեռանալ Ռուսաստանից և Խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, ու սա կարծես այս պահին բավարար է թվում աշխարհաքաղաքական այս խնդիրն իրագործելու համար: Սրա գլխավոր նպատակը Ռուսաստանի և Իրանի ազդեցությունն Անդրկովկասում թուլացնելն է։ Դա մասամբ արդեն տեղի է ունեցել՝ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացած են, ՌԴ-ն չի մասնակցում բանակցություններին, դրանք տեղի են ունենում արևմտյան հարթակներում, Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն լքելու շեմին, ռեգիոնում են ԵՄ դիտորդները, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օրերս ռեգիոնում և Երևանում էր՝ այլևս ՆԱՏՕ-ի ներկայությունը ռեգիոնում ցուցադրելու համար։ Թեև ՆԱՏՕ-ի գործընկերն այդ ռեգիոնում ոչ այնքան Երևանն է, որքան Բաքուն, բայց Երևանն է, որ ՆԱՏՕ-ից ունի լուրջ աջակցության կարիք տեսականորեն»,- ասաց Տարասովը։
Նրա կարծիքով, իրականում իրավիճակը չափազանց բարդ է, զարգացման սցենարները ևս մի քանիսն են։ ՌԴ-ն ունի երկարաժամկետ տեսլական ու նպատակներ։
«Կարծում եմ՝ Ռուսաստանում դեռ փորձում են ոչ միայն Հայաստանի, այլև ռեգիոնալ մի շարք երկրների ու խնդիրների վերաբերյալ նոր տեսակետ ու տեսլական ձևավորել»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։
Նա նաև գտնում է, որ Արևմուտքն իր հարավկովկասյան ծրագրերը փորձում է իրականացնել Երևանի միջոցով՝ փորձելով Երևանը վերածել հարավկովկասյան «Ուկրաինա»-ի, Ռուսաստանն առաջնորդվում է իրավիճակը չսրելու տրամաբանությամբ։
«Ամեն դեպքում նման ցանկությունը կա, հուսանք՝ ռեգիոնն անցնցում զարգացումներ կունենա, այդ ամենը կախված է ոչ միայն Արևմուտքից, կողմերից, Ռուսաստանից, այլև Իրանից, Թուրքիայից։ Պետք է շարունակել հետևել իրադարձություններին։ Սակայն քննարկվող սահմանազատման բարդ հարցերը և արդեն իսկ հարցի ձևակերպման բնույթը թույլ է տալիս կանխատեսել, որ Խաղաղության պայմանագիրը չի կնքվի մոտ ապագայում»,- ասաց նա։