«Մարդ չպիտի ապրի միայն հացով, այլև Աստծով»
Մեծի պահոց քառասնօրյա շրջանը որպես հիմք ունի մեր Փրկչի՝ քառասուն օրերի ծոմապահությունն անապատում, որն էլ իր հերթին հին կտակարանյան նախահիմք ունի: Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոս քառասնօրյա ծոմապահությամբ դուրս չեկավ ժամանակի սահմաններից. այդ ընթացքում՝ մինչ Քրիստոս, ծոմ պահեցին Մովսես և Եղիա մարգարեները, Մովսեսը՝ Սինա լեռան վրա (Ելք 24:18), Եղիան՝ Քորեբ լեռան մոտ (Գ Թագ. 19:8): Մեր Տերը այնքան օր ու գիշեր ծոմ պահեց, որքան Մովսես և Եղիա մարգարեները, եթե ավելի օր ծոմ պահեր, ապա Նրա մարդեղացման ճշմարտությունը շատերի համար կասկածանքի առիթ կդառնար: Հին կտակարանյան քառասնօրյա պահեցողության շրջանները առանձնահատուկ հանգամանքների համար էին կոչված և առանձնահատուկ պտուղներ էին տալիս: Մովսես մարգարեի մասին կարդալով՝ տեղեկանում ենք, որ նա այն խոնարհ մարդկանցից էր, ով արժանացավ Աստծո հետ դեմ հանդիման խոսելու պարգևին: Հրեա ազգին դեպի Քանանի երկիր գլխավորելու ճանապարհին նա մշտական և ծանր պայքարի մեջ էր Աստծո դեմ տրտնջացող հրեաների դեմ:
Տիրոջ խոսքի համաձայն՝ նա երկրորդ անգամ Սինա լեռը բարձրացավ և «Տիրոջ հետ էր քառասուն օր և քառասուն գիշեր: Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները» (Ելք 34:28): Երանելի Մաքսիմ Խոստովանողը նշում է, որ Մովսեսը՝ որպես առաջին օրենսդիր և մանուկ հրեաներին օրենք տվող, քառասուն օր ծոմ պահեց, ինչը նշանակում էր, որ նրա օրենսդրությունը պատվիրում էր հեռու մնալ մեղքերից:
Քառասուն թիվը Սուրբ Գրքում մեզ հիշեցնում է կամ մեղքերի համար պատիժ (երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ, հրեաները քառասուն տարի թափառեցին անապատում), կամ զղջում (Մովսես մարգարեի ծոմապահությունը):
Քառասնօրյա պահքը մարդկանց հնարանքը չէ, այլ՝ Աստծո կամքը: Եկեղեցու հայրերը նշում են, որ Քրիստոս քառասուն օր ծոմ պահեց երկու պատճառով. առաջին հերթին՝ որպեսզի մեզ օրինակ ծառայի, թե ինչպես կարելի է պահքով հակադրվել փորձությանը, երկրորդ՝ որպեսզի սահմանի մեզ համար քառասնօրյա պահեցողության շրջանը: Երեք տեսակի ցանկասիրական մեղքերով փորձեց չարը մեր նախածնողներին դրախտում. ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և գրավիչ՝ ըմբռնելու համար (Ծննդ. 3:6): Նույն կերպ փորձիչը փորձեց Քրիստոսին անապատում: Երբ Տերը զիջեց բնությանը, այն ժամանակ քաղց զգաց, որպեսզի անոթությամբ չարին առիթ տար Իրեն մոտենալու և Իր դեմ պայքարելու, որպեսզի հարվածեր և տապալեր նրան՝ մեզ հաղթանակ պարգևելով: Առաջին Ադամը խախտեց պահքը դրախտում, իսկ Քրիստոս՝ երկրորդ Ադամը, լրացնելով այն, պահեց խստագույն պահքը և հաղթեց չարին:
Քրիստոս, Իր օրինակի համաձայն, ուղղորդեց մարդկանց պահեցողության՝ որպես թշնամու դեմ հաղթելու փրկարար միջոց: Կարևոր նշանակություն ունի այն, որ Քրիստոս հենց պահեցողության ժամանակ հանդիպեց սատանային և որ հետագայում ասաց, թե նրան ոչնչով հնարավոր չէ հաղթել, «եթե ոչ աղոթքով և ծոմապահությամբ» (Մատթ. 17:20):
«Սատանան Ադամին այցելեց դրախտում, Քրիստոսին՝ անապատում: Նա գնաց երկու քաղցած մարդկանց մոտ՝ ասելով՝ կե՛ր, որովհետև քո քաղցը ցույց է տալիս, որ ամբողջովին կախված ես կերակուրից, որ քո կյանքը հացով է պայմանավորված: Ադամը հավատաց ու կերավ, բայց Քրիստոս մերժեց այդ փորձությունը՝ ասելով՝ մարդ չպիտի ապրի միայն հացով, այլև Աստծով:
Նա չընդունեց այն տիեզերական խաբեությունը, որին սատանան ենթարկեց աշխարհը»,- ասել է Հայր Ալեքսանդր Շմեմանը: Ապա Հայր Ալեքսանդրը ցավալիորեն փաստում է, որ մարդը դեռևս Ադամ է, դեռևս «կերակրի» ստրուկը:
Մարդը կարող է պնդել, թե հավատում է Աստծուն, բայց Աստված նրա կյանքը, նրա կերակուրը, նրա գոյության բովանդակ իմաստը չէ: Մարդը կարող է պնդել, որ իր կյանքն ստանում է Աստծուց, բայց նա չի ապրում Աստծով և Աստծո համար: Նրա գիտելիքի, փորձառության, ինքնագիտակցության հիմքում նույն սկզբունքն է՝ «միայն հացով»: Մենք ուտում ենք, որ կենդանի լինենք, բայց կենդանի չենք Աստծով: Սա բոլոր մեղքերի մեղքն է:
Սա մեր կյանքին ուղղված մահվան դատավճիռն է:
Ուրեմն ի՞նչ է պահեցողությունը մեզ՝ քրիստոնյաներիս համար, այս հարցին Հայր Ալեքսանդրը պատասխանում է և ասում. «Պահեցողությունը մեր մուտքն ու մասնակցությունն է հենց Քրիստոսի այն փորձառությանը, որով Նա մեզ ազատագրում է հացից, նյութից և աշխարհից ունեցած մեր ամբողջական կախվածությունից: Մեր ազատագրումը լիակատար չէ: Ապրելով անկյալ աշխարհում՝ հին Ադամի աշխարհում, լինելով նրա մասնիկը՝ մենք դեռ կախված ենք հացից: Բայց քանի որ մեր մահը Քրիստոսի մահվան միջոցով դարձել է ճանապարհ դեպի կյանք, ուրեմն մեր ճաշակած կերակուրն ու նրա պահպանած կյանքը կարող են դառնալ կյանք Աստծով և Աստծու համար»:
Կազմեց Կարինե Սուգիկյանը