ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Սոչիում ինձ հորդորում էր հանել Արցախի դրոշը, որպեսզի մեզ չմեղադրեն պրովոկացիայի մեջ. Արտակ Մկրտչյան
Մարտի 1-7-ը Սոչիում տեղի է ունեցել Համաշխարհային երիտասարդական փառատոնը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից մոտ 20 հազար երիտասարդ, այդ թվում՝ Հայաստանից ու Արցախից։
168.am-ի հետ զրույցում Արցախը Սոչիի երիտասարդական փառատոնում ներկայացնող Արտակ Մկրտչյանը մանրամասներ պատմեց փառատոնի ընթացքի, ինչպես նաև Արցախի դրոշի հետ կապված խնդիրների մասին։
«Երբ փառատոնը տեղի ունեցավ 7 տարի առաջ՝ 2017 թվականին, ես մեծ ցանկություն ունեի մասնակցելու, բայց քանի որ ուսանող էի ու ունեի ֆինանսական խնդիրներ, չմասնակցեցի։ Նախորդ տարի, երբ Արցախից նոր էինք բռնի տեղահանվել, իմ էլեկտրոնային փոստին փառատոնի կազմակերպիչներն ուղարկել էին նամակ, որ 2024 թվականի մարտի սկզբին տեղի է ունենալու երիտասարդական մեծ ֆորում, որին կարող եմ մասնակցել։ Այդ ժամանակ ո՛չ ցանկություն, ո՛չ տրամադրություն կար մասնակցելու հայտը լրացնելու համար, հետո ինձ հետ կապ են հաստատում Հայ-ռուսական միությունից՝ ասելով, որ կարող եմ մասնակցել՝ ընդգրկելով նաև արցախցի երիտասարդների։ Փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսից։
Մոտ 70 երիտասարդ էր հայտ ներկայացրել մասնակցելու փառատոնին, սակայն ընտրվել էինք 11-ը՝ քաղաքականությունն այստեղ կրկին իր դերը խաղացել էր։
Ստեղծվել էր հանձնաժողով, տարբեր անհատներ, կազմակերպություններ ներգրավված էին այդ հանձնաժողովում, նաև Արցախից՝ ես։ Աշխատում էի այնպիսի մարդկանց ներգրավել, որպեսզի փառատոնում կարողանանք ներկայացնել Արցախի խոհանոցը, մշակույթը և առհասարակ այն ամենը, ինչը բնորոշ է Արցախին ու հայկականին, այսինքն՝ ցանկանում էինք Հայաստանի տաղավարում ներկայացնել նաև Արցախը»,- նշեց Արտակ Մկրտչյանը։
Նրա փոխանցմամբ՝ կազմակերպչական աշխատանքներն իրականացնում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Փառատոնին մասնակցող երիտասարդները պլանավորել էին նաև փառատոնին ներկայանալ հայկականը խորհրդանշող՝ առանձին հագուստով, սակայն նախարարությունից ասել են, որ հատուկ հագուստ չի լինելու, իսկ թե Արցախի, ու թե Հայաստանի ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը։
«Ես ասացի՝ եթե գնում ենք, Հայաստանն ազգային ի՞նչ է ներկայացնելու այնտեղ, կամ այլ երկրների ներկայացուցիչների հետ պետք է փոխանակվենք նվերներով, արդյո՞ք Հայաստանը չի ուզում դա կազմակերպել, քանի որ արցախցի երիտասարդները չեն կարող գնել դրոշներ, զինանշան կամ Հայաստանը խորհրդանշող որևէ բան՝ գումար չլինելու պատճառով։ Պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ն չի ուզում ու չի անում, և ինչ անելիք կար, մենք մեր ուժերով պետք է անեինք։ Հայաստանը ներկայացնող երիտասարդներից մեծ մասին չէի ճանաչում, չէի կարող իրենց հետ որևէ բան քննարկել։
Դրա համար արցախցի մասնակիցներով որոշեցինք, որ մեր միջոցով ներկայացնենք և՛ Հայաստանը, և՛ Արցախը։ Եթե ՀՀ այսօրվա իշխանությունը փորձում է ամեն ձևով Արցախի հարցը փակ պահել, մենք էլ ուզում ենք օր առաջ վերադառնալ հայկական Արցախ, ուստի մենք մեր հարցերը պետք է բարձրացնենք, հակառակ դեպքում որևէ մեկը չի բարձրացնի։ Դրա համար որոշեցիք Արցախի փոքր դրոշները և Արցախը խորհրդանշող այլ սուվենիրներ, գրքեր տանել մեզ հետ ու տեղում ամեն ինչ կազմակերպել։ Այդպիսով մենք ցանկանում էինք դրանք նվիրել մասնակիցներին ու բացատրել, թե ինչ է կատարվել Արցախում»,- պատմեց մեր զրուցակիցը։
Արտակ Մրկրտչյանի համար ինչ-որ տեղ հասկանալի էր փառատոնին Արցախի դրոշը չներկայացնելը, բայց անհասկանալի էր, թե ինչու Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները չէին համաձայնել, որպեսզի Արցախի «Տատիկ-պապիկի» հուշանվերը լիներ Հայաստանի տաղավարում, արդյո՞ք դա կխանգարեր։
«Ցավոք, այն, ինչը կապված է Արցախի հետ, Հայաստանի պաշտոնական շրջանակները փորձում են փակ պահել, չբարձրաձայնել Արցախի հետ կապված որևէ բան։ Նույնիսկ ես Սոչիում հագել էի շապիկ, կպցրել էի Արցախի դրոշն ու վրայից հագել էի պիջակ, տակից մի փոքր էր երևում Արցախի դրոշը, դրա համար ինձ մոտենում ու ասում էին՝ հանիր դրոշը, չի կարելի, կարող է մեզ մեղադրեն պրովոկացիաների մեջ։ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն այնտեղ էին, բայց ես նրանց առջև չեմ պարզել դրոշը, այլ պարզապես փակցրել եմ իմ շապիկին։ Այնտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ կային, որոնք ընդունում էին, հավատում էին ու մեզ հետ էին, կային նաև մարդիկ, ովքեր իմանում էին այն, ինչը ներկայացնում էր պետությունը։
Այսինքն՝ այսօր Արցախի մասին մենք չենք խոսում, բայց Ադրբեջանը գեղեցիկ գովազդներով ամեն հայկականը հրամցնում է բոլորին ու ներկայացնում՝ որպես ադրբեջանական։ Բայց ես փորձում էի բոլորին պատմել Արցախի մասին, ներկայացնել իրականությունը, նրանք սկսում էին մեզ հավատալ, հարցուփորձ անել Արցախի մասին։ Արցախի փոքր դրոշները, որոնք ինձ հետ տարել էի, երկրորդ օրը սպառվեցին, որովհետև մարդիկ վերցնում էին։ Ինձ մոտ կար նաև Արցախի մեծ դրոշը, որտեղ տարբեր երկրների մասնակիցներ գրառում են կատարել»,- շեշտեց նա։
Ըստ մեր զրուցակցի, փառատոնին մասնակցել են նաև մի քանի չճանաչված երկրներ, որտեղից մասնակիցները բերել էին իրենց դրոշը, որպեսզի ներկայացնեն մյուս երկրների մասնակցներին։
«Փառատոնի երկրորդ օրը ես Արցախի դրոշը կախեցի հյուրանոցի այն սենյակի պատուհանից, որտեղ գիշերում էի։ Այդ հյուրանոցում չկար ո՛չ ադրբեջանցի, ո՛չ թուրք, բայց հայկական պաշտոնական պատվիրակության անդամները կրկին ինձ ասում էին՝ հանիր դրոշը պատուհանից, այն դեպքում, որ շատերն իրենց պատուհաններից կախել էին իրենց երկրների դրոշները։ Հնարավոր խնդիրներից խուսափելու համար, փառատոնի կազմակերպիչներն այնպես էին արել, որ թշնամական երկրների ներկայացուցիչները միևնույն հյուրանոցում չլինեն։ Երրորդ օրը, երբ սոցցանցերում հայտնվեց պատուհանից կախված Արցախի դրոշը, Ադրբեջանի ներկայացուցիչները սկսեցին ինձ հետևել, որտեղ գնում էի, գալիս էին, 10 մետր հեռավորության վրա կանգնում էին։ Բայց դա ինձ որևէ կերպ չխանգարեց»,- ընդգծեց Ա. Մկրտչյանը։
Փառատոնի ընթացքում Արցախի թիմը չի բարձրաձայնել Արցախի վերաբերյալ քաղաքական հարցեր, քանի որ փառատոնում նման ձևաչափ չի եղել։
«Երբ ինձ ասում էին՝ Արցախի հարցը մի շոշափիր, ասում էի՝ լավ, եթե, օրինակ, այստեղ որևէ մեկին հարց եմ տալիս, ներկայանում եմ Արտակ Մկրտչյան, որտեղի՞ց եմ, պետք է ասեմ, չէ՞, Արցախի Հանրապետություն, Մարտունի քաղաք։ Սա պետք է լիներ պրովոկացիա՞, եթե ես այնտեղ եմ ծնվել, ինչո՞ւ պետք է չասեմ այդ մասին։ Կամ՝ լավ, եթե Արցախն առանձին պետություն չէր, ինչո՞ւ Հայաստանում ինձ տվեցիք փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։ Որևէ մեկն այս հարցին չի կարողանում պատասխանել։
Ես ասել եմ՝ քանի դեռ բաբախում է իմ սիրտը, պետք է ծածանվի նաև Արցախի դրոշը։ Օրինակ՝ Արգենտինայի ներկայացուցիչը պայքարում էր Արցախի համար, այն դեպքում, երբ որևէ անգամ չի եղել Արցախում, ուղղակի ես ներկայացրեցի նրան իրականությունը։ Արցախի հարցը չփակելու համար, մենք պետք է կարողանանք մեզ ճիշտ ներկայացնել, գտնել այնպիսի մարդկանց, որոնք իրենց երկրներում ունեն որոշակի դերակատարում, նրանց միջոցով ներկայացնել մեզ»,- եզրափակեց Արտակ Մկրտչյանը։