Պարոն Չալաբյանն ասում է՝ ֆիզիկապես ի վիճակի չեմ, քննիչը` մերժում է, ասում՝ անհապաղ. Ավետիք Չալաբյանը դիմել է Վերաքննիչ դատարան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճիռը:
Հիշեցնենք՝ Երևանի առաջին ատյանի դատարանի վճռով Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվել էր 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։ Ըստ այդ վճռի` նրան արգելվում է մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության՝ փոխել գտնվելու վայրը։ Չալաբյանն այս գործն ու դատավճիռը որակել էր աբսուրդային:
Այս գործով մեկ այլ մեղադրյալի՝ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի նկատմամբ էլ դատախազը պահանջել էր կիրառել տուգանք՝ ամսական եկամտի 15-ապատիկի չափով։
Վերաքննիչ դատարանն այսօր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ սկսեց սույն գործով դատական նիստը:
Մինչև բուն նիստն անդրադարձ կատարվեց Էմմա Սարգսյանի պաշտպանի ներկայացրած դիմում-միջնորդությանը, որով կողմը դատարանից ակնկալում էր, որպեսզի Էմմա Սարգսյանի մասով դատական ակտը մտնի ուժի մեջ, կամ՝ եթե չմտնի էլ ուժի մեջ, ապա հնարավորություն տրվի դեպոզիտ հաշվին մուծել տուգանքը, որպեսզի խափանման միջոցի հարցը լուծվի: Նշենք, որ Էմմա Սարգսյանը չի բողոքարկել դատական ակտը:
Դատարանը որոշեց տվյալ միջնորդության բավարարումը հետաձգել՝ հիմնավորելով, որ խափանման միջոցի պայմանները շարունակում են մնալ, իսկ հարցի քննարկմանը կվերադառնան դեպոզիտ հաշվին գումարը փոխանցելուց հետո:
«Դրա արդյունքում պետությունն առնվազն հնարավոր ռիսկերը նվազեցրած կլինի»,- հավելեց դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կայացրած դատավճռի դեմ բողոքի քննությունը մեկնարկեց: Փաստաբան Արմեն Անդրիկյանը պնդեց, որ հարուցման փուլից մինչև ավարտ գործն իրավաչափ չի քննվել, հետագայում, ըստ նրա, նաև դատարանում չի հաստատվել դրա՝ ոչ իրաչափ և անօրինական լինելը: Նա ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա.
«Եթե մենք ի սկզբանե վերցնում ենք այս ձայնագրության՝ անհայտ աղբյուրից լինելու հանգամանքը, բացի նրանից, որ բխող բոլոր հնարավոր ապացույցները պետք է ճանաչվեին անթույլատրելի, այնուամենայնիվ, գործի հանգամանքում կան մի շարք ապացույցներ, որոնք ինքնին անթույլատրելի ապացույցներ են»:
Փաստաբանը հավելեց՝ նախաքննության ողջ պրոցեսում Ավետիք Չալաբյանը գտնվել է կալանքի տակ, ապա դատաքննության փուլում մի քանի օր ազատության մեջ գտնվելուց հետո՝ առաջին ատյանի դատարանի կողմից կրկին կալանավորվեց, ապա Վերաքննիչ դատարանի ակտով՝ նրա նկատմամբ կիրառվեց խափանման միջոց՝ 15 միլիոն դրամ գրավ:
«Կարծում ենք՝ դատավճիռն անօրինական է,- նշեց Արմեն Անդրիկյանը և պարզաբանեց,- Դատավճռով թույլ է տրվել դատական սխալ՝ միջազգային պայմանագրի կամ նյութական օրենքի խախտում կամ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը կարող է ազդել գործի ելքի վրա։
Առաջին հանգամանքը, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, այս ձայնագրության՝ անհայտ աղբյուրից լինելն է»։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը դատարանին մանրամասնեց, թե ինչպես է տեղի ունեցել Էմմա Սարգսյանի և Ավետիք Չալաբյանի առերեսում քննչական գործողությունը․
«Գիշերը՝ 12-ն անց, գնացել ենք քննիչի զանգով, որպեսզի Չալաբյանն առերես հարցաքննության ենթարկվի Էմմա Սարգսյանի հետ։ Պարոն Չալաբյանն ասում է՝ ֆիզիկապես ի վիճակի չեմ. այսօր առավոտից ինձ հետ քննչական գործողություններ եք արել, տարեք դատարան՝ կալանքի նիստի, մի քանի ժամ սպասեցրել եք:
Ու քանի որ քննիչը տեսավ՝ Էմմա Սարգսյանը ցուցմունք է տալիս, զանգեց դատարան, խնդրեց՝ հետ բերեք մեղադրյալին, առերես հարցաքննություն անենք, որ Էմմա Սարգսյանը պնդի իր ցուցմունքը, վաղը կտանեք կալանքի: Հետ են բերում Չալաբյանին, սպասում է մինչև 12-ը՝ Էմմա Սարգսյանի հետ ավարտում են, ու 12-անց քննիչն ասում է՝ անհապաղ առերես հարցաքննություն:
Պարոն Չալաբյանն ասում է՝ ի վիճակի չեմ, խնդրում եմ, գոնե թողեք այդ անհարմար տեղը մի քանի ժամ քնեմ, որ մասնակցեմ: Բնականաբար, քննիչը մերժում է ու ասում՝ անհապաղ։
Կուլմինացիան այս հարցի. Առաջին ատյանի դատարանի քննության ժամանակ դատարանին ներկայացնում ենք՝ սա անթույլատրելի չէ՞, դատարանը եզրահանգում է, որ անհապաղ է, ասում ենք՝ եթե քննիչն ինքն իր որոշման մեջ անհապաղության պատճառաբանությունը չի գրել, դատարանը ո՞ր փաստական տվյալները վերլուծելով հանգեց եզրահանգման, որ, այո, անհապաղ է…»։
Դատավճռի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց՝ այլ դատական նիստ ունենալու հիմքով. հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 2-ին՝ ժամը 16-ին:
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։ Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։
Մանրամասները՝ տեսանյութում