Բաժիններ՝

Հնդկաստանում կկայանան մոլորակի խոշորագույն ընտրությունները. արտգործնախարար

Հնդկաստանի համընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են ապրիլից մինչև հունիս, կդառնան խոշորագույնն աշխարհում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։

«968 միլիոն գրանցված ընտրողներով, ընտրական հանձնաժողովների 15 միլիոն աշխատակիցներով և 1,2 միլիոն քվեախցիկներով Հնդկաստանի առաջիկա 18-րդ համազգային ​​ընտրությունները խոշորագույն ընտրություններն են, որոնք երբևէ տեսել է այս մոլորակը», – ասել է նա՝ տեսաուղերձով հանդես գալով Սեուլում անցկացվող երրորդ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին»:

Ջայշանքարը հիշեցրել է քվեարկության էլեկտրոնային սարքերի ներդրման մասին, ինչը, նրա խոսքով, «վկայում է Հնդկաստանի հանձնառությունը ժողովրդավարական գործընթացի թափանցիկությանը, արդյունավետությանը և անձեռնմխելիությանը»:

«Դա ոչ միայն համապատասխանում է ժամանակակից ժողովրդավարության սկզբունքներին, այլև ուղի է հարթում դեպի ավելի մեծ քաղաքացիական ակտիվություն, առանձնապես երիտասարդների շրջանում», – ընդգծել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը։

Լոկ Սաբհայի (Խորհրդարանի ստորին պալատի) և Հնդկաստանի նահանգային օրենսդիր ժողովների ընտրությունները կանցկացվեն ապրիլի 19-ից 7 փուլով․ արդյունքները պետք է հրապարակվեն մինչև հունիսի 4-ը։ Անցյալ ընտրությունները կայացել են 2019 թվականին, և դրանք արդեն ճանաչվել են ամենազանգվածայինը մարդկության պատմության մեջ։ Սակայն անցած հինգ տարիների ընթացքում երկրի բնակչությունն աճել է և կազմում է 1,4 միլիարդ, ուստի առաջիկա քվեարկությունը կարող է գերազանցել 2019 թվականի ռեկորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս