ՀՊ-ն՝ 2021թ. զբաղվածության ծրագրում առկա բացերի մասին. գործազրկության կրճատման միտում կա 2017 թվականից, բայց կրճատումն ընթանում է դանդաղ
Հաշվեքննիչ պալատը 2022թ. հունիսի 1-ից մինչև 2024թ. փետրվարի 29-ը հաշվեքննություն է իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, նախարարության Միասնական սոցիալական ծառայությունում՝ ուսումնասիրելով 2021 թվականին զբաղվածության ծրագրի իրականացման գործընթացը:
Այս հաշվեքննությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ 13.5 տոկոսից ավելի գործազրկությունն ունի կոնկրետ պատճառներ:
Ի դեպ, ՀՊ-ն մի քանի գրություններով հայցել է տրամադրել հաշվեքննության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային շտեմարաններին հասանելիություն՝ դիտելու և արտածելու հնարավորությամբ, որը չի տրամադրվել: Սա, սակայն, չի խանգարել հաշվեքննողներին ուսումնասիրությունը շարունակել ու եզրակացնել՝ Հաշվեքննության արդյունքներով պարզ է դարձել, օրինակ՝
Զբաղվածության կարգավորման 2021 թվականի պետական ծրագրի իրականացման գործընթացում առկա են բացեր, մասնավորապես. «աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում» մանդատի շրջանակում հստակեցված չի վերջնարդյունքի չափելի ցուցանիշը և վերջինիս հետ Զբաղվածության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների միջանկյալ ցուցանիշների կապը։
Զբաղվածության ծրագրի բյուջետավորման գործընթացը և արձանագրված արդյունքները չեն հիմնավորվում գործազրկության կրճատման և զբաղվածության աճի թիրախավորված ցուցանիշներով։
Հաշվեքննողը նաև առաջարկություններ է ներկայացրել ԱՍՀՆ-ին և ՄՍԾ-ին. «Մշակել և իրականացնել վերջնարդյունքի չափելի ցուցանիշի սահմանմամբ Զբաղվածության համապարփակ ծրագիր, որում կներառվեն աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությանն ու կառուցվածքային համապատասխանությանը միտված քաղաքականության բոլոր միջոցառումները։
Զբաղվածության ծրագրի շրջանակում միջոցառումներից յուրաքանչյուրի համար հանրայնացնել ծրագրի վերջնարդյունքի վրա ազդեցության կանխատեսումները, դրանց համար օգտագործված ելակետային տվյալները և մեթոդաբանությունը»:
Հաշվեքննության օբյեկտի առարկություններն ու բացատրությունները, թե հաշվեքննության 1-ին հարցի՝ «Զբաղվածության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները նպաստո՞ւմ են արդյոք զբաղվածության աճին և գործազրկության կրճատմանը» պատասխանը հնարավոր չէ գնահատել իրականացված հաշվեքննության արդյունքներով, քանի որ զբաղվածության ծրագրերի իրականացման այդպիսի նպատակ և գնահատման ցուցանիշներ չեն սահմանվել, և, որ զբաղվածության ծրագրերի արդյունավետության գնահատումը պետք է իրականացվի դրված նպատակի տեսանկյունից, հաշվեքննողի կողմից չի ընդունվել:
«Ինչպես հաշվեքննության օբյեկտի կողմից, այնպես էլ հաշվեքննության արդյունքներով արձանագրվել է, որ Զբաղվածության ծրագրում հաշվի առնված չէ և սահմանված չեն գործազուրկներ/բնակչության կազմ հարաբերակցության փոփոխության կանխատեսվող մեծությունը գնահատող ցուցանիշներ։
Վերջինիս և Զբաղվածության ծրագրի սահմանված նպատակներին հասնելու միջև կապի բացակայությունը չի նպաստում ՀՀ կառավարության կողմից սահմանված նպատակների վերջնարդյունքը ապահովելուն։ Հետևաբար՝ համակարգին և արդյունքին միտված խնդրի դիտարկման դեպքում Զբաղվածության ծրագիրը չի կարգավորում առաջարկի և պահանջարկի միջև կապը»,- մասնավորապես նշել է հաշվեքննողը:
ՀՊ-ն արձանագրել է՝ Գործազրկության կրճատման միտում սկսած 2017 թվականից, չնայած դրական դինամիկային, այնուամենայնիվ, գործազրկության կրճատումն ընթանում է դանդաղ տեմպով։
Հաշվեքննողը հղում է կատարել նաև պաշտոնական վիճակագրությանը՝ նշելով. «Զգալի է տարբերությունը աշխատանքի շուկայում առկա առաջարկի և պահանջարկի միջև։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2021թ. տարեվերջի դրությամբ աշխատանք փնտրող 86,396 անձ (որից 58,153 անձ՝ գործազուրկի կարգավիճակ ունեցող) կարող են հավակնել ընդհանուր թվով միայն 2,207 թափուր աշխատատեղերի, որից նույն ժամանակահատվածի ընթացքում համալրվել է միայն 39-ը։
Արձանագրված ցուցանիշները վկայում են, որ առկա է խզում թե՛ աշխատանքի առաջարկի և պահանջարկի, և թե՛ աշխատանքների պահանջարկի և նրանց համալրման միջև»:
Հաշվեքննությամբ պարզվել է, որ աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով Զբաղվածության կարգավորման 2021 թվականի պետական ծրագրով նախատեսվել են մի շարք միջոցառումներ, որոնք, սակայն, ՀՊ գնահատմամբ՝ չեն հիմնավորում գործազրկության կրճատման և զբաղվածության աճի թիրախավորված ցուցանիշի, ինչպես նաև աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հասնելու՝ չափելի արդյունքի վրա ազդեցությունը։