Մարդիկ ընտելացել են սարսափի մեջ ապրելուն ու ոչինչ չանելուն, կարծես անզգայացած լինեն․ Արմինե Գրիգորյան

Երկար ժամանակ է՝ գլոբալ աշխարհն աշխատում է այն ուղղությամբ, որ պինդ, կայուն ազգերին կոտրի, փոխի, փակի, և դա շատ վատ հետևանք է թողնում։ Մի երաժշտական խումբ կար, որը դեռևս 1993-ին երգում էր, թե ինչ են պատրաստվում անել Ուկրաինայի, սլավոնների հետ, խմել նրանց արյունը։ Դա սարսափելի էր։ Դեռևս անգամ 1980-ականներից մարդիկ գլոբալ աշխարհի անունից պարզ բացատրում ու ասում էին այս ամենը և՛ երգի միջոցով, և՛ առհասարակ։ Կան մարդիկ, որոնք կա՛մ չեն ուզում տեսնել դա, կա՛մ չեն տեսնում։ Երևի մեզ ևս պետք էր, որ գար մեկը և ամեն ինչ «տեղը գցեր», բայց ճիշտ հակառակ իմաստով։ Պետք էր պարզել, զտել որոշ բաներ, հիմա էլ զտվում է։ Բայց լավն է գալու, զտված մարդիկ են մնալու մեր շուրջ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը։

«Բոլորիս հայտնի է՝ ինչ են անում, բայց մենք ճար չունենք, մեզ պես սովորական մարդիկ ճար չունեն։ Մենք կարող ենք առավելագույնն այս ամենի մասին խոսել, բարձրաձայնել, ուրիշ ոչինչ։ Արվեստագետներից շատերն էլ չեն խոսում, բայց դժվար է նրանց մեղադրելը։ Ամեն մարդ յուրովի է ապրում և մտածում, չի ուզում խառնվել որևէ բանի։ Բայց թող չասեն՝ չենք ուզում քաղաքականությամբ զբաղվել։ Կարելի է պարզապես սրտացավ լինել երկրի, նրա ամեն ծառի, տերևի և հողի համար։ Մինչև 2018-ը շատերը դեմ էին իշխանությանը, և դա նորմալ է բոլոր երկրներում։ Վիճակը վատ էր, և լավ կյանքից չէր, որ սրան ընտրեցին։ Բայց երբևէ չի եղել, որ քո իշխանությունը թշնամու հետ դեմ լինի քո ժողովրդին։ Եղել է՝ ժողովուրդը դեմ լինի ղեկավարներին, ղեկավարները՝ ժողովրդին, բայց որ մեր ղեկավարները թշնամու հետ դեմ լինեն ժողովրդի՞ն։ Սա իրոք առաջին անգամ է»,- ասաց արվեստագետը։

«Պարտադիր չէ այս ամենը նկատելու և հասկանալու համար քաղաքականության մեջ լինել։ Մենք անճար ենք, մոլորված, սովոր չենք եղել, որ ղեկավարները թշնամու հետ մեր դեմ լինեն։ Դա է պատճառը, որ մենք մոլորվել ենք, չգիտենք՝ ինչ անել։ Ամեն ահավոր, սարսափելի բանի դեպքում նույնիսկ այն մարդիկ, որոնք իբրև թե գիտակից են և կարողանում են ամեն ինչ լավ հասկանալ, իրենք էլ են սկսում սխալ ուղղությամբ մտածել։ Անգամ գիտակից, խելոք մարդիկ են սխալ հասկանում որոշ բաներ, քանի որ նման անսովոր բան է տեղի ունեցել։ Առաջին, Երկրորդ, Երրորդ նախագահների օրոք երբեք նման բան չի եղել։ Դժգոհություններ միշտ եղել են, դա նորմալ է, բայց որ այսպես լինի՝ սարսափեցնող է։ Կադրեր են ցույց տալիս, երբ մեր ղեկավարները Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ ժպտալով խոսում են, ոչ ոք չի նեղվում, բայց երբ Ռուսաստանի ղեկավարներն են մեր թշնամու հետ խոսում՝ իրենց շահերից ելնելով, բոլորն ասում են՝ տեսեք, թուրքերի հետ մոտ են»,- նշեց Գրիգորյանը։

Երգչուհու կարծիքով՝ 2018-ին, երբ սրանք գալիս էին, թվում էր, թե դա ռուսների հետ է համաձայնեցված, բայց այս ընթացքում շատ բան փոխվեց․ «Մենք բոլորս առիթ ունեցել ենք կարդալու և լսելու, որ Ռուսաստանի վերնախավը բաժանված է երկու մասի։ Բացի այդ, մի քանի տարի առաջ մեր ընդդիմությունը քայլելով փորձում էր ինչ-որ բան անել, հետո դադարեցրին, երևի դարձյալ Ռուսաստանից ազդակ կար՝ ժամանակը չի, սպասեք։ Ո՞նց են այս ամենի տակից դուրս գալու, եթե կարիք լինի մարդկանց նորից հավաքելու։ Մարդկանց հավատը կորել է, վերացել, անզգայացրել են, Օվերտոնի պատուհան են բացել։ Մարդիկ արդեն ընտելացել են սարսափի մեջ ապրելուն, բայց ոտքի չկանգնելուն, ոչինչ չանելուն։ 2017-ին մեկը հայերի մասին ասում էր, թե մենք այն ազգը չենք, որ ոտքի կանգնենք։ Հետո, երբ 2018-ին «ոտքի կանգնեցին», պարզվեց, որ նա ճիշտ էր ասում։ Մենք միայն մեր ընտանիքն ենք սիրում, մեր շուրջը, ինչպես անհատական մարզաձևերում»:

«Եթե աշխարհում մարդիկ մտածեին, որ բացի իրենց երեխայից՝ մի այլ տեղ սոված ու անծնող երեխաներ կան, զբաղվեին նրանցով, խղճի խայթ լիներ, աշխարհում այսքան վատ բաներ չէին լինի։ Բայց ամեն մարդ իր երեխայի ու ծնողի մասին է մտածում։ Երբ ուղտը չոքում է հարևանիդ դռանը, ասում ես՝ քեզ չի մոտենա։ Դա նման է մի պատկերի, երբ կենդանի հավերը նայում են գրիլին և մտածում, որ իրենց հետ այդպես չի լինի։ Ուկրաինացիներն ասում են, թե իրենց երկիրն Աստծու պահած է։ Մենք էլ էինք նման բան ասում, ու ավերվում ենք։ Ինչ օրի հասավ Ուկրաինան, որքան մարդ մահացավ։ Վերջում Ռուսաստանի հետ էլի միութենական երկիր են դառնալու, պարզապես այսքան մարդու պետք էր սպանել, գլոբալիստների երազանքն է դա»,- ամփոփեց Արմինե Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս