Վիլեն Գաբրիելյանի համար պարզ չէ՝ Սուրեն Պապիկյանն ինչպե՞ս է ունենալու պրոֆեսիոնալ բանակ. ՊՆ-ին ուղղված մեսիջների հետքերով

Երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայով դռնփակ քննարկում էր նախաձեռնել, որը տապալվել էր, քանի որՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մերժել էր հրավերը՝ ո՛չ ինքն էր մասնակցել, ո՛չ էլ պաշտպանական գերատեսչությունից այլ պաշտոնյայի էր նպատակահարմար գտել ուղարկել:

Սա այն դեպքում, երբ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, և ՀՀ սահմանադրությամբ օրենսդիր մարմինը կոչված է վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ:

Ի դեպ,2022-ի դեկտեմբերի սկզբին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էին բանակում օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, Սուրեն Պապիկյանը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել նաև բանակի խնդիրների վերաբերյալ փակ քննարկումներին:

Սուրեն Պապիկյանն այդ ժամանակ ընդունել էր՝ բանակը զերծ չէ խնդիրներից, այդ թվում՝ արատավոր երևույթներից:

Կարդացեք նաև

«Բանակը հասարակության հայելին է, բաղկացուցիչը, և այն, ինչ բաց հասարակությունում թույլատրելի է, բանակում արգելված է: Պետք է դրանք սահմանափակենք, ընդհուպ՝ արմատախիլ անել: Քայլեր ձեռնարկում ենք, այդ թվում՝ սմարթֆոնների սահմանափակումը միտված է նրան, որ զինվորականը իր գործով զբաղվի՝ իր զորամասի, իր ծառայության շրջանակներում»,- նշել էր Սուրեն Պապիկյանը:

Այսօր էլ Սուրեն Պապիկյանը որոշել է գնալ ԱԺ և հաշվետու լինել ՔՊ պատգամավորներին

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

Ի՞նչ է ստացվում՝ Սուրեն Պապիկյանը, խոսակցական լեզվով ասած՝ սիմպատիաներո՞վ է առաջնորդվում. քաղաքացի Սուրեն Պապիկյանը դա կարող է իրեն թույլ տալ, բայց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարտավոր է հաշվետու լինել բոլորին՝ քաղաքացիներ, ընդդիմություն, լրագրողներ, և ոչթե միայն կուսակիցներին, որոնց շրջանում հնարավոր է լինեն մարդիկ, որոնք ձախողված են համարում Պապիկյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը՝ բանակում համակարգային և անվտանգային լրջագույն խնդիրներ լուծելու առումով, և ինչո՞ւ չէ՝ սիրով կպահանջեին նրա հրաժարականը, եթե նրանց ձեռքերը չկապեր կուսակցական պատկանելությունը, կամ չլինեին ՔՊ-ից:

Ավելին ասենք, ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցումբաց տեքստով արդեն հայտարարել է այդ մասին:

«Եթե ընդդիմադիր լինեի, կպահանջեի պաշտպանության նախարարի հրաժարականը: Բայց ընդդիմադիր չեմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, ուստի աջակցում եմ նրան՝ բանակում առկա խնդիրների լուծմա հարցում»,- շեշտել է Գաբրիելյանը՝ պնդելով ՀՀ զինված ուժերը լրջագույն վերափոխման կարիք ունեն, քանի որ համակարգը չի գործում առկա մարտահրավերներին համահունչ:

«Երբ դու գալիս ես համակարգ և այնտեղ կտրուկ փոփոխություններ չես անում, ըստ երևույթին, ժամանակի ընթացքում ռիսկը շատ մեծ է, որ դու կդառնաս տվյալ համակարգի մասը: Իսկ ՀՀ-ում համակարգերը ստեղծվել են սխալ սկզբունքների և բովանդակության հիման վրա: Հերիք չի, որ սխալ սկզբունքի և բովանդակության վրա ենք ստեղծել, հետագայում քրեաօլիգարխիկ ռեժիմի պատճառով ընդհանրապես խաթարվել է համակարգի բուն նպատակը»,- ասել է Գաբրիելյանը՝ հիշելով նախկիններին:

Ի՞նչ է ստացվում՝ իշխող ՔՊ-ական պատգամավորը՝ Վիլեն Գաբրիելյանը, իր կուսակից ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին մեղադրում է նախկինների «արատավոր» համակարգը չքանդելու համա՞ր, ավելին՝ դրան ինտեգրվելո՞ւ մեջ: Գուցե:

Այստեղ, թերևս, Վիլեն Գաբրիելյանին հարկ է հիշեցնել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ում ինքը եղբայր և ընկեր է համարում, նախկին՝ հին համակարգից է, բայց կալանքի մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարարին կործանեց Նիկոլ Փաշինյանի՝ նոր Հայաստանի համակարգը, իսկ նախկինում այդքան քննադատված համակարգում բանակը կարողանում էր հաղթանակներ գրանցել, կանխել թշնամու առաջխաղացումը, չպարտվել պարտադրված պատերազմական գործողություններում և այլն:

Պարզապես Վիլեն Գաբրիելյանն այդ ժամանակ հրապարակային չէր խոսում Դավիթ Տոնոյանի հետ իր ունեցած ընկերական, եղբայրական հարաբերություններից, և երիտասարդ ակտիվիստի աչքերով էր նայում բանակին: Այո, ժամանակին կային խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնվում էր, իսկ այսօր՝ Փաշինյանի և ՔՊ-ի կառավարման օրոք՝ շատ ավելի շատ խնդիրներ կան, բարձիթողի վիճակ է, այն դեպքում, երբ բանակը կենդանի օրգանիզմ է, որին անընդհատ զարգացում և աճ է պետք:

Ինքը՝Վիլեն Գաբրիելյանը, իր հարցազրույցում, քննադատության հետ մեկտեղ՝ ընդունել է, որ գործող նախարարի օրոք բավականին բան փոխվել է զինված ուժերում, այլ հարց է, ըստ նրա, որքանով են դրանք արդյունավետ ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերների տեսանկյունից:

Բայց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն ակնարկել է նաև, թե իր համար պարզ չէ՝ ինչ տեսակ բանակ է ուզում, այսպես ասած, ստանալ Սուրեն Պապիկյանը:

«Ինձ համար անձնապես դա պարզ չիէս 2 տարվա ընթացքում, առավելապես, որ Պապիկյանը դառել է պաշտպանության նախարար: Մի քանի անգամ ունեցել ենք քննարկումներ, ինձ համար խնդիր է, որ երբ ասում ենք՝ պրոֆեսիոնալ բանակ, բայց դա ի՞նչ է իրենից ենթադրում, երկրորդ՝ մենք այդ պրոֆեսիոնալ բանակին ինչպիսի՞ քայլերով ենք հասնում: Մոդուլային կացարանները, որի մասին խոսում են, լավ է, բայց դա հատվածական փոփոխություն է: Պաշտպանության նախարարը եկել է հանձնաժողով, այնտեղ էլ ենք դիմել իրեն, որ մեզ համար փաստացի պարզ չի բանակի մոդելը, որն ուզում ենք ունենալ, և, որ պարզ չի, թե ինչ քայլերով ենք ուզում հասնել պրոֆեսիոնալ բանակին: Ամբողջ հանձնաժողովի համար դա պարզ չի: Իմ ունեցած տեղեկություններով, այս ընթացքում պաշտպանության նախարարությունն ունեցել է մի տեսլական, որը նախարարը հավանության չի արժանացրել: Ես տեսնում եմ, որ համակարգի ներսում կան խնդիրներ և հակասություններ, և, ըստ երևույթին, հակասությունները մեզ խանգարում են և թույլ չեն տալիս, որ մենք շարժվենք առաջ: Մեկ տարի առաջ նախարարը հայտարարել է, որ պետք է ունենանք այդ հայեցակարգը, մինչև էս պահը չկա»,- ասել է իշխանական պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով իրհամար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:

«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է»,- ասել էր Պապիկյանը:

Թե այդ հայեցակարգում կոնկրետ ի՞նչը չէր գոհացրել Սուրեն Պապիկյանին, և ինքն անձամբ ի՞նչ փոփոխություն էր առաջարկում, և արդյո՞ք ԳՇ-ի հետ քննարկվել էր այդ հայեցակարգը և վերախմբագրման որոշումը, բնականաբար, չի ասվել, թեպետ հայեցակարգի վերաբերյալ տեղեկությունը գաղտնի չէ:

ԱԺ-կառավարություն այդ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ հայեցակարգի առանձին էլեմենտներ նույնիսկ չեն քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում:

Իսկ երեկ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում էլ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին, դրա հետ կապված մի շարք հարցադրումներ է արել, և այդ համատեքստում նշել, որ սպա-զինվոր փոխհարաբերությունները բանակի չլուծված խնդիրներն են, որոնք լուծումներ են պահանջում, դրանց լուծումների պահանջման համար և հասարակությունը, և ԶՈՒ սպայակազմը պետք է այս խնդիրների մեջ լինեն շատ հետևողական։

«Չի բացառվում, որ բանակում էլի լինեն նման օջախներ, որ հրամանը՝ հրաման, բայց դրա կատարումը դրվում է մի կողմ»,- լրացրել է Քոչարյանը՝ նկատելով, որ բանակում որակյալ սպաների խնդիր կա:

Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին բավականին ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ի լուր աշխարհի հայտարարում էր, թե «շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը»

«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված իրավիճակի բերումով, պատերազմական իրավիճակի բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց այդ խնդիրները կան: Եվ դրանց մասին, կարծում եմ, պետք է կամաց-կամաց սկսենք խոսել ու հասկանալ՝ ինչպես ենք դրա դեմ պայքարում: Օրինակ, շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և այլ խախտումներ, զանցանքներ կամ հանցանքներ, որոնք առկա են ինչ-ինչ մակարդակներում: ՊՆ-ն ի՞նչ է անում՝ վիճակախաղերի դեմ բանակում պայքարելու համար, ես կուզենամ իմանալ: Ես գիտեմ, որ որոշակի աշխատանքներ գնում են, բայց պետք է սրա մասին բարձրաձայնել և այս ամբիոնն օգտագործել»,– մանրամասնել էր Հայկ Սարգսյանը:

Ի դեպ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայկ Սարգսյանին դիտողություն էր արել՝ շեշտելով, որբանակում խնդիրներն ունենում են 2 մաս՝ հրապարակային և փակ:

Վերադառնանք բուն թեմային և նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանի մոտ փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը չէր ցանկացել մեկնաբանել այն կոչերը, ըստ որի՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս պետք է հրաժարական տա:

Ըստ նրա՝ խնդիրներ լինում են ցանկացած բանակում, սակայն որտեղ խորքային խնդիրները շատ են, այդտեղ հավանականություն կա լրջագույն հետևանքների:

Նշենք, որ տարբեր հարցազրույցներում Արծրուն Հովհաննիսյանը դրական է գնահատել Սուրեն Պապիկյանի՝ բանակում նախաձեռնած որոշ ծրագրային բարեփոխումներ, և այն, որ պաշտպանության պատմաբան նախարարը հաստատում է իր տեսակետը՝ «ՀՀ ռազմական դպրոցը, որը սովետական մոդելի հիման վրա է, կենսունակ չէ, ինչը ցույց տվեց 44-օրյա պատերազմը»:

Բայց ով գիտի՝ գուցե Արծրուն Հովհաննիսյանը, օրինակ, համամի՞տ է ընդդիմադիր Վիլեն Գաբրիելյանի հետ՝ Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա, պարզապես ինքը զինվորական է, և չի կարող քաղաքական գործընթացների մեջ մտնել:

Մի բան ակնհայտ է՝ կա մի թև ՔՊ-ում, որը, թերևս, անթաքույց ունի ՊՆ իր թեկնածուն, մյուս կեսն էլ այդ պաշտոնում տեսնում է միայնՍուրեն Պապիկյանին: Իսկ վերջնական որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, որը միշտ կայացվում է ըստ սեփական քաղաքական շահերի նպատակահարմարության: Ժամանակը ցույց կտա՝Նիկոլ Փաշինյանը դեռ անվերապահ վստահո՞ւմ է Սուրեն Պապիկյանին, թե՞ այդ վստահությունը ինչ-որ պահի կորել է, ինչպես դա տեղի ունեցավԳՇ նախկին պետ, գեներալ Օնիկ Գասպարյանի նկատմամբ, երբ ԳՇ-ն պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Տեսանյութեր

Լրահոս