Նաև Ձեր շնորհիվ «Freedom House»-ը գրում է՝ «Հայաստանում դատարանները ենթարկվում են քաղաքական ազդեցության». Արմեն Աշոտյանը՝ դատավորին

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստի ժամանակ անդրադարձավ «Freedom House»-ի, ինչպես նաև միջազգային ևս մեկ-երկու կազմակերպությունների՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին տարեկան զեկույցներին, որոնցում  անդրադարձ կար նաև դատական իշխանությանը: Մանավորապես Freedom House»-ի զեկույցի վերաբերյալ Արմեն Աշոտյանը փոխանցեց.

«Այստեղ ցուցիչներից մեկը վերաբերում է դատական համակարգին, ՀՀ-ում այդ ցուցիչը վատթարացել է, որի վրա այս դատական գործն ունի շատ մեծ ազդեցություն։ Հանրային ուշադրության տիրույթում իմ հետ կապված դատավարությունը երևի թոփ դատավարությունների մեջ է, որով փորձագետները ՀՀ-ում կարծիք են կազմում դատական իշխանության մասին։ Որքան վատ ու անարդար եք դուք աշխատում, այնքան Հայաստանի մասին կարծիքը վատն է»,- խոսքն ուղղելով նախագահող դատավորին՝ շեշտեց Արմեն Աշոտյանը։

Մեջբերելով «Freedom House»-ի զեկույցից մեկ հատված, Արմեն Աշոտյանը նշեց, որ այնտեղ գրված է՝ ՀՀ-ում դատարաններն առնչվում են քաղաքական ազդեցության, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով, դատարանները դատախազների կողմից ենթարկվում են ճնշումների։

«Ժամանակին, երբ այս կազմակերպությունը լավ գնահատական էր տալիս, Նիկոլ Փաշինյանը դուրս էր գալիս ու դոշ ծեծում, ասում էր՝ «Freedom House»-ը ինձ 5 է դրել, հիմա իրեն 2 է դնում՝ նաև ձեր շնորհիվ կամ ձեր մասնակցությամբ»,- խոսքը կրկին դատավորին ուղղելով՝ ասաց Արմեն Աշոտյանը։

Կարդացեք նաև

Նա անդրադարձավ նաև կազմակերպության հրապարակած զեկույցի՝ ժողովրդավարության ինդեքսին։

«Սա այնքան կարևոր է, որ դաժե Նիկոլ Փաշինանը ժամանակին գլուխ էր գովում, որ «7 դիրքով ավելացրել ենք մեր դիրքերը, տղա ենք, մեր բիցեպսներն ավելացրել ենք»։ Բայց հիմա պարզվում է՝ չէ, փուչիկ էր, սիլիկոն էր լցրած, ժողովրդավարության այդ «բիցեպսները» սմքել է, այդ թվում՝ այս գործի շնորհիվ։ Հայաստանում արդարադատության խորհրդանիշը դարձել է ոչ թե գեղեցիկ կազմվածքով Ֆեմիդան, այլ տձև կազմվածքով տղամարդը, որի գլխին կեպի է, մի ձեռքին բրդուճ է, մյուս ձեռքին՝ չագուչ։ Հիմա Ֆեմիդայի փոխարեն՝ մենք ունենք բրդուճաչագուչային արդարադատություն, որի մաս եք նաև դուք»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս