Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը

Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվել բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված բանաձևի նախագծում։

Ներկայացվում է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է։

Ըստ նախագծի՝ Եվրախորհրդարանի անդամ պատգամավորներն առաջարկում են դիտարկել հնարավորությունը, որով Հայաստանին կարող է տրամադրվել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, ապա դա կարող է ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար հիմք հանդիսանալ», – ասված է Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ բանաձևում։

Նախագծով ընդգծվում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները հիմնված են այնպիսի ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր է համարում», – ասվում է բանաձևում՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի ուղերձը Եվրախորհրդարանին։

Առաջարկվող բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Լաչինի միջանցքի իննամսյա անօրինական շրջափակումից հետո, անտեսելով 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մեջ ներառված իր պարտավորությունները, համաձայնագիրը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումն՝ Ադրբեջանը սկսել է հարձակում Լեռնային Ղարաբաղի մնացած մասերի վրա, որոնք դեռևս նրա վերահսկողության տակ չէին. մինչդեռ ավելի քան 100․000 հայ ստիպված է եղել լքել տարածքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ զրկվել է իր հայ բնակչությունից, որն այնտեղ ապրել է դարեր շարունակ», – նշվում է նախագծում՝ հավելելով, որ այդ իրադարձությունների արդյունքում։

Եվրախորհրդարանի բանաձևում խոսվում է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքների մասին: «Ադրբեջանի բանակը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ մոտավորապես 170 քառակուսի կիլոմետրը», – հիշեցվում է բանաձևում։

Պատգամավորներն իրենց առաջարկած բանաձևում կոչ են անում Եվրամիության գործադիր մարմիններին, հանձնաժողովին և Խորհրդին ակտիվորեն աջակցել Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման հարցում, որը ներառում է ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց և այլ երկրների միջև հարաբերությունների ոլորտները։

Տեսանյութեր

Լրահոս