Բոլոր գերատեսչություններին դիմել ենք, որդուս անունը չկա ու չկա. 24 տարի ծառայել է, հիմա, որ պայթյունի ժամանակ է զոհվել, զինվորական կյանքի տարիները ջնջվում են, հա՞. Արցախից բռնի տեղահանված
Արցախից բռնի տեղահանված 68-ամյա Անժելա Ասրյանի ընտանիքը 1994 թվականի Արցախի ազատագրական պայքարում տարած հաղթանակից հետո չէր էլ պատկերացնում, որ պատերազմն ավարտված չէ, որ պատերազմը դեռ ընտանիքից պետք է երկու որդիների կյանքը խլի։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում տիկին Անժելան կորցրեց սիրելի որդուն՝ տան կրտսերին, Շուշին ու ընտանիքի այդքան երազած ու կառուցած տունը։ Ադրբեջանի կողմից Շուշիի օկուպացվելուց հետո, Ասրյանների ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ, աստիճանաբար ոտքի էին կանգնում, ու կրկին պատերազմ ու դրան հաջորդած պայթյուն, որը խլեց զինվորական ավագ որդու կյանքը։
168.am-ի հետ զրույցում Անժելա Ասրյանը պատմեց, որ այսօր բնակվում են Երևանի մի վարձով բնակարանում՝ հաշմանդամություն ունեցող ամուսնու, զոհված որդու կնոջ ու նրանց 5 երեխաների հետ։
42-ամյա որդին 24 տարվա զինվորական էր, ծառայել էր ՊԲ-ում: 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմից առաջ էր զորացրվել ու անցել զինվորական թոշակի։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին զոհվել էր բենզինի պայթյունի հետևանքով: Դրանից հետո Հայաստանում իմացել են, որ անհայտ պատճառներով որդու անունը հանվել է զինվորական թոշակառուների ցուցակից, արդյունքում՝ ընտանիքը զրկվել է որդու թոշակից։
«Հասկանո՞ւմ եք, որդիս 24 տարի ծառայել է, բայց այսօր ոչ մի տեղ նրա ծառայությունը չի երևում, ՊՆ-ից մեզ ասում են՝ նրա անունն Արցախի զինկոմիսարիատի ցուցակում չկա։ Բա ո՞ւր է իր անունը, ինչո՞ւ են հանել, ինչո՞ւ։ Բոլոր տեղերում դիմել ենք, որդուս անունը չկա ու չկա։ Կադրերի բաժնից որդուս մարտական ուղին հանել են, որդիս 2023 թվականի մարտից է անցել թոշակի»,- զայրացած պատմում էր տիկին Անժելան։
Ասրյանների ընտանիքը զինվորականների ընտանիք է եղել՝ ազատամարտիկ ամուսինը մասնակցել է 90-ականների պատերազմին, վիրավորվել և այսօր առաջին կարգի հաշմանդամ է, կրտսեր ու ավագ որդիները զինվորականներ են եղել, տիկին Անժելան՝ նույնպես։
«Ավագ որդիս 5 անչափահաս երեխա ունի, հիմա եթե նրանք չեն տալիս որդուս թոշակը, ես իմ հինգ անչափահաս թոռներին ինչպե՞ս պահեմ։ Բոլոր գերատեսչություններին դիմել ենք, որդուս անունը չկա ու չկա։ Լավ, այդքան դժվա՞ր է ճշտեն, որդիս հո մեկ ամի՞ս չէ ծառայել, 24 տարի է ծառայել, մի երիտասարդի կյանքի չափ։ Հիմա, որ որդիս պայթյունի ժամանակ է զոհվել, արդեն իր զինվորական կյանքի 24 տարիները ջնջվում են, հա՞, ինչո՞ւ ինձ տեղեկանք չեն տալիս ՊՆ-ից, որ իմ որդին զինվորական է եղել։ Տպավորություն է, որ որդիս ո՛չ եղել է, ո՛չ ծառայել։ Որպես զինվորական թոշակառու, ինչո՞ւ են որդուս անունը հանել ցուցակից։
Հիմա ընտանիքս իմ ու ամուսնուս թոշակով է ապրում, այդ թոշակն էլ մինչև չհաշվառվեցինք, չտվեցին։ Ամուսինս անգիտակից վիճակում պառկած է, չգիտի էլ, որ մեր երկու որդիները զոհվել են, երբեմն այս առումով երանի եմ տալիս նրան, որ իրականությունը չգիտի։ Մենք վաղը-մյուս օրը չենք լինելու, մեր թոշակն էլ չի լինելու, հարսս այս երեխաներին ինչպե՞ս է պահելու, գոնե տղայիս թոշակը տան, որ իրենց օրվա հացն առնեն»,- ասում է Անժելա Ասրյանը։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո տիկին Անժելան իր բազմանդամ ընտանիքի հետ հաստատվել էր Մասիս քաղաքում՝ մի տան մեջ մի քանի ամիս շարունակ ապրում էին չորս ընտանիքով, հետո տեսնելով, որ այդպես անհնար է, ընտանիքի հետ տեղափոխվեցին Երևան, նպատակ ունենալով նաև որդու զինվորական թոշակի հարցերով զբաղվել, որպեսզի Մասիսից ամեն օր չգար ու գնար։
«Մեր ընտանիքում որևէ մեկն իր անձնագիրը չի փոխել, չենք էլ փոխելու, մեզ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ են տվել, դա վերցրել ենք։ Հիմա ընտանիքում որևէ մեկը չի աշխատում, հարսս հազիվ հինգ երեխաներին է պահում, ինձ՝ որպես թոշակառու, որևէ տեղ չեն ընդունում, ամուսինս էլ այդպես անգիտակից, անկողնային պառկած է։ Հիմա ասեք, որտե՞ղ գնամ լացեմ, որտեղի՞ց ինչ մուրամ, յոլա ենք գնում նրանով, ինչ ունենք, ես պետությունից միայն իմ զինվորական որդու թոշակն եմ պահանջում, հո չե՞մ ասում՝ ինձ հենց այնպես գումար տվեք։
Ես կմնայի Արցախում, եթե բենզինի պայթյունի ժամանակ ավագ որդիս անհետ չկորեր, եթե նա ողջ լիներ, իր ընտանիքի հետ թող գար Հայաստան, ես կմնայի Արցախում, կրտսեր որդուս գերեզմանին պահակ, նա Արցախում է հուղարկավորված։ Եթե անգամ ադրբեջանցին գար իմ տան մեջ ինձ սպաներ, կմնայի, որովհետև անտանելի է գիտակցումը, որ որդուս գերեզմանն Արցախում անտեր է։
Պայթյունից հետո, մինչև հոկտեմբերի 8-ը որդուցս որևէ տեղեկություն չենք ունեցել, գնացել եմ մինչև ռուս խաղաղապահների մոտ, ինձ ասել են՝ «որդուդ Երևանում փնտրիր», այդ խոսքից հետո որոշեցի, որ պետք է գամ Հայաստան։ Հոկտեմբերի 18-ին ԴՆԹ արեցինք, հաստատվեց, որ հայտնաբերված մասունքները որդունս են։ Պայքարեցինք, որ որդիս իրեն արժանի վայրում՝ Եռաբլուրում հուղարկավորվի, բայց չթողեցին, ստիպված տարանք Նուբարաշենում հուղարկավորեցինք»,- ասում է Անժելա Ասրյանը։
Տիկին Անժելայի ցանկությունը մեծ է՝ վերադառնալ Արցախ, սակայն մեկ պայմանով, որ ադրբեջանցիներն ազատեն Արցախը, քանի որ ադրբեջանցիների հետ հնարավոր չէ խաղաղ ապրել։
«Որդիս՝ իր կյանքը, ամուսինս էլ՝ իր առողջությունն է տվել Արցախի համար, ես ինչպե՞ս կարող եմ այդպես հեշտ թողնել Արցախը։ Ես Ստեփանակերտում, որպես զոհված հերոսի մայր, տուն էի ստացել, չէի էլ մտածում դուրս գալու մասին, բայց դա էլ կորցրեցինք, մի տարի հազիվ ապրեցինք։
Ինքս բնիկ Արցախից եմ, այնտեղ եմ ծնվել, դրանով հպարտ եմ, ու վաղն էլ պատրաստ եմ վերադառնալ, եթե այն մոլախոտերից մաքրված լինի, այդ դեպքում չի լինի մի արցախցի, որ չվերադառնա։ Մենք ինկուբատորների ճտեր չենք, մենք ժողովուրդ ենք, ազգ ենք, պատմություն ու նախնիներ ենք ունեցել Արցախում, արմատներ ունենք Արցախում, մեր ժառանգներ էլ այդ հողի համար արյուն են թափել։ Մենք Հայաստանը չենք արհամարհում, սա էլ է մերը, սա Մայր Հայաստանն է, այն բոլորի համար է։ Հիմա ամբողջ աշխարհում սփռված հայեր կան, իրենց հայրենիքը Հայաստանն է։ Հիմա եթե Արցախում ադրբեջանցին է քայլում ու ապրում, դա չի նշանակում, որ դա նրանն է, ու մենք պիտի հաշտվենք դրա հետ, պետք է տեր կանգնենք մեր հողին, այսպես չի լինի»,- եզրափակեց Անժելա Ասրյանը։