
Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից խնկի մնացորդներով խնկաման է հայտնաբերվել

Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերված 56 հնագիտական առարկաններից մեկը խնկի մնացորդներով խնկաման է:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնում են, որ այն թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել է դարերի փոշուց։
Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանված են եղել խնկի մնացորդներ, ինչը նոր հետազոտության առիթ է:
Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ խնկամանը փոշով է ծածկված եղել և լավ է, որ մասնագետներն են աշխատել առարկայի հետ և մաքրելիս 5-րդ դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի։
Դարերի հեռվից մեզ հասած խունկը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կուղարկի հետազոտության՝ պարզելու՝ ինչ խունկ է և ինչից է պատրաստված։