Հանրային հեռարձակողի խորհուրդը կքննարկի Պետրոս Ղազարյանի հարցը

Օրեր առաջ 168.am-ը  գրել էր, որ փետրվարի 28-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հարցազրույցի ժամանակ  Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը լրագրողների հասցեին հնչեցրել էր անթույլատրելի արտահայտություն:

«Գյուղերում կա կյանք, որը հեռու է և՛ այս ամեն ինչից, և՛ լրատվամիջոցներից, որ վազում են պատգամավորների հետ ծտի ձենով… Այ էդ միջավայրից հեռու է…»,- մասնավորապես ասել էր Պետրոս Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին ուղղելով հերթական հարցը:

Իհարկե, արտառոց էր, որ ՄԻՊ-ը որևէ կերպ չարձագանքեց Պետրոս Ղազարյանի այդ գռեհիկ, վիրավորական ու ծաղրական արտահայտությանը, բայց դա իր խնդիրն է նախ և առաջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Առավել հետաքրքիր էր, թե ինչ է պատրաստվում այս իրավիճակում ձեռնարկել Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի հոգածության տակ գտնվող, հարկատուներիս գումարներով պահվող, եթերից բոլորին քննադատող, դասեր տվող Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն իրեն թույլ է տալիս նման արգահատելի վարքագիծ:

Կարդացեք նաև

168.amը գրավոր հարցում էր ուղարկել Խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ ցանկանալով ճշտել նրա դիրքորոշումը Պետրոս Ղազարյանի հնչեցրած ձևակերպման առնչությամբ, և ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ոչ ուղիղ եթերում հնչած այս վիրավորական, ծաղրական ձևակերպման առնչությամբ:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մեզ պատասխանել էր, որ հաշվի առնելով մեր նամակում նշված փաստերը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդն առաջիկայում կքննարկի Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի հնչեցրած արտահայտություններին մասնագիտական գնահատական տալու անհրաժեշտությունը:

Եվ թեպետ Խորհրդից ստացված պատասխանի մեջ ժամկետներ նշված չէին, մենք հետևողական կլինենք ու մեր ընթերցողներին կտեղեկացնենք՝ Արա Շիրինյանի ղեկավարած Խորհուրդը ձևական, «ցրող», ժամանակի վրա խաղացող պատասխա՞ն էր տվել, թե՞ իսկապես կքննարկի իրենց վարկաբեկող քաղաքական մեկնաբանի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս