«Եթե մեկ տարի էլ այս քաղաքականությունը շարունակեն, Հայաստանը խաղողի առումով դառնալու է ոչ ինքնաբավ». Աշոտ Հարությունյան
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի փոխանցմամբ՝ այս պահին Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Նոր Գեղի, Եղվարդ և այլ գյուղերում տոննաներով խնձոր է պահեստավորված, քանի որ մարդիկ չեն կարողանում այն իրացնել։
«Իսկ եթե այդ խնձորին ավելանա ևս 50 տոննա, ի՞նչ են անելու, հարց է առաջանում։ Սա երկու լուրջ հետևանք կարող է ունենալ, առաջին՝ նոր այգետերի եկամուտը մնալու է թղթի վրա՝ սնանկանալու են։ Երկրորդ՝ Երևանի հարակից շրջանների խնձորների այգիները ստիպելու են հատել։
Կամ, որ Թուրքիայի հետ սահման են ուզում բացել, այնտեղից որ էժան լոլիկը մտավ այստեղ, ի՞նչ են անելու ջերմոցների բերքը։ Էջմիածնի տարածաշրջանում խաղողի ու ծիրանի այգիները հատել են, որպեսզի վարունգի ու լոլիկի ջերմոցներ կառուցեն։ Նման բան պատերազմող երկրում չեն կարող անել»,- ասուլիսի ժամանակ ասաց Աշոտ Հարությունյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ պատահական չի ասում՝ ռազմական տնտեսություն, ռազմական գյուղատնտեսություն, քանի որ կիլոգրամով ամեն ինչ պետք է հաշվարկված լինի։ Առաջինը՝ բանակը, ծերանոցները, մանկատները, նոր՝ մնացածը։
«Վատնվող գումարները կարող են հատկացնել ու սառնարան, վերամշակման պետական գործարան կառուցել, որպեսզի մասնավորն իր երկու ոտքը մեկ «մաշիկի» մեջ չդնի, պետությունն ինքը մթերի ու կարգավորի։ Գարուն է, Արարատյան դաշտում եղած աշնանացան ցորենի դաշտերը պետք է պարարտացնեն, տեսե՞լ եք պարարտանյութի գները շուկայում, թիվ չեմ ասում՝ շատ բարձր է։ Մինչդեռ Հայաստանը ՌԴ-ից կարող էր 3-4 հազար դրամով սելիտրա գնել։ Սրանք պետության գործառույթներն են, իսկ պետությունն այս պահին հարուստին հարստացնում է, իսկ մնացածը՝ արդեն տրամաբանությունը պարզ է, թե ինչի մասին է խոսքը»,- հավելեց Աշոտ Հարությունյանը։
Գյուղատնտեսի փոխանցմամբ՝ խաղողի ինքնաբավության մակարդակը՝ պարենային ապահովության տեսակետից, հասել է վտանգավոր սահմանագծի՝ 100,6 տոկոսի։
«Եթե մեկ տարի էլ այս քաղաքականությունը շարունակեն, Հայաստանը խաղողի առումով դառնալու է ոչ ինքնաբավ, իջնելու է։
Խաղողի այգիները քանդում են՝ գնանկման պատճառով։ 2019 թվականից սկսած պետությունը միլիարդավոր դոլարների գումարներ է տվել խաղող մթերող ընկերություններին, միլիարդավոր դոլարներ։ 14 տոկոսը սուբսիդավորել ու դարձրել են զրո։
Մարդիկ կան՝ կովը կոմբայնից չեն տարբերում, այսօր իբր թե քաղաքականություն են մշակում»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։