Հոգևոր իշխանություն. իշխանությո՞ւն, թե՞ ծառայություն
Հոգևոր իշխանությունը նման չէ քաղաքական կամ ֆինանսական իշխանությանը: Ինչո՞վ է այն տարբերվում:
Հոգևոր իշխանությունը քաղաքական կամ այլ տեսակի իշխանություններից տարբերվում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքով. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս, սա սովորեցնելով, բերում է Իր օրինակը` ասելով, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45): Ուրեմն, հոգևոր իշխանությունը կայանում է ծառայության մեջ, և որքան մեծ է իշխանությունը, այնքան մեծ է ծառայելու անհրաժեշտությունը, պատասխանատվությունն ու պարտականությունը` ըստ կրոնական ընկալման:
Առաքյալները, Եկեղեցու Հայրերն այսպես են բացատրել բարձրաստիճան հոգևորականի սպասավորությունը: Սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասել է, որ ինչպես ծովն ալեկոծվում է փոթորիկներով, այդպես էլ եպիսկոպոսի միտքն ալեկոծվում է իր հոտի համար մտահոգություններով: Նա եպիսկոպոսի ծառայությունը կոչել է նաև փոթորիկ մտաց: Այսինքն` որքան բարձր աստիճան ունի հոգևորականը, այնքան նա պարտականություն ունի առավել ծառայելու Աստծուն ու Եկեղեցուն, հավատավոր ժողովրդին: Բայց այստեղ չի կարելի ընդունել, որ հոգևորականը դառնում է հավատացյալի ծառան ֆեոդալական ժամանակաշրջանի տեր և ծառա հասկացությամբ: Հոգևոր ասպարեզում եկեղեցականների ծառայությունն ընկալվում է հայր և որդի հարաբերությունների ձևով:
Մեր մարմնավոր հայրերը, ծնողներն իրենց ծառայությունն են բերել մեզ` փոքր հասակից խնամելով, սպասավորելով, նաև այդ ծառայությունը այլ ձևով շարունակվում է, երբ մեծահասակ ենք դառնում: Եվ ինչպես մեզ ծառայող ծնողների հանդեպ ցուցաբերում ենք հարգանք և ընդունում ենք նրանց հեղինակությունը, այդպես էլ պետք է վարվենք հավատացյալների հոգևոր սպասավորների հանդեպ:
Յուրաքանչյուրը, ով ընտրում է հոգևոր ուղին, պետք է շատ հստակ պատկերացնի իր քայլի կարևորությունը: Շատերն ունեն հնարավորություն` կրթություն ստանալու հոգևոր ուսումնական հաստատությունում: Հաճախ այդ ընտրությունն անում են դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Ո՞ր տարիքն է բարենպաստ նման որոշման համար:
Հոգևոր կրթօջախում կրթություն ստանալու որոշումը դպրոցական ուսումնառության շրջանն ավարտելուց հետո ճիշտ է, որովհետև նույն ժամանակ երիտասարդները նաև ընդունվում են այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ` ընտրելով լուրջ մասնագիտություններ, ինչպես, օրինակ, բժիշկ, դիվանագետ, իրավաբան և այլն: Այսպես նաև որևէ մեկը, հակում ունենալով հոգևոր ծառայության, կարող է դպրոցից հետո ընդունվել հոգևոր կրթական հաստատություն: Սակայն քահանայական ձեռնադրության համար եկեղեցական կանոնագրքով հատուկ տարիք է սահմանված` երեսուն տարեկանը, քանի որ քահանայական ծառայության անցնելը լուրջ որոշում է և պետք է կատարվի լրջորեն խորհելուց հետո, հասուն տարիքում:
Մեր ժամանակներում, նկատի ունենալով հոգևորականների մեծ անհրաժեշտությունը, ձեռնադրության տարիքը մի փոքր իջեցվել է, և քսանվեց-քսանյոթ տարեկանից, այսինքն` երեսուն տարեկանից քիչ ցածր տարիքից սկսյալ արդեն կարող են քահանաներ ձեռնադրվել: Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ավելի փոքր տարիքից նույնիսկ կաթողիկոս են դարձել, ինչպես, օրինակ, Ներսես Շնորհալու եղբայրը` Գրիգոր Պահլավունին, ով Կաթողիկոս ձեռնադրվեց քսան տարեկանում: Այսպիսի դեպքերը բացառություններ են եղել:
Գրիգոր Պահլավունին դաստիարակված էր իր նախորդ երկու կաթողիկոսների կողմից և նրանց վկայությունն ուներ` իբրև կաթողիկոսության լավագույն թեկնածու: Պատմությունը ցույց տվեց, որ Գրիգոր Պահլավունին իր գործունեությամբ և առաքելությամբ մեծապես կարողացավ պայծառացնել Եկեղեցին, և մեր եկեղեցական պատմության մեջ նրա կաթողիկոսության տարիները հիշատակված են կարևոր ազգաշահ ու եկեղեցաշահ ձեռքբերումներով:
Հոգևոր իշխանության հետ տրվում է նաև հոգևոր զորություն և այն գործածելու միջոցներ: Որո՞նք են հոգևորականի հիմնական գերխնդիրները և դրանց լուծման միջոցները, զենքերը:
«Իշխանություն» նշանակում է ինչ-որ մի բան անելու լիազորություն: Եկեղեցական ասպարեզում հոգևոր գործունեություն իրականացնելու այդ լիազորությունը հոգևորականներն ստացել են ուղղակիորեն Քրիստոսից և առաքյալներից հաջորդաբար: Քրիստոս այդ լիազորությունը տվեց առաքյալներին, ովքեր և այն ձեռնադրությամբ փոխանցեցին իրենց հաջորդներին: Ուրեմն, առաքյալների կողմից հիմնադրված Եկեղեցիների սպասավորների նմանատիպ լիազորությունն ստացված է առաքելական հաջորդականությամբ: Առաքելական հաջորդականությունն է նշաններից մեկը վարվերական եկեղեցականի ու դրա բացակայությունը` կեղծ եկեղեցականի, վավերական Եկեղեցու և ինքնակոչ Եկեղեցու: Հոգևորականի հիմնական զենքն աղոթքն է, իհարկե, դրան համարժեք գործերով: Սակայն աղոթքի կարևորությունն էական է: Աստվածաշնչում կարող ենք հիշել Մովսես մարգարեի աղոթական զորությունը. երբ նա, ձեռքերը երկինք բարձրացրած, աղոթում էր, այդ ժամանակ ամաղեկացիների դեմ կռվող իսրայելացիները հաղթում էին, իսկ երբ նա հոգնում և ձեռքերն իջեցնում էր, նրանք սկսում էին պարտվել (Ելք 17.11):
Հոգևորականների առաքելության նպատակը մարդկանց հոգիների փրկությունն է, Տիրոջ Ավետարանի լույսի տարածումը մարդկության մեջ, աշխարհի ու հասարակությունների բարօր ու խաղաղ կյանքը զորացնելը, Աստծո կամքի համաձայն մարդկանց կյանքն ուղղորդելը: Ի՞նչ կարող է արդյոք քրիստոնեությունը տալ արդիականությանը: Այս հարցադրումն արել է 20-րդ դարի ռուս նշանավոր եկեղեցականներից Ալեքսանդր Շմեմանը:
Նրա ճիշտ դիրքորոշումն այն է, որ քրիստոնությունն արդիականությանը ոչինչ չի կարող տալ: Քրիստոնեությունը չի ուղղված փոփոխվող իրողությունների, այլ անփոփոխին` հավիտենականին: Այն, ինչ արդիական է այսօր, վաղը դառնալու է հնացած և պատմություն: Այն, ինչ արդիական էր 18-րդ դարում, այսօր արդեն պատմություն է և անցյալ: Հետևաբար, քրիստոնեությունն ուղղված չէ արդիականությանը, այլ ուղղված է այն իրողությանը, որը գերարդիական է, հավիտենական է:
Արդիականության հետ կապված` կարող ենք հիշել մեր մեծ բանաստեղծներից Պարույր Սևակի խոսքը. «Լինել ապարդի, նշանակում է լինել քայլող դի»: Այս իմաստով Եկեղեցին հեռու չի մնում արդիականությունից, այլ այն օգտագործում է իր առաքելության համար, ինչպես օրինակ` տեխնիկական և տեխնոլոգիական նվաճումները, համացանցը, հեռուստատեսությունն ու ռադիոն` քարոզչության համար: Ուրեմն, Եկեղեցին հոգևորականի միջոցով, աղոթքի ուժով և աստվածահաճո գործերով իր սպասավորությունն է բերում` հավատացյալներին դեպի հավիտենություն առաջնորդելու համար:
Ո՞րն է հոգևոր իշխանության դերն աշխարհիկ պետությունում:
Ինչ բնույթի էլ լինի պետությունը, հոգևոր իշխանության դերը մնում է նույնը: Եթե «հոգևոր իշխանություն» ասելով` նկատի ունենք բարձրաստիճան հոգևորականներին, ապա նրանք քահանայական ծառայությունից զատ լծված են եկեղեցու վարչակազմակերպական գործին, աշխատանք են տանում, որպեսզի իրենց հոգևոր իշխանության ներքո ծառայող քահանաների առաքելությունն ավելի արդյունավետ լինի, կազմակերպված լինի հոգևոր-եկեղեցական կյանքը, արգասավորվի Քրիստոսի կողմից պատվիրված հոգևոր սպասավորությունը` ի շահ հավատացյալների և ի պայծառություն Սուրբ Եկեղեցու:
Հաճախ որոշ հոգևորականներ հավատավոր ընթացքը պատկերացնում են սոսկ որպես կյանքի սրբացում, դրա համար հրահանգում են ապրել` իրագործելու այն նպատակները, որոնք հոգևոր շահ կբերեն` հաճախակի այցելել եկեղեցի, Սուրբ Գիրքն ընթերցել, հաճախ հաղորդություն ստանալ, աղոթել:
Սակայն քրիստոնեության նպատակը միայն կյանքի սրբացումը չէ, այլ Երկնքի արքայության արժանացնելն է մարդկանց: Հետևաբար, քրիստոնեական հավատքը պետք է ոչ թե նպատակ ունենա կյանքի սրբացումը, այլ Երկնքի արքայությունը, այսինքն` այն պետք է մարդու հայացքը կենտրոնացնի ոչ թե ներկային, այլ դրա միջոցով` հավիտենականին և հիմնվի ոչ թե առօրյայի, այլ վախճանաբանության վրա: Կյանքի սրբացումը միջոց է դեպի վախճանաբանություն, որով և` դեպի հավիտենություն ու Երկնքի արքայություն: Հոգևոր իշխանությունը, եթե նկատի ունենք եկեղեցական նվիրապետության բարձր աստիճանը, այս ամենին միտված առաքելության կազմակերպողն է և վերահսկողը, որպեսզի հոգևորականների ծառայությունը զերծ լինի թերություններից, և Եկեղեցին անխաթար շարունակի իր առաքելությունը` հանուն մարդկության փրկության:
Հոգևոր իշխանությունը տարբերվում է ամեն տեսակի իշխանություններից նաև նրանով, որ այն կրողներն իրենց անվանում են սպասավորներ, այսինքն` իշխանությունն օգտագործում են ծառայելու համար: Սակայն մյուս բոլոր իշխանությունների պես հոգևոր իշխանությունը և հոգևորականները երբեմն հանդիպում են հասարակական սուր քննադատության: Ինչո՞ւ:
Հոգևորականների կամ Եկեղեցու հասցեին ուղղված քննադատություններին չի կարելի հասարակական բնույթ վերագրել: Երբ հատկապես եկեղեցական մեծ տոներին մեր եկեղեցիները լի են լինում բազմահազար հավատացյալներով, իսկ Սփյուռքի եկեղեցիներին էլ ներառյալ` միլիոնավոր հավատացյալներով, դա այն հասարակությունը չէ, որ քննադատում է հոգևորականին ու Եկեղեցուն: Դրանք այն մարդիկ են, ովքեր մեծապես հարգում և սիրում են մեր Մայր Եկեղեցին և, կարևորելով հոգևորականների ծառայությունը ազգային մեր կյանքում, համախմբվում են եկեղեցիներում` Աստծուն փառաբանելու և իրենց աղոթքներն Աստծուն ուղղելու:
Քննադատությունները գալիս են ավելի փոքր քանակի մարդկանցից, ովքեր միտում ունեն այդ քննադատությունները տարածել ողջ ժողովրդի վրա կամ դրանք սերմանել ժողովրդի մեջ: Երբ ոմանք չեն կարողանում Եկեղեցին և հոգևորականներին ծառայեցնել իրենց քաղաքական կամ եսասիրական շահերին, ապա սկսում են քննադատել Եկեղեցին և հոգևորականությանը: Նմանատիպ քննադատությունները հիմնականում բամբասանքի ժանրից են և հաճախ ճշմարտության հետ քիչ առնչություն ունեն: Այդպիսի հոդվածներ ընթերցելիս մամուլում կամ համացանցային կայքէջերում` արդեն իսկ գրվածքի սկզբից պարզ է դառնում, որ տվյալ լրագրողը խիստ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում և արդեն իսկ եկել էր հարցազրույցի կամ որևէ եկեղեցական միջոցառման` հոգևորականին կամ Եկեղեցին սևացնելու նախապես մտածված նպատակով:
Հոգևորականներին առնչվող քննադատություններ եղել են նաև հին ժամանակներում և ընդհանրապես այդ քննադատությունները մի քանի տեսակի են: Մեր Կաթողիկոսներից Սուրբ Հովհան Օձնեցին իր շքեղասիրության համար քննադատվել է նույնիսկ օտարներից, արաբ իշխանավորի կողմից նրա հետ հանդիպման ժամանակ: Սակայն Օձնեցին, լսելով քննադատությունը, մի կողմ է դրել իր շքեղությունը և ցույց տվել իր մարմնի վրա հագուստի տակ խարազանազգեստը, որը միշտ կրում է իր մարմնի վրա շքեղ հագուստի տակից: Սրանով նա արժանանում է արաբ իշխանավորի մեծ հարգանքին, և բավարարվում են Հայոց Կաթողիկոսի պահանջները հալածանքների դադարեցման, կրոնական պաշտամունքի ազատության, հարկերի նվազեցման:
Այսօր հոգևորականներին կարող են քննադատել որևէ խոսքի կամ անհաջող արարքի համար: Պետք չէ մարդուն դիտարկել հատվածական արարքի կամ գործողության մեջ. այդ մեկ արարքը կամ վարվեցողությունը չէ, որ ամբողջապես բնութագրում է տվյալ հոգևորականին, նրա ապրած հավատավոր կյանքն ու գործունեությունը: Եթե ամբողջականության մեջ եկեղեցականի գործն ու կյանքը հակառակ են Ավետարանի սկզբունքներին, ապա բոլորը` և՛ հոգևականներ, և՛ աշխարհականներ պետք է պահանջեն այդպիսի մեկի անհապաղ հեռացումը եկեղեցական ծառայությունից: Բայց եթե նրա ողջ կյանքը ծառայություն է Ավետարանին, Աստծուն ու ժողովրդին, ապա նրա կյանքի ու գործի հատվածական դիտարկումը չի կարող լինել նրա անձի ամբողջական բնութագիրը: Եթե հատվածական դիտարկումը վերցնենք իբրև անձի բնութագիր և նրա գործունեությունը որակավորող, ապա այդ դեպքում, ուրեմն, պետք է մերժենք նաև առաքյալներին:
Պետրոս առաքյալը ուրացավ Քրիստոսին այն էլ երեք անգամ (Մատթ. 26.69-75, Մարկ. 14.66-72, Ղուկ. 22.56-62, Հովհ. 18.17, 25-27): Սակայն այս հատվածական տեսակետից ուրացման խոսքերը և Տիրոջից երես թեքելը չէին, որ նրա նկարագիրն էին արտահայտում, որովհետև մենք հետո տեսնում ենք, որ Պետրոս առաքյալը դառնապես լաց եղավ (Մատթ. 26.75) ու զղջաց իր ուրացման համար, այնուհետ իր ողջ կյանքն ընծայեց Տիրոջ Ավետարանի տարածման, Եկեղեցուն, հավատացյալ ժողովրդին ծառայության և նահատակվեց՝ հանուն Քրիստոսի: Կյանքի և գործի կամ խոսքի հատվածական դիտարկումը մարդուն որակելու սկզբունք դիտելու դեպքում պետք է նաև մերժենք բոլոր առաքյալներին և հրաժարվենք Նոր Կտակարանից, քանի որ Նոր Կտակարանի մեծ մասը գրվել է առաքյալների կողմից:
Առաքյալները վախկոտությամբ Քրիստոսին մենակ թողեցին և փախան (Մատթ. 26.56, Մարկ. 14.50, ), սակայն պահի ազդեցության տակ մարդկային թուլությամբ գործված այս արարքը չէր, որ նրանց անձի իսկությունն էր բացահայտում, որովհետև բոլոր առաքյալները մեծագույն նվիրումով և անձնազոհությամբ Քրիստոսի Ավետարանը տարածեցին, եկեղեցիներ հաստատեցին, մարդկության կյանքը վերափոխեցին: Ոչ հատվածական, ամբողջական դիտարկումով տեսնում ենք, որ անգամ երբեմն քննադատվող հոգևոր սպասավորները մեծագույն նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունը` հանուն Աստծո, Եկեղեցու և հարազատ ժողովրդի:
Դժգոհության և քննադատության տեղիք են տալիս նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունները: Քիչ չեն մարդիկ, ովքեր դժգոհ են պետությունից` կապված սոցիալ-տնտեսական վիճակի, արտագաղթի և այլ իրողությունների հետ, և Եկեղեցի-պետություն հարաբերությունները տեսնելիս պետության հետ կապված նրանց դժգոհություններն անուղղակիորեն անցնում են նաև պետության հետ հարաբերություններ պահպանող Եկեղեցուն: Եկեղեցական տեսակետից ճիշտ չէ Եկեղեցի-պետություն հարաբերությունների խզումը, և Եկեղեցու գործունեության մեջ ոչինչ չի արվում Ավետարանի սկզբունքներին հակառակ:
Մեր երկրի կրոնական գաղափարախոսական հիմքը համարվում է քրիստոնեությունը, սակայն հոգևորն ու աշխարհիկը տարանջատված են: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն առաջին հերթին ենթարկվում են Եկեղեցու գլուխ կանգնած Հովվապետին: Ինչքանո՞վ է ինքուրույն հոգևոր իշխանությունը:
Հոգևորականները նախ ենթարկվում են Հովվապետին, որովհետև գտնվում են նրա անմիջական ենթակայության ներքո: Այսպես նաև որևէ կազմակերպության աշխատակիցներն իրենց աշխատանքի մեջ նախ ենթանկվում են անմիջականորեն իրենց տնօրենին: Սակայն պետք է միշտ իմանալ, որ Հովվապետը հոգևոր հայր է բոլորի` եկեղեցական սպասավորների և հավատացյալների համար: Եկեղեցին աստվածահիմն հաստատություն է, բայց իր առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտություն ունի նաև վարչական բաժինների, վարչակազմակերպական գործունեության:
Այդ ընկալումով հոգևորականները ենթարկվում են Եկեղեցու պետին, սակայն այդ ենթակայությունը կայանում է ի հոգևորս և ըստ եկեղեցական կանոնների: Բայց հոգևոր հնազանդությունը չի վերացնում աշխարհիկ հնազանդությունը կամ չի բացառում հնազանդությունն աշխարհիկների հանդեպ: Այսպես հոգևորականը կարող է ենթարկվել, օրինակ, ոստիկանի, քաղաքային իշխանությունների, պետության կառավարության օրինական ցուցումներին, հրահանգներին: Ինչպես հոգին առավել է, քան մարմինը, և հավիտենականը առավել, քան ժամանակավորը, այդպես և հոգևորի հանդեպ հնազանդությունը` առավել է, քան աշխարհական իրողությունների ու իշխանավորների առջև հնազանդությունը: Բայց առաքյալներն ուսուցանեցին հնազանդվել մարդկային ամեն իշխանության, և Քրիստոս ևս ասաց. «Տվե՛ք կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22.21, Մարկ. 12.17, Ղուկ. 20.25):
Հոգևոր իշխանությունը, սակայն, չի ամփոփվում միայն կրոնական ասպարեզում: Ինչպես ասել է բողոքական հեղինակներից մեկը` պահանջել քրիստոնեությունից, որ այն սահմանափակվի միայն կրոնական ոլորտով, նշանակում է պահանջել քրիստոնեությունից, որ այն ինքնասպան լինի: Քանի որ քրիստոնեության սկզբունքները, ուսուցումները, պատվիրանները տարածվում են և՛ հոգևորականների, և՛ աշխարհականների վրա, այդպես և հոգևոր իշխանությունն ի հոգևորս տարածվում է բոլորի վրա:
Որո՞նք են ամենամեծ մոլորությունները՝ կապված հոգևոր իշխանության, հոգևորականների և Եկեղեցու հետ:
Կարող ենք նշել մոլորություններ Եկեղեցու և հոգևորականության հանդեպ, ինչպես և մոլորություններ հոգևորականների կողմից: Եկեղեցու և հոգևորականների հետ առնչված մոլորություններից մեկն այն է, որ հաճախ կարող ենք տեսնել հոգևորականի անձի և Եկեղեցու նույնացնում, ինչը ճիշտ չէ: Հոգևորականին նույնացնում են նաև ճգնավորի հետ, որը ևս սխալ ընկալում է:
Հոգևորականն ու ճգնավորը միմյանցից տարբերվում են իրենց առաքելության և կյանքի ու ծառայության բնույթի մեջ: Ճգնավորը միայնակյացն է, ով մարդկանցից հեռու գնալով` ապրում է հարատև աղոթքների, աստվածպաշտության մեջ: Հոգևորականն իր ծառայությամբ սպասավորում է մարդկանց: Այսպիսի շփոթում կար նաև Քրիստոսի ժամանակ, և Տերն Ինքը խոսեց այդ տարբերությունների մասին` բերելով Իր և Հովհաննես Մկրտչի համեմատությունը:
Հովհաննես Մկրտիչն ապրում էր անապատում ճգնավորի կյանքով, սնվում խիստ չափավոր, միայն մորեխ ու վայրի մեղր էր ուտում, հագնում էր ուղտի մազից պատրաստված զգեստ (Մատթ. 3.1-4, Մարկ. 1.4,6, Ղուկ. 3.2):
Քրիստոս ասաց. «Եկավ Հովհաննես Մկրտիչը, չէր ուտում և չէր խմում. և դուք ասացիք` նրա մեջ դև կա: Եկավ մարդու Որդին. ուտում է և խմում. և դուք ասում եք. «Ահա ուտող և խմող մի մարդ, մաքսավորների և մեղավորների բարեկամ» (Մատթ. 11.18-19, Ղուկ. 7.33-34): Ճգնավորները սովորաբար ունեցվածք չէին ունենում, իսկ հոգևոր ծառայություն իրականացնողները կարող էին նաև ունեցվածք ունենալ:
Հոգևորականի և ճգնավորի բնույթի շփոթում կար դեռևս վաղ քրիստոնեական շրջանում, երբ Եկեղեցու Սուրբ Հայրերից Գրիգոր Նազիանզացին ասում էր, որ մարդիկ սխալմամբ դժգոհում են իր դեմ, քանի որ ունի մի փոքր տուն և հարակից այգի: Ավետարանը նշում է, որ հարուստ կանայք իրենց ունեցվածքից մատակարարում էին Քրիստոսին (Ղուկ. 8.3), առաքյալները Տիրոջ հետ ունեին գանձանակ, որից ողորմություն էին բաժանում աղքատներին (Հովհ. 12.6, 13.29):
Մյուս մոլորությունը` հոգևորականների հետ կապված, հոգևորականի կերպարի չափազանց իդեալականացումն է: Մարդիկ պահանջում են, որ հոգևորականները լինեն հրեշտակների պես մշտարթուն և միշտ անհոգնաբեկ: Բայց հոգևորականը ևս մարդ է ուրիշների պես, կարող է ունենալ մարմնի տկարություն, հիվանդություն, տրամադրության անկում, հոգսերի, մտահոգությունների մեջ լինել, որով և երբեմն հնարավորություն չի ունենում իր ամբողջական ժամանակն ամենայն ընդառաջումով տրամադրել որևէ հավատացյալի:
Երբ չենք շփոթում ճգնավորի և հոգևորականի կերպարները և դիտում ենք եկեղեցականի ծառայությունն առանց հոգևորականի կերպարի չափազանց իդեալականացման, տեսնում ենք, որ ունենք լավ հոգևորականներ, ովքեր ծառայում են` ի փառս Աստծո, հանուն ազգի և Սուրբ Եկեղեցու: Հնարավոր մոլորությունների դրսևորումից խուսափելու համար եկեղեցականներն իրենք պետք է մեծապես զգույշ լինեն, որպեսզի գայթակղության առիթ չդառնան այս կամ այն հավատացյալի համար: Եպիսկոպոսի ձեռնադրության կարգի մեջ հրահանգ է տրվում այնպիսի վարք դրսևորելու, որպեսզի հավատացյալների շրջանում սին բամբասանքների տեղիք չտան:
Հոգևորականները պետք է միշտ պահպանեն հավատացյալների հետ հարաբերությունները հայր և որդի հարաբերությունների օրինակով և ոչ թե բարձրի ու ցածրի, պաշտոնական հանգամանք ունեցողի և հասարակ մարդու հարաբերությունների նմանությամբ, որպեսզի եկեղեցական նվիրապետությունը չվերածվի սովորական չինովնիկության:
Տեր Ադամ քհն. Մակարյան