Սկանդալը նոր թափ է հավաքում. Գերմանիան հետաքննում է «Տաուրուս» հրթիռները Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ սպաների խոսակցությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան հետաքննում է տեղեկատվական «շատ լուրջ արտահոսքը»:

Հիշեցնենք, նախօրեին ռուս լրագրող Մարգարիտա Սիմոնյանը աուդիո ձայնագրություն էր հրապարակել, որտեղ Գերմանիայի ռազմաօդային ուժերի գեներալը և մի քանի սպաներ քննարկում էին «Տաուրուս» հրթիռների կիրառման պարամետրերը, այդ թվում՝ Ղրիմի կամրջի վրա հարձակումների համար։

«Այն, ինչ հաղորդվում է, շատ լուրջ հարց է, և այդ պատճառով այժմ շատ մանրակրկիտ, շատ ինտենսիվ և արագ հետաքննություն է իրականացվում», – այսօր հայտարարել է Օլաֆ Շոլցը։

Ավելի ուշ Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ երկրի ռազմական ղեկավարության գաղտնի նիստը, որի բովանդակության մասին տեղեկություն է հայտնվել սոցիալական ցանցերում, իսկապես գաղտնալսվել է։

Կարդացեք նաև

«Մեր գնահատականներով՝ խորհրդակցությունը գաղտնալսվել է։ Առայժմ մենք չենք կարող հստակ ասել, թե արդյոք փոփոխություններ են կատարվել աուդիո ձայնագրության և սղագրված տարբերակում, որոնք շրջանառվում են սոցիալական ցանցերում», – ասել է նա լրագրողներին: Այս մասին հաղորդել է AFP-ն:

Spiegel-ը և Bild-ը ավելի վաղ գրել էին, որ ձայնագրությունը, հավանաբար, իրական է:

Ի՞նչ է ասվում գաղտնալսման սղագրության մեջ

Ըստ Մարգարիտա Սիմոնյանի՝ խոսքը փետրվարի 19-ին տեղի ունեցած զրույցի մասին է։ Նրա խոսքով՝ դրան մասնակցել են «Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության օպերացիաների և զորավարժությունների բաժնի պետը» և գերմանական բանակի «տիեզերական հրամանատարության օդային օպերատիվ կենտրոնի» աշխատակիցները։

Դատելով Սիմոնյանի հրապարակած ռուսերեն սղագրությունից՝ զրուցակիցներից մեկն ասում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը «մտադիր է ուշադիր ուսումնասիրել Ուկրաինային «Տաուրուս» հրթիռներ մատակարարելու հարցը և ավելացնում. «Ոչ ոք չգիտի, թե ինչու է դաշնային կանցլերը արգելափակում այդ մատակարարումները»:

Շոլցը նախկինում բազմիցս հանդես է եկել Ուկրաինային հեռահար Taurus հրթիռների հնարավոր փոխանցման դեմ՝ ասելով, որ դա կարող է երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Փետրվարի 29-ին նա հայտարարել էր, որ չի ցանկանում Ուկրաինային «Տաուրուս» հրթիռներ մատակարարել, քանի որ դրանց հեռահարությունը թույլ է տալիս խոցել Մոսկվայի թիրախները։ ««Տաուրուս»-ն ունի 500 կմ հեռահարություն, և եթե այն սխալ օգտագործվի, ապա այն կարող է հասնել որոշ թիրախների՝ ինչ-որ տեղ Մոսկվայում»,- ասել էր կանցլերը: Վերջինիս կարծիքով՝ Բեռլինը չի կարողանա վերահսկել, թե ինչ թիրախներ կխոցվեն Taurus հրթիռներով, քանի որ դրանք կարող են զարգացնել մինչև 900 կմ/ժ արագություն և ունեն մինչև 500 կմ հեռահարություն:

Ավելի վաղ նույնիսկ բրիտանական Bloomberg-ն էր գրել, որ Մեծ Բրիտանիան ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ Ուկրաինային Taurus հրթիռները հանձնելու համար, Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչները մասնավոր կերպով Գերմանիային կոչ են անում Ուկրաինային տրամադրել հեռահար Taurus հրթիռներ։

«Բրիտանացի բարձրաստիճան նախարարներն ու պաշտոնյաները բազմիցս հասկացրել են Գերմանիային, որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են Taurus հրթիռներ: Գերմանիան պետք է դադարեցնի արդարացումները»,- գրել էր պարբերականը։

Լրատվամիջոցները գրում են, որ Լոնդոնը Բեռլինին առաջարկել էր գործարք, որով Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ավելի շատ սեփական Storm Shadow հրթիռներ, իսկ Գերմանիան, դրանց դիմաց, իր հեռահար Taurus հրթիռները կտեղափոխի Լոնդոն։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս