Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի դիվանագիտական և ռազմական բացառիկ գործունեությունը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ
Մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում Հայոց եկեղեցին իր ուրույն ու բացառիկ դերն է ունեցել պետականության ու ազգի պահպանման գործում: Եկեղեցու դերակատարումն առավել բարդ ու պատասխանատու է եղել հատկապես այնպիսի ժամանակաշրջանում, երբ չենք ունեցել թագավորություն կամ պետություն:
Հենց եկեղեցին է նմանատիպ դեպքերում իր ձեռքն առել երկրի և ազգի ղեկավարումն ու 1700-ամյա պատմության ընթացքում իր դրոշմը թողել: Այդ ընթացքում վերացել են կայսրություններ ու պետություններ, որոնք փորձել են ոչնչացնել Հայոց պետականությունն ու եկեղեցին, սակայն մինչ օրս նշված երկու գերագույն արժեքները շարունակում են մնալ:
Հայոց եկեղեցու ամենաբարդ էտապներից էր նաև ԽՍՀՄ ժամանակաշրջանը: Այդ էտապը բարդ էր հատկապես սկզբնական շրջանում, երբ եկեղեցու, կրոնի, հոգևորականության դեմ պայքարն անզիջում էր, դաժան: Սակայն Հայոց եկեղեցին այդ ընթացքում ևս կարողացավ իր մեծ գործունեությունը կատարել: Պատմության մեջ բացառիկ է եղել Կաթողիկոս Գևորգ Արքեպիսկոպոս Չորեքչյանի դերը: Նա կաթողիկոս դարձավ պատմական բարդ ժամանակաշրջանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, և աչքի ընկավ բացառիկ գործունեությամբ:
1930-1932 և 1938-1945 թվականներին Էջմիածնում չկար Կաթողիկոս: Դա այն էտապն էր, երբ փորձ էր արվում եկեղեցին հիմնովին ջախջախել:
1945 թվականի հունիսի 16-22-ն Էջմիածնում հրավիրվում է ազգային-եկեղեցական ժողով: Ժողովի ժամանակ որոշում է կայացվում Կաթողիկոս ընտրել Գևորգ Արքեպիսկոպոս Չորեքչյանին: Նախքան Կաթողիկոս ընտրվելը Գևորգ Չորեքչյանը կարևոր գործունեությամբ հանդես եկավ, ինչն օգնեց թե՛ Խորհրդային Միությանը, թե՛ Հայաստանին, և թե՛ Էջմիածնի հետագա ճակատագրին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաբարդ շրջանում Գևորգ Չորեքչյանը նախաձեռնում է դրամահավաք: Դրամահավաքի նպատակն էր՝ ստեղծել տանկային շարասյուներ:
Դրամահավաքն իրականացվում էր սփյուռքահայերի շրջանում: Էջմիածինը տանկային շարասյան համար հանձնեց 800 հազար ռուբլի արժողությամբ թանկարժեք զարդեր, 1000 անգլիական ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև՝ 50 հազար ռուբլի սովետական դրամ:
1943 թվականի մարտին Նյու Յորքում տեղի ունեցավ հայկական գաղութի հավաք, որտեղ էլ ընտրվեց հանգանակության կոմիտե: Այդ գործընթացը ղեկավարում էր Գևորգ Չորեքչյանը: Սակայն ծրագրի իրականացման համար հարկավոր էր թույլտվություն ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինից:
Գևորգ Չորեքչյանը հեռագիր է ուղարկում Ստալինին, որում մասնավորապես նշվում է.
«Աղոթում եմ Ամենաբարձրյալին սովետական զենքի հաղթության համար. այլև կարմիր բանակի ևս առավել զորացրման ու թշնամու վախճանական ջախջախումն արագացնելու նպատակով` Էջմիածինը Սասունցի Դավթի անվամբ տանկային շարասյուն կառուցանելու ֆոնդին նվիրաբերում է թանկարժեք իրեր` ավելի քան ութ հարյուր հազար ռուբլի արժողությամբ, և հազար անգղիական ֆունտ ստերլինգ և հիսուն հազար ռուբլի։ Այլև խնդրում եմ Ձեր տնօրինությունը ՍՍՌՄ պետական բանկում հատուկ հաշիվ բանալու մասին։
Միաժամանակ հատուկ կոնդակով դիմում եմ աշխարհի բոլոր հավատացյալ հայերին, որ իրենց խնայողություններով մասնակցեն Սասունցի Դավթի անվամբ տանկային շարասյան կառուցմանը։ Կատարելապես հավատացած եմ, որ` թե՛ տեղական, և թե՛ արտասահմանյան հայությունը կարձագանքի մեր հովվական կոչին, ինչպես արձագանքեց պատերազմի սկզբին մեր կոնդակին` կազմակերպելով հայ բոլոր գաղութներում կարմիր բանակին և տուժած բնակչության օգնելու կոմիտեներ, որոնք հանգանակեցին և ուղարկեցին ավելի քան 65.000 դոլլար ու ներկայումս շարունակում են իրենց գործունեությունը»: (Տե՛ս՝ «Էջմիածին» պաշտոնական ամսագիր Հայրապետական աթոռոց, 1944 թվական, հունվար, համար առաջին)։
Քաղաքական և ռազմական այդ բարդ ժամանակաշրջանում Ստալինը, բնականաբար, չէր կարող չգնահատել և դրական պատասխան չտալ Չորեքչյանի այս նախաձեռնությանը: Պատասխան նամակով Ստալինը հայտնում է շնորհակալություն, ինչպես նաև ընդգծում հայերի հավատացյալ լինելու մասին փաստը, ինչը, բնականաբար, բացառիկ էր այդ շրջանում.
«Խնդրում եմ` իմ ողջույնը և Կարմիր Բանակի շնորհակալությունը հայտնել հավատացյալ հայերին ու Էջմիածնի կաթողիկոսարանի հոգևորականությանը, որը միջոցներ է մուծել «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյունը կառուցելու համար»: (Տե՛ս՝ նույն տեղում)։
Գևորգ Արքեպիսկոպոս Չորեքչյանի ջանքերով և ղեկավարությամբ ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Հավաքված միջոցներով ընդհանուր առմամբ գնվեց 21 հատ S-34 տանկ: Մասնավորապես փառահեղ ուղի անցավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը: Այն մասնակցեց Մերձբալթյան առաջին ճակատամարտին, Վիտեբսկի և Պոլոցկի ազատագրմանը: 1944 թվականի հուլիսին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով:
Հարկ է նշել, որ Գևորգ Չորեքչյանի այս ազգանվեր քայլը վճռորոշ դեր խաղաց թե՛ ռազմաճակատում, թե՛ Հայոց եկեղեցու և ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում: Քանի որ պատերազմի ավարտից հետո Չորեքչյանը նամակ է ուղարկում Ստալինին, որտեղ հիմնավորում է Էջմիածնում Կաթողիկոսի աթոռի վերականգնումը: Կարճ ժամանակ անց Գևորգ Արքեպիսկոպոս Չորեքչյանն ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս: Հայ հոգևորականը կարողանում է իր դիվանագիտական, կազմակերպչական և ազգանվեր գործունեությամբ ո՛չ միայն օգնել մարտի դաշտում, այլև Ստալինի նման ղեկավարին համոզել վերականգնել Հայոց Կաթողիկոսի աթոռը:
Զ. Շուշեցի